ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԸՄԲՌՆՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
Աղբյուր (էջեր 85-106)
Բանալի բառեր – ղարաբաղյան հակամարտություն, հակամարտության քաղաքականացում, հակամարտության կերպար, բանալի բառերը հակամարտության կերպարում, բիշքեկյան համաձայնագիր, փախստականները ղարաբաղյան հակամարտության համատեքստում, կարծրատիպերը որպես հակամարտության համարժեք ըմբռնման խոչընդոտներ
ՄՈՒՏՔ
1988 թ. ամռանը, երբ Ստեփանակերտում և Երևանում «Միացում» կարգախոսով թափ էին առել զանգվածային ցույցերը, մի խումբ մտավորականներ նախաձեռնեցին հայաստանաբնակ արցախցիների «Արցախ» հայրենակցական բարեգործական միության հիմնումը: Կազմակերպության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ 1988 թ. նոյեմբերի 4-ին, որին ներկայացվեց «Արցախ» հայրենակցական-բարեգործական միության Կանոնադրությունը: Որոշվեց համայնքներում վերջինիս քննարկումներից հետո այն հաստատման ներկայացնել հայրենակցական միության երկրորդ համագումարին, որը տեղի ունեցավ 1989 թ. ապրիլի 14-15-ին թիվ 135 դպրոցում: Համագումարն ինձ ընտրեց միության նախագահ, իսկ Իլյա Միքայելյանին՝ քարտուղար:
Աշխատանքի երկու-երեք տարիների ընթացքում «Արցախ» հայրենակցականը դարձավ հանրապետության ամենագործուն կազմակերպություններից մեկը[1]: Այն իրականացնում էր մեծածավալ ու բազմաբնույթ աշխատանքների մի ծրագիր` բարեգործությունից մինչև քարոզչություն, տնտեսական ձեռնարկումներից մինչև ինքնապաշտպանական խմբերի ձևավորում ու զենքի հայթայթում: 1990 թ. հայրենակցականը դիմեց իշխանություններին` Արցախի հարցերով հատուկ մի կառույցի ստեղծման պահանջով և իր գործառույթների մի մասը նրան փոխանցելու առաջարկությամբ, քանի որ այն, ինչ անում էր հայրենակցականը, իրականում պետական նշանակության և պետական համակարգման ենթակա գործ էր: Այդպես ստեղծվեց Արցախի հարցերով զբաղվող Հատուկ ծրագրերի պետական վարչությունը, որը տեղավորվեց հայրենակցականի զբաղեցրած` Մոսկովյան 14 հասցեում գտնվող նախկին Պետական վերահսկողության կոմիտեի շենքում: Ժողովրդի մոտ այն հայտնի դարձավ «Արցախ կոմիտե» անվամբ: Հայրենակցականի աշխատանքները գլխավորելու տարիներին քաղաքական բնույթի մի շարք կարևոր բացահայտումներ են արվել, որոնց և նվիրված է սույն հոդվածը:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆԻ ՀԻՄՔՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
«Արցախ» հայրենակցականը իր գործը սկսեց բարեգործական նախագծերից: Սակայն շուտով պարզ դարձավ, որ դա պայքարի միակ ճակատը չէ: Մոսկվան մեկը մյուսի ետևից անակնկալներ էր մատուցում, որոնք չէին բխում ԽՍՀՄ պաշտոնական գաղափարախոսությունից: Ցավոք պարզ դարձավ, որ մեր հասարակագետները, «որոնց ձեռքերում» հայտնվել էր հիմնախնդիրը (քաղաքագետներ, բնական է, չկային), չունեին ծագած հարցերի մեծ մասի պատասխանները, երբ ակնհայտ էր, որ Շարժումն առանց Մոսկվայի և Արևմուտքի դիրքորոշումների ու նպատակների իմացության չէր կարող ունենալ իր առջև դրված խնդիրներին հասնելու ուղիների մասին հստակ պատկերացումներ:
Հայրենակցականի գործելակերպի շուրջ անընդհատ տեղի էին ունենում բուռն բանավեճեր, նրա հիմքի վրա քաղաքական կուսակցություն հիմնելու կամ այն ուղղակիորեն կուսակցության փոխակերպելու հարցի շուրջ: 1991 թ. փետրվարի 7-ին պոլիտեխնիկական ինստիտուտի մեծ դահլիճում տեղի ունեցած քննարկումը խնդրի շուրջ ծավալված բանավեճերի հանգրվաններից մեկն էր: Ինքս համոզված էի, որ «Արցախը» բարեգործականի իր ձևաչափում դեռևս շատ անելիքներ ունի, որոնցից առաջինը համայնքային կյանքի կորցրած ավանդույթների վերագտնումը կամ նույնիսկ ստեղծումը պետք է լիներ: Հայրենակցությունը կուսակցության վերակազմավորելու դեմ գլխավոր փաստարկներից մեկն այն էր, որ կուսակցությունը չի կարող կազմավորվել տարածքային կամ համայնքային սկզբունքով: Չի կարելի ստեղծել սյունեցիների, ապարանցիների, արցախցիների կամ շիրակցիների կուսակցություն և լծվել երկրում քաղաքական իշխանությունը վերցնելու գործին: Դա ազգի քաղաքական պառակտմանը, նրա մի հատվածը մյուսին հակադրելուն տանող ուղիղ ճանապարհն է: Հայրենակցության հիմքով կուսակցություն ստեղծելը բացահայտ դրսևորումն էր այն բանի, որ դրան դիմողները չունեն կուսակցություն հիմնելու քաղաքական գաղափարախոսություն: Ակնհայտ էր, որ նման ձևով ստեղծված կուսակցությունները շատ արագ վերածվում էին սոսկ ազգակցական-թայփայական խմբավորումների, որոնք այլասերում էին երկրի քաղաքական կյանքը:
Այսպես թե այնպես, «Արցախ» հայրենակցականի գործադիր մարմնի մեծամասնությունը և ակտիվիստները ընդունեցին այդ տեսակետը, և բարեգործական առաքելություն իրագործող կազմակերպությունը զերծ մնաց քաղաքական կյանքին ուղղակիորեն մասնակցելուց: Հայրենակցականի անդամները ազատ էին ըստ իրենց հայացքների ու նախասիրությունների մտնել այս կամ այն կուսակցության շարքերը կամ նախաձեռնել մեկ այլ կուսակցություն հիմնելու գործը, որի դռները բաց կլինեն Հայաստանի ցանկացած քաղաքացու համար: Հայրենակցական միությունների՝ «կուսակցական ձևաչափով» քաղաքական կյանք մտնելու արատավոր փորձերը շարունակվեցին նաև հետագայում: Մեր օրերում էլ հաղթահարված չէ «տեղային հայրենասիրության» հիմքի վրա, բայց իրականում բարձր գաղափարաբանության հետ ոչ մի առնչություն չունեցող կուսակցություններ կազմավորելու գայթակղությունը, որոնք սովորաբար ասպարեզ են մտնում սոսկ իշխանության հասնելու մղումով՝ կտրված պետության ու ազգի կենսական խնդիրներից:
1991 թ. հունիսին հայրենակցականի չորրորդ համագումարում իմ անունը ինքնաբացարկով հանել եմ հախագահի թեկնածուների ցուցակից: Ավելի կարևոր էր թվում հիմնախնդրի իրավաքաղաքական հարցերի ուսումնասիրությունը: Պետք էր գրադարան գնալ:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Խնդրին վերաբերող նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությունը շուտով բացահայտեց ցավալի փաստ: Մենք անպատրաստ ենք մտել Ղարաբղյան շարժման հորձանուտը: Հրապարակի վրա չկային հիմնախնդրի իրավական (էլ չենք ասում` քաղաքական) հիմքերի մասին հետազոտություններ, որոնք կարող էին մեզ տալ իրատեսական պատկերացումներ մեր պայքարի մարտավարության, մեթոդների ու հեռանկարների մասին, ընտրել անսխալ կարգախոսներ ու բանաձևեր: Մեղադրել որևէ մեկին իմաստ չուներ: Մեր ազգային քաղաքական գիտակցության ախտահարվածությունը երկար պատմություն ունի և խորը վերլուծության կարոտ նյութ է մնում: Անհասկանալի է, օրինակ, թե ինչպես կարելի է երկիրն ու թագուհուն թողնել անտեր ու գնալ Տիզբոն՝ սպարապետին իր հետ վերցնելով, ինչպես դա արել է Արշակ Բ թագավորը: Լիսաբոնյան գագաթաժողովում մենակ մնալուց և վետոյով գագաթաժողովի առաջարկը մերժելուց հետո, անդրադառնալով մեր դիվանագիտության խնդիրներին, ես հպանցիկ ակնարկով անդրադարձել եմ հարցին «Տիզբոնից մինչև Լիզբոն» հոդվածում[2]: Զարմանալի էր, որ մեր իրավաբանները (միջազգայնագետներ չունեինք) և քաղաքական գործիչները չէին նկատում (և հետևաբար լռության էին մատնում) հայանպաստ բազմաթիվ փաստեր ու իրողություններ և անհասկանալի մի համառությամբ անտեսում էին դրանք[3]: Հնարավոր բացատրություններից մեկն այն էր, որ մենք դարեր շարունակ չենք ունեցել ազգային այնպիսի պետություն, որն ունենար միջպետական հարաբերությունների հարուստ փորձ, դիվանագիտական կայացած ծառայություններ: Նորանկախ Հայաստանի Հանրապետությունը նույնպես չուներ (կամ` դեռևս չէր հասցրել ունենալ) նման հաստատություններ: Այս բացատրությունը սակայն ընդհարվում էր մեկ այլ իրողության: Մենք չէինք նկատում ակնհայտ բաներ, որոնք նույնիսկ հատուկ պատրաստականություն չէին պահանջում: Առաջնորդվելով անմեղության կանխավարկածով՝ կարելի էր ենթադրել, թե այն, ինչ տեսանելի է «անփորձ հայացքով» խնդրին նայող մարդուն, տեսանելի չէ «մասնագիտական նախապաշարումներով» ծանրաբեռ մեր իրավաբաններին ու դիվանագետներին: Չէ՞ որ հայտնի հեքիաթի երեխան էր բղավել, թե թագավորը մերկ է: Բայց այս վարկածն էլ ակնհայտորեն չէր սպառում հնարավոր բացատրությունների դաշտը: Կար այլ մի հնարավոր բացատրություն՝ բոլորն էլ լավ գիտեն այդ փաստարկների տեղը, սակայն աննպատակահարմար են նկատում դրանց բարձրաձայնելը կամ դրանց դիմելը, քանի որ վարում ենք այնպիսի նուրբ դիվանագիտական խաղ, որ խնդրին նոր ծանոթացող փիլիսոփայի խելքի բանը չի կարող լինել, էլ ուր մնաց` խնդրով չզբաղվող շարքային քաղաքացիների: Բայց գերնուրբ քաղաքականություն վարելու մասին վերջին ենթադրությունը հերքվում էր հակամարտության կերպարն ի վնաս մեզ շարունակաբար կերպափոխելու փաստերով: Ամենից արտառոցն այն էր, որ մենք ստանձնել էինք մեր իսկ հողերի զավթիչի դերը: Խնդրով զբաղվող փորձագետների հետ շփումները, մասնակցությունը տարբեր ձևաչափերով ընթացող խնդրի քննարկումներին հաստատում էին բացահայտ, բայց չգիտակցվող իրողությունը՝ մենք չենք տիրապետում խնդրին: Տիրապետել խնդրին նշանակում է, որ արտաքին քաղաքականություն վարող պետական այրերն ու հաստատությունները պետք է հենվեն հիմնախնդրի քաղաքագիտական, իրավական, դիվանագիտական, պատմական տեսանկյունների խորը իմացության վրա: Դա նաև նշանակում է, որ նրանք ոչ միայն պետք է իմանան բոլոր փաստերի ու փաստաթղթերի «տեղն» ու հնարավոր մեկնաբանությունները, այլև կարողանան տեսնել, թե ինչպես են դրանց հետ «ազատ խաղում» մեր ընդդիմախոսներն ու միջնորդները: Սակայն այստեղ վերապահման կարիք կա: Ոչ մի երկրի և ոչ մի նախագահ կամ Արտաքին գործերի նախարար չի կարող տիրապետել (մանավանդ տեղեկատվական հեղեղների մեր ժամանակներում) երկրի համար կենսականորեն կարևոր հիմնախնդիրներին վերաբերող վերլուծական ամբողջ գրականությանը: Կայացած պետություններում երկրի նախագահները փոխվում են, իսկ վերլուծական այդ ծառայությունների աշխատակիցները՝ սովորաբար ոչ: XX դարի վերջերից ԱՄՆ քանի՞ նախագահ է նախընտրական շրջանում խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ նախագահ դառնալուց հետո` դրժել խոստումը: Շատերը: Բացատրությունը կարծում եմ մեկն է: Նրա՛նք չեն որոշում այդ հարցը: ԱՄՆ արտաքին քաղաքականության գիտական-տեղեկատվական ապահովման ծառայությունները նրանց տրամադրել են քաղաքա կան վերլուծություններ, որոնցում հիմնավորվել է Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական աննպատակահարմարությունը[4]: Աշխարհի վերլուծական կենտրոնների շուրջ մեկ երրորդը գտնվում է ԱՄՆ-ում: Այնտեղ հետազոտական ինստիտուտների, վերլուծական կենտրոնների մի ամբողջ ցանց է սպասարկում նախագահին ու երկրի պետական զանազան գերատեսչություններին՝ ապահովելու համար երկրի ընթացքը ընտրված ուղեգծով: Նույնն է բոլոր կայացած պետություններում: Այդ ծառայությունների լինել կամ չլինելը քաղաքական հասուն մշակույթի հայտանիշ է: Նորանկախ Հայաստանը նման մշակույթ չէր կարող ժառանգել Խորհրդային Հայաստանից[5]: Այն ձևավորել էր պետք: Անկախությունը ձեռք բերելուց հետո մեր առաջին գործը պետք է լիներ հենց Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող վերլուծական գոնե երկու խմբի ստեղծումը, որոնք այլընտրական տեսանկյուններից հարցը պիտի լուսաբանեին և առաջարկություններ ներկայացնեին իշխանություններին: Միջոցներ կային: Դրա կարևորության գիտակցումն էր պետք, որ չկար: Հիմնարկներում, ընկերական հանդիպումներում և հյուրասիրությունների սեղանների շուրջ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հասցեին հոլովվող այն չարախոսությունների ետևում, թե այնտեղ առավելապես կարճափեշ ու անգլախոս աղջիկներ են պետք, այնուամենայնիվ, կար մի իրողություն, որն անհնար էր թաքցնել: Եվ դա այն էր, որ գիտական, վերլուծական միտքը պետական շրջանականերում, որտեղ դա առաջին հերթին էր պետք, չէր գնահատվում: Ի վերջո 1997 թ. իր պաշտոնաթողությունից մի քանի ամիս առաջ այդ իրողությունը հաստատեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Լրջանալու պահը» հոդվածում, փաստելով, որ «Ղարաբաղում և Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը վեց հոգի` Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը, Ա. Արզումանյանը, Վ. Օսկանյանը, Ժ. Լիպարիտյանը և ես»[6]: Տխուր իրողություն: Պարզվեց, որ թվարկվածներից բացի՝այլ փորձագետներ չկան: Բայց դրանք հենց այն պաշտոնատարներն էին, որոնց վերլուծական և փորձագիտական ծառայությունները պետք է խորհրդատվություններ տրամադրեին: Այդ հրապարակումից հետո Ստեփանակերտի պետհամալսարանում արցախյան հիմնախնդրին նվիրված գիտաժողովում առաջարկվեց, որ այդ վեց հոգին երբեք նույն ինքնաթիռով, գնացքով կամ մեքենայով միասին որևէ ուղևորության չմեկնեն: Հանկարծ եթե մի վթար լինի, ազգը կզրկվեր իր բոլոր փորձագետներից: Տխուր հումոր:
Շուտով, սակայն, իրադարձությունները պարզեցին, որ նախագահի թվարկած մարդիկ տարբեր կերպ են հասկանում Ղարաբաղյան հիմնախնդիրը և նրա կարգավորման գործընթացը: Այդ տարբերությունները այնքան խորն էին, որ նախագահը ստիպված էր հրաժարական տալ: Հարցին պատրաստվում էի անդրադառնալ «Պարտության տեխնոլոգիան: Ընդդիմախոսական նամակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին» հոդվածով:
Սակայն նրա հրաժարականը կանխեց այդ հոդվածի տպագրությունը: Արդեն պաշտոնաթող ղեկավարի հետ բանավիճելն ու նրան հակադրվելը ժամանակավրեպ կդիտվեին: ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Թվում էր՝ իրավիճակը պետք է փոխվեր: Ժիրայր Լիպարիտյանը լքել էր Հայաստանը դեռևս մինչև Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Շուտով փորձագետների շարքերը լքեց նաև Ա. Արզումանյանը: Սակայն շրջադարձ դեպի գիտական միտքը արտաքին (և ոչ միայն արտաքին) քաղաքականության ճակատում տեղի չունեցավ: Ես հոդվածը այնուամենայնիվ հրատարակեցի` այս անգամ արդեն այլ վերնագրով` «Պարտության տեխնոլոգիան: Ընդդիմախոսական նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին հասցեագրված նախագահ Ռոբերտ Քոչարյանին»[7]:
Կարևոր է նկատել, որ ոչ միայն այդ, այլև մինչ այդ ղարաբաղյան թեմայով գրած իմ (ենթադրում եմ՝ նաև ուրիշների) հոդվածները ըստ էության մնում էին անարձագանք ու փաստորեն անհետևանք: Հեռուստաելույթներ, հոդվածներ, գրքեր, տարբեր գիտաժողովներում ունեցած զեկուցումներ, մասնակցություն զանազան հարթակներում տեղի ունեցող բանավեճերին… Միևնույնն է, զգում էի, որ գաղափարները չեն ընկալվում: Սկսեցի հոդվածների շարք գրել «Բառը, որով աշխարհին ներկայացնում ենք մեր խնդիրը» վերնագրով: Դրանք նվիրված էին այն բանալի հասկացություններին[8], որոնցով մենք աշխարհին ներկայացնում էինք մեր տեսակետները հակամարտության բնույթի, առարկայի, պատմության և հանգուցալուծման մասին (ի դեպ, հետագայում դրանց հիման վրա 2005 թ. հրատարակվեց գիրք[9]: Սայլը, ինչպես ինձ էր թվում, տեղից չէր շարժվում:
1999 թ. սեպտեմբերին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի նախօրեին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների` համաժողովում արծարծվելիք հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար: Արտահայտվեցի նաև ես և արդեն որերորդ անգամ բարձրացրի հատուկ վերլուծական ծառայության ստեղծման հարցը: Նախագահը փորձեց ցրել իմ մտահոգությունները՝ ասելով, որ իշխանությունները հետևում են իմ ելույթներին ու հրապարակումներին, և որ ես նկատած պետք է լինեմ, որ որոշ գաղափարներ ու բառեր արդեն իսկ դրված են «պաշտոնական շրջանառության» մեջ: Ինչ-որ բան, իհարկե, նկատելի էր: Բայց այն, ինչ նկատվում էր, որևէ ամբողջական հայեցակարգ չէր ներկայացնում: Այսպես թե այնպես, շուտով շրջանառության մեջ դրվեց «Լեռնային Ղարաբաղը երբևիցե մաս չի կազմել անկախ Ադրբեջանական Հանրապետության» դրույթը, որը հիշեցնում էր արդեն բազմիցս հնչեցված «1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է Ադրբեջանական Հանրապետության չպատկանող տարածքներում և այսօր էլ վերահսկում է նման տարածքներ» բանաձևը: Վերլուծական ծառայությունների հարցը մամուլում ու հանրային քննարկումներում շոշափվել է պարբերաբար: Նման ծառայություն վերջապես ստեղծվել է 2004 թ.: Դա այսպես կոչված Քաղաքական հետազոտությունների ինստիտուտն (ՔՀԻ) էր: Դժվարանում եմ ասել, թե քաղաքական ինչ վերլուծականներ էր տրամադրում այդ հաստատությունը պաշտոնատար այն մարդկանց, ովքեր տարբեր հարթակներում ներկայացնում էին մեր պետական դիրքորոշումը Արցախի հարցում: Դրանք կարող էին և չհրապակվել: Չեմ կարող նաև ասել՝ նման վերլուծականներ ընհանրանրապես տրամադրվել են, թե ոչ: Վերջապես չեմ կարող ասել, թե այդ ինտիտուտից պահանջվու՞մ էր արդյոք նման ծառայություն: Բայց կարելի է նրա գործունեության մասին դատել հրապարակված գործերով: ՔՀԻ-ն 2009 թ. հրատարակել է «Ղարաբաղյան հակամարտություն. 15 հարց ու պատասխան «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» 15 տարիներն անց» (Երևան, 2009 2009) հայերեն-ռուսերեն երկլեզու գրքույքը, որով հանրությանն էր ներկայացվում, թե ՔՀԻ-ն Ղարաբաղյան հիմնախնրի շուրջ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուներին ինչ բանաձևեր է առաջարկում: Տեքստում վրիպակների առատությունն ու լեզվաոճական բազմաթիվ անհարթություն ները (նույնիսկ վերնագրում չի հաջողվել խուսափել դրանից) ցավոք ցույց են տալիս այն լրջության բացակայության մասին, որ պահանջում էր արծարծվող թեման: Նախաբանում ընդունելով, «որ նման հակամարտություն փոխադարձ ընդունելի քաղաքական լուծում չունի ոչ հակամար տության անմիջական կողմերի, ոչ էլ արտաքին հիմնական դերակատարների համար», ՔՀԻ-ն «Ինչու՞ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը» հարցին ի պատասխան արձանագրում է, որ «Հայաստանի համար ԼՂՀ-ն փաստացի անկախ պետություն է, պետություն դե-ֆակտո անկախությամբ, որի լիարժեք դրսևորմամբ անկախությունը /դե-ֆակտո և դե-յուրե/ և լայն միջազգային ուղի դուրս գալը հնարավոր են, եթե Ադրբեջանը համարժեքորեն գնահատի վաղուց կայացած իրողությունը և ճանաչի ԼՂՀ անկախությունը»: Դժվար է պատկերացնել ավելի անհանպաստ մոտեցում, քան քարոզում էր ՔՀԻ-ն՝ արցախյան հարցի լուծումը կախման մեջ դնելով բացառապես Ադրբեջանից: Այն կանխապես անհեռանկար ու անպտուղ էր համարում Ադրբեջանից անկախ այլ երկրների կողմից ԼՂՀ ճանաչումը և ՀՀ գործունեությունը այդ ուղղությամբ: Եվ դա քաղաքականապես առնվազը կասկածելի միակ պնդումը չէ այդ գրքույկում: Պարզ երևում է, որ նրանում տեղ գտած սկզբունքային դրույթները չեն ձևավորվել երկրի՝ խնդրի համար պատասխանատուների հետ «կենդանի խոսույթի» ու ազատ քննարկումների արդյունքում[10], կամ էլ վերլուծաբանները գրել են այն, ինչ նրանց հանձնարարել են գրել: Բաքվում այդպես չէ: Իլհամ Ալիևը հանձնարարություն է տալիս իր երկրի գիտնականներին ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն և իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանական Հանրապետությանը, և հետևում է իր առաջադրանքի կատարմանը[11]: Համալսարանի կարգավիճակով Բաքվում գործում է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիան, որը կադրեր է պատրաստում երկրի համար: Մեզանում համանման հաստատություն չկա: Բայց նույնիսկ այդ պայմաններում Գիտությունների ազգային ակադեմիան կամ Երևանի պետական համալսարանը որևէ հասարակագիտական պատվեր չի ստացել իշխանություններից: Եվ դա այն դեպքում, երբ հիմնահարցը իրապես գիտական բնույթ ունի, և երբ Երևանի և Ստեփանակերտի առճակատումը Բաքվի հետ դիվանագիտական ու քարոզչական ռինգերում առաջին հերթին ներկայանում է որպես գիտական մտքի մենամարտ[12]: Դա՝ այդ պատվերը, ինչպես նշվեց, պետք է ձևավորվի իշխանությունների և պետության հովանու տակ գործող վերլուծական ծառայության և ավելի լայն՝ փորձագիտական համայնքի հետ խոսույթում: Արտաքին (ու նաև ներքին) քաղաքական խնդիրների քննարկման նման հարթակ մենք չունենք, և դա մեր քաղաքական մշակույթի բացն է[13]: Փաստ է, որ երկրում առկա է ազիվ մղումներով գործող էնտուզիաստ փորձագետների համայնք: Թվում էր, թե արտաքին քաղաքականության համար մեր պատասխանատուները պետք է կապեր ունենային այդ համայնքի հետ: Այդպես թե այնպես, դրանք պատահական մարդիկ չեն և միջազգային տարբեր ֆորումներում մասնակցում են խնդրի քննարկումներին՝ հաճախ ներկայացնելով հենց իրենց անձնական տեսակետները: Որևէ ուղղորդում պատկան կառույցները ցայժմ չեն իրագործել և վստահաբար այժմ էլ չեն իրագործում: Ժողովրդական դիվանագիտության հունում մեր հասարակական կազմակերպությունները ներկայացնող փորձագետները ասում են այն, ինչ իրենց խելքը կտրում է` հաճախ իրարամերժ ու երբեմն անհայանպաստ բաներ: Ռուս-ամերիկյան Դարտմուտյան խորհրդաժողովի իմ փորձից գիտեմ, որ Բաքվի փորձագետները ամենօրյա կապի մեջ էին Բաքվի «համապատասխան մարմինների» հետ: Իսկ խորհրդաժողովի աշխատանքներին մասնակից հայ փորձագետներին այդպես էլ չընդունեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում նրանց բազմաթիվ խնդրանքներից հետո անգամ, քանզի այն դրա անհարժեշտությունը չէր տեսնում: Հենց նման դեպքերում են իշխանությունների կողքին հայտնվում դրսից ներմուծված և հաճախ խնդրի խորքին անտեղյակ խորհրդատուներ: Դրանք կարող են և տեղացի փորձագետներ լինել, որոնք տարբեր հասարակական կազմակերպություններում առաջ են տանում այն երկրի տեսակետը, որը ֆինանսավորում է հասարակական կազմակերպությունը: Նման կազմակերպություններում է առաջ տարվում նաև նոր որակի, նոր հայացքների տեր առաջնորդներ կրթելու գործը՝ դրամաշնորհներով լվացված ուղեղներ իշխանության բերելու համար: Ազգային քաղաքական մշակույթի ձևավորման և այդ ոլորտում համապատասխան հանրային հայացքների ձևավորման քանի՞ հասարակական կազմակերպություն է մեզանում գործել պետական դրամաշնորհով: Երևի ոչ մեկը: Իսկ արտաքին սնուցմամբ քանի՞ նման կազմակերպություն է հանրապետությունում գործել: Հարյուրավոր:
Ազգային արժեքների ու իդեալների մշակման և դրանց շուրջ ազգային ինքնակազմակերպման խնդիրը հանրության կրիտիկական այնպիսի զանգվածի ձևավորումն է, որը կարող է մշակված գաղափարախոսությունը դնել ազգային կեսագործունեության հիմքում, ինչը հասկանալի պատճառներով անհամեմատ բարդ է պետականության բացակայության պայմաններում[14]: Դրա համար, ինչպես նշվել է, անբարենպաստ էին նաև խորհրդային տարիները[15]: 1991 թ. ձեռք բերված անկախությունը պատմական բացառիկ բարեպատեհություն էր ժամանակի մարտահրավերներին համարժեք ազգային գաղափարախոսություն, ներքին ու արտաքին հարցերում ինքնուրույն քաղաքական ուղեգիծ մշակելու համար: Ցավոք, անցած երեք տասնամյակները այդ տեսակետից կորսված պետք է դիտվեն: Գիտությունից երես թեքելու իրողությունը ակնհայտորեն դրսևորվում է բյուջետային հատկացումներում:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՐՐՈՐԴ
ԵԹԵ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԴԵՄՔՈՎ ՉԵՆ ՇՐՋՎՈՒՄ ԴԵՊԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ
«Պարտության տեխնոլոգիան…» վերը հիշատակված իմ ընդդիմախոսական նամակում ես անդրադարձել եմ հարցին: Հիմնավորվող գլխավոր գաղափարն այն էր, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարելի դարձնել կուսակցական շահարկումների առարկա: Կուսակցականը Արցախի մասին խոսելիս պետք է հանի «կուսակցական գլխարկը» և խոսի որպես փորձագետ: «Այս ամբիոնից մի քանի անգամ հնչեց այսպիսի բանաձև. «Սա Ղարաբաղյան հարցում մեր կուսակցության դիրքորոշումն է»: Կուսակցական դիրքորոշում Ղարաբաղյան հարցում չպետք է լինի: Երկու մարդ կարող են այդ հարցում ունենալ տեսակետ` պետական այրը և գիտնականը: Իսկ պետական այրը իր ասելիքում պետք է հենվի գիտնականի ասածի վրա…», – այսպես եմ ինքս ձևակերպել իմ մոտեցումը այդ հարցում ՀՀ Ազգային ժողովում 2005 թ. Ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված լսումներում[16]:
Մեզանում կուսակցությունները առիթը բաց չեն թողնում իրենց հատուկ դիրքորոշումը ներկայացնելու հանրությանը: Եվ դա արվում է, երբ նրանցից գրեթե ոչ մեկը չունի գիտավերլուծական որևէ ծառայություն: Արդյունքում՝ միայն խնդրի շահարկում` իշխանության համար մղվող մրցապայքարում: Դա ազգի քաղաքական պառակտման նույնպիսի վտանգ է պարունակում, ինչպիսին կա թայֆայական, հայրենակցական, կլանային սկզբունքով գաղափարազուրկ կուսակցություններ հիմնելու մեր ազգային պրակտիկայում:
Հիմնահարցը կուսակցական դիրքերից շահարկելու ավելի վտանգավոր ձևեր կան: Եթե հիշողությունս չի դավաճանում, 1989 թ. նոյեմբերին էր դեպքը: «Արցախ» հայրենակացական միության գործադրի մարմնի անդամ Միշա Պետրոսյանը, որ քարինտակցի էր, եկավ ինձնից խորհուրդ հարցնելու հենց նման հարցով:
– Ընկեր Մանասյան, մենք որոշել ենք ամբողջ գյուղով անդամագրվել դաշնակցությանը: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:
Նկատելով զարմանքս, Միշան բացատրեց.
– Նրանք ավտոմատներ են տալիս:
Երևի այդպես էլ վարվել են:
ՀՅԴ-ն իր այդ պահվածքով, այնուամենայնիվ, ինչ-որ արդյունքի հասել է: 1991 թ. դեկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված ԼՂՀ առաջին խորհրդարանում դաշնակցությունը ամենամեծ խմբակցությունն էր: Թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող է ստացվում: Սակայն քիչ անց պարզվեց, որ Հայաստանում քաղաքական իշխանության ղեկը վերցրած ՀՀՇ-ի ու ՀՅԴ-ի միջև այդ հիմքի վրա հակասություններ առաջացան: ՀՀՇ-ի քաղաքական ղեկավարությունը սկսեց անտեսել ԼՂՀ-ի խորհրդարանը, որտեղ ՀՅԴ-ն վճռական դիրքեր ուներ: Արցախին ցույց տրվող օգնությունը տնօրինում էին ՀՅԴ-ից դուրս գտնվող Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը: Ի վերջո ԼՂՀ-ի խորհրդարանը ստիպված էր 1992 թ. օգոստոսի 15-ին ընդունել Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ) ստեղծելու մասին որոշում: ՊՊԿ-ի նախագահ դարձավ ՀՀՇ-ի վստահությունը վայելող Ռ. Քոչարյանը, որը ԼՂՀ Ազգային Ժողովում «Միացում» խմբակցության խոսնակն էր: Թե՛ 1992 թ. այդ անցքերը և թե՛ հետագայում ՀՅԴ-ի արգելումը նորանկախ Հայաստանում իրենց վրա կրում էին քաղաքական իշխանության համար մղվող պայքարում ղարաբաղյան թեմայի շահարկման կնիքը: Ավելի քան համոզված եմ, որ ապագայում կբացահայտվեն նաև ռազմաճակատի տարբեր հատվածներում, պատերազմի տարբեր դրվագներում այդ շահարկման վնասաբեր հետևանքները:
1992 թ. ամռանը ես «Կուսակցական վեճերը խրամատներում» վերտառությամբ հոդված հանձնեցի «Ազատ Արցախ» թերթին: Այն չտպագրվեց: Արթուր Մկրտչյանից հետո ԼՂՀ ԱԺ-ի նախագահի պարտոնակատար Գեորգի Պետրոսյանը նույնիսկ մեղադրեց ինձ «Լևոնի մարդը» լինելու մեջ: Հոդվածը նորից տարա, երբ նա արդեն չէր պաշտոնավարում: Խմբագրությունը չտպագրեց այն: Կարծում եմ` չէր գիտակցվում խնդրի կարևորությունը: Արդյոք հիմա գիտակցվու՞մ է դա: Դժվար է ասել: Մեզանում Արցախի հարցի կուսակցականացման արդեն ավանդույթի ուժ ձեռք բերող փորձը վկայում է այն մասին, որ մենք հարցը հեռացրել ենք գիտությունից: Դա այնքան ակնհայտ իրողություն է, որ նույնիսկ հիմնավորման կարիք չունի: Խնդրի ապակուսակցականացմանը կարող են ծառայել խորհրդարանական լսումները՝ անպայման անկախ փորձագետների մասնակցությամբ: Արի ու տես, որ մեզնից 14 երկար ու ձիգ տարիներ պահանջվեցին, որպեսզի Արցախի հարցով 2005 թ. մարտին կազմակերպվեին առաջին խորհրդարանական լսումները: Բայց սովորական սեմինարից այդ լսումները այդպես էլ չտարբերվեցին: Պետության առաջին դեմքը չներկայացավ լսումներին: Արտաքին գործերի նախարարը ելույթ ունեցավ ու թողեց դահլիճը: Լսումներին մասնակցում էին օտար բոլոր այն դեսպանատների պատասխանատուները, որոնց թեման հետաքրքրում էր: Մասնակցում էին նաև Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած շեյխեր: Հարցով զբաղվող կամ հետաքրքրվող խորհրդարանականներն ու փորձագետները արտահայտեցին իրենց տեսակետը, հանձնեցին ելույթի տեքստը և… վերջ: Լսումների միակ արդյունքը այդ նյութերի տպագրությունն էր[17]: Դրանք, ինչպես ինձ է թվում, մեր արտաքին քաղաքական ուղեգծի վրա որևէ ազդեցություն չունեցան, չնայած հենց այդ նպատակով էին կազմակերպված: Գիրք էր` հրատարակեցին:
ԵՐԿՈՒ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՏԱՐԿՈՒՄ
ԱՌԱՋԻՆ: Կա մի ձևաչափ ևս, որը կարող է թույլ տալ կուսակցություններին մոտ կանգնել խնդրին: Այն մշակվել է 1918-1920 թթ. Արցախում: Այն ժամանակ Արցախի հիմնախնդրի շուրջ համատեղ ուղեգիծ մշակելու և տարաձայնություններից խուսափելու, խրամատներում կուսակցական վեճերը բացառելու համար Արցախում ստեղծվել է միջկուսակցական բյուրո, որտեղ համաձայնեցվել են առանցքային բոլոր հարցերը: Որպեսզի մեր օրերում կուսակցությունները չտարամիտվեն, իրարամերժ դիրքորոշումներ չորդեգրեն ղարաբաղյան հարցում, նրանք կարող են 1920-ական թվականների փորձով համատեղ հիմնել հատկապես այդ հարցով զբաղվող վերլուծական-հետազոտական կենտրոն և պահանջել մշակել համազգային (ուրեմն` գիտականորեն հիմնավորված, այլ ոչ թե կուսակցականացված) դիրքորոշում: Ուղղակի պետք է գտնվեն այն կուսակցությունները, որոնք կնախաձեռնեն նման կենտրոնի ստեղծումը: Այն կարող է լինել փորձագիտական սեմինարների ու բանավեճերի հարթակ, որը կտարբերվի սովորական սեմինարներից մի կարևոր բանով՝ քննարկումները պետք հետապնդեն անվերապահորեն միասնական եզրակացության հանգելու նպատակ: Այլընտրական տեսակետներն ու հիմնավորումները պետք է բախվեն մինչև դրանց հակասության հաղթահարումը և համաձայնեցված դիրքորոշումն ամրագրող փաստաթղթի ընդունումը: Միջկուսակցական այդ կենտրոնը, այսպիսով, պետք է կատարի գիտական-վերլուծական այն լաբորատորիայի դերը, որտեղ երկխոսության միջոցով հաղթահարվում են կուսակցությունների դիրքորոշումների տարբերությունները: Այդ կենդանի երկխոսությունն է, որն այսօր բացակայում է մեզանում ոչ միայն փորձագիտական համայնքի և իշխանությունների միջև, այլև կուսակցությունների ու փորձագիտական խմբերի միջև: Ամեն մեկը աշխատում է մյուսներից ինչ-որ բանով տարբերվող և միայն իր համար հարմար տեսակետ զարգացնելով ու այն քարոզելով: ՀՅԴ-ն առանձնանում է կուսակցությունների շարքում: Նա ունի համահայկական «ՎԵՄ» հանդեսը, որը բաց է բոլոր այն հեղինակների առջև, որոնց հոդվածները բավարարում են գիտականորեն ընդունված չափանիշներին: Նույնպիսի կարգավիճակ ուներ 2003 թ. վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ հիմնված «21-րդ դար» տեղեկատվական վերլուծական հանդեսը (այն չբացահայտված հիմնավորումներով փակվել է 2018 թ. «թավշյա իշխանափոխությունից» հետո): Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռ. Քոչարյանի հիմնած «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» վերլուծական կենտրոնը փակել և դրա փոխարեն ստեղծել է գրեթե նույն գործառույթներով օժտված «Հանրային կապերի կոմիտե»: Նոր իշխանությունները իրենց հերթին փակել են այդ հաստատությունը և փոխարենը հիմնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության «Օրբելի» կենտրոնը՝ ենթադրաբար նույն գործառույթներով օժտված, բայց նոր կազմով մեկ այլ կազմակերպություն: ԱՄՆ-ում նախագահները փոխվում են, իսկ վերլուծական կենտրոնների մասնագետները՝ ոչ: Մեզանում ճիշտ հակառակն է՝ իշխանության ամեն մի փոփոխություն ուղեկցվում է վերլուծական կենտրոնի փոփոխությամբ: Իրավիճակը բարվոք չէ փորձագետների շրջանում: Նրանք նույնպես աշխատում են մեկը մյուսից մեկուսացած: Առողջ խոսույթի բացակայության պայմաններում յուրաքանչյուրն իր գործը կատարված է համարում իր տեսակետն արտահայտելուց հետո: Մյուսների հետ տարակարծություն ները հաղթահարելու մասին հարցադրում ընդհա նրապես չկա: Չկա և վերջ: Դրանով պետք բացատրել մեզանում Ղարաբաղյան հարցում տարըմբռնումները լռության մատնելը: Քաղաքական դաշտը պետք է եռար հակասող տեսակետների լարումներից, եթե կուսակցությունները, թողնելով իրենց դիրքորոշումների «դեկլարատիվ կարգավիճակը», լծվեին միասնական, ուրեմն` գիտական (ոչ կուսակցական) դիրքորոշում մշակելու գործին: Բայց նրանք շարունակում են մնալ «լոյալ հակադրության» դիրքերում` քաղաքական նկատառումներով ընտրողների աչքում սեփական դիրքորոշում ունենալու համար մի հարցում, որտեղ այդպիսին չպետք է լիներ: Տարբեր հարթակներում հնչեղություն տալով իրենց «հատուկ տեսակետին»՝ նրանք ոչ մի անգամ չեն անդրադառնում այն հարցին, թե արդո՞ք ղարաբաղյան հիմնա խնդիրը ա՞յն ռինգն է, որտեղ պետք է սեփական տեսակետ զարգացնել: Ղարաբաղյան հարցը մեր ազգի գոյության` բոլորի համար նույն իմաստն ունեցող հարց է, այլ ոչ թե քաղաքական կարգի ընտրության հարց, որտեղ, ելնելով իրենց գաղափարախոսական դիրքորոշումներից, կուսակցություն ները կարող են միմյանց հակադրվել (բայց մեզանում շատ դեպքերում այդ գաղափարախոսություններն էլ մնում են ներքին հիմքերից զուրկ և դրսից ներմուծված): Այն միայն քաղաքագիտական (ուրեմն՝ գիտական) հիմնավորվածություն կարող է ունենալ անկախ այն բանից, թե որ կուսակցությունն է հայտնվել իշխանության ղեկին: Դա քաղաքական մեր մշակույթի առողջացման խնդիրն է: Դրան պետք է հասնել, և դա ավելորդ եռանդ, ժամանակ ու միջոցներ ծախսելու հարց չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Անհրաժեշտ են համապատաս խան տեխնոլոգիաներ: Եվ դրանցից մեկը կարող է լինել միջկուսակցական փորձագիտական (կամ հետազոտական) կենտրոնը: Այն կօգնի հիմնախնդիրը դուրս բերել կուսակցական շահարկումների դաշտից, ձեռք բերել քաղաքական մտածողության նոր որակներ: Կարևոր է նկատել, որ այդ հարթակում, արցախյան հիմնախնդրից բացի, կարող են (և պետք է) լինեն նաև այլ հարցեր, որոնք պետք է դուրս բերել կուսակցական շահարկումների դաշտից:
ԵՐԿՐՈՐԴ: Արտաքին քաղաքականության պատասխանատուների կտրվածությունը գիտական ու փորձագիտական համայնքներից անխուսափելիորեն բարձրացնում է պետության առաջին դեմքի դերակատարությունը որոշումներ ընդունելու ու բանակցային գործընթացում խնդիրը ներկայացնելու հարցերում[18]: Այդ պայմաններում վճռորոշ են դառնում անձնապես նրա պատրաստականությունը, հարցի նրբություններին տիրապետելը, որպես բանակցողի նրա անձնական որակները: Պարզվում է՝ ՀՀ երեք նախագահներն ու 2018 թ. իշխանության եկած վարչապետը այդ իմաստով միմյանցից խիստ տարբեր անձնավորություններ են: Ոմանց պատկերացումները հաճախ անակնկալի են բերել հանրությանը: Բնութագրական է առաջին նախագահի օրինակը, որին ստորև մենք կանդրադառնանք հակիրճ ակնարկով:
Հայտնի է, որ Ղարաբաղյան շարժման առաջին ամիսներին՝ մինչև «Ղարաբաղ» կոմիտեի ձևավորումը, երկրի ապագա նախագահը Շարժման ակտիվիստների հետ մասնակցել է Միացման համար թափ առած ստորագրահավաքին: Այն բանից հետո, երբ Շարժման ակունքներում կանգնած այլ ակտիվիստներ դուրս թողնվեցին «Ղարաբաղ» կոմիտեից, որի անդամներից մեկը 1988 թ. մարտին դարձել էր Լ. Տեր-Պետրոսյանը, Ազատության հրապարակի հարթակը և խոսափողը անցնում են նոր մարդկանց ձեռքը, որոնք Միացումը համարում են Շարժման ոչ միակ նպատակը, ինչպես գտնում էին Շարժման մեկնարկի մունետիկները: Ժողովրդավարական լոզունգների տակ Հայաստանի անկախացումը մտցվում է նոր կոմիտեի քաղաքական օրակարգ: Սակայն Ազատության հրապարակում Միացումը մնում է որպես գլխավոր կարգախոս, և Լ. Տեր-Պետրոսյանն Արցախի և ՀԽՍՀ վերամիավորման դեմ հրապարակավ ոչ մի միտք չբարձրաձայնեց: Նրա խոսքում նոր շեշտադրում հայտնվեց այն բանից հետո, երբ 1988 թ. դեկտեմբերին Կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվելուց և մոսկովյան «Մոտրոսսկայա տիշինա» բանտից 1989 թ. գարնանը ազատվելուց հետո վերադարձավ Երևան: Նորից հարթակում հայտնված ապագա նախագահը այլևս չէր ձայնակցում հանրահավաքների մասնակիցներին, երբ նրանք վանկարկում էին Միացում, և իր խոսքն ավարտում էր «Պայքար, պայքար մինչև վերջ» կոչով: Սա կարծես Միացումին չհակադրվող, բայց անուղղակի ձևով այն ետին պլան մղող էր, որ այդ ժամանա չնկատվեց: Բայց 1989 թ. դեկտեմբերին, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդում ի պատասխան Արկադի Վոլսկու կողմից գլխավորվող ԼՂԻՄ-ի Հատուկ կառավարման կոմիտեի լուծարմանը դրված էր ԼՂԻՄ-ի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին բանաձևի ընդունումը, Լ. Տեր-Պետրոսյանը իր թիմակիցների հետ դեմ դուրս եկավ որոշման ընդունմանը: Որոշումը, որին սպասում էին ՀԽՍՀ ԳԽ դիմաց հավաքված բազմահազարանոց ցուցարարները, այնուամենայնիվ ընդունվեց: Արդեն պարզ էր, որ ՀՀՇ-ն արցախյան հարցում այլ մոտեցում ունի, որը Միացում չի ենթադրում: 1990 թ. հունվարին ՀԽՍՀ ԳԽ անդամի կարգավիճակում Լ. ՏերՊետրոսյանը Մ. Գորբաչովին տվել է իր համաձայնությունը, ստորագրել մի փաստաթուղթ, որով ԼՂ ինքնավար մարզը թողնվում է Ադր. ԽՍՀ կազմում: 1991 թ., երբ ԽՍՀՄ-ը մտել էր տրոհման վերջնագիծ, Միացումը մերժելու ուղեգիծը արդեն ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ջանքերով ստանում է 1989 թ. դեկտեմբերին վերամիավորման մասին Արցախի և ՀԽՍՀի համատեղ որոշումից հրաժարվելու բնույթ: Արցախի քաղաքական ղեկավարու թյունը տեղյակ է պահվում, որ ՀՀ-ն կանկախանա Միացման մասին համատեղ որոշման անտեսումով: 1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, երբ Բաքվում հռչակվում է 1918-1920 թթ. Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության վերկանգնումը, Ստեփանակերտին այլ բան չէր մնում, քան հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1991 թ. Միացումից հրաժարվելու այդ քայլին Լ. Տեր-Պետրոսյանը և նրա կողմից գլխավորվող թիմը որոշակի հիմնավորում տալիս էին: Քաղաքական կուլիսներում շրջանառվում էր այն միտքը, թե հենց այդ հրաժարումը կօգնի ՀՀ-ին առանց արգելքների ու ավելորդ գլխացավանքների անկախանալ և ճանաչվել որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ: Արցախի վերամիավորումը ՀՀ-ի հետ դիտվում էր որպես լուրջ խոչընդոտ այդ ճանապարհին: Այդ քայլով, ինչպես ենթադրվում էր, ՀՀ-ն կմտնի անկախ պետությունների ընտանիք առանց որևէ մեկի հետ, այդ թվում և Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունենալու: ՀՀՇ-ն՝ ՀՀ-ն գլխավորող քաղաքական թիմը, իր այդ քայլով Արցախը դարձրեց Ադրբեջանական Հանրապետության ներքին հարց: Ոչ մի վերապահում կամ հայտարարություն չարվեց, երբ ՀՀ-ն ընդունվում էր ՄԱԿ կամ դառնում Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության, հետագայում Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ: 1992-1994 թթ. Ղարաբաղյան առաջին պատերազմում Բաքվի կրած պարտությունը ստիպեց նրան Բիշքեկում կնքել հրադադար: Փաստաթղթի ստորագրմանը նախորդել են Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող Վլ. Կազիմիրովի մաքոքային այցելությունները Բաքու և Ստեփանակերտ՝ հրադադարի մասին համաձայնագրի մշակման նպատակով: Նրա վկայությամբ՝ փաստաթուղթը նախապատրաստված էր Բաքվի և Ստեփանակերտի ստորագրության համար: Երևանը, որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին հրաժարվել էր Միացման մասին ընդունված համատեղ որոշումից հանուն այն բանի, որ չդառնա կոնֆլիկտի կողմ, Վլ. Կազիմիրովի համար անբացատատրելի ձևով ընդառաջել է Հեյդար Ալիևի խնդրանքին, մասնակցել բիշքեկյան բանակցություններին և փաստաթուղթը ստորագրել հենց կոնֆլիկտի կողմի կարգավիճակով[19]: Ցայսօր անհայտ է մնում, թե ինչու Երևանը ներկայացավ Բիշքեկ երբ Հ. Ալիևի խնդրանքը մերժելու ավելի քան բավարար հիմքեր կային: Հայտնի է, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից Քարվաճառի ազատագրումից հետո, 1993 թ. ապրիլի 30-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի (ԱԽ) ընդունած թիվ 822 բանաձևում ընդգծված էր, որ ռազմագործողությունը իրագործել են տեղի հայկական ուժերը, իսկ նույն թվականի նոյեմբերի 12-ին ԱԽ ընդունած թիվ 884 բանաձևով կոչ էր արվում Հայաստանի կառավարությանը օրտագործել իր ազդեցությունը, որպեսզի Լեռ նային Ղարաբաղի հայերը պահպանեն մինչ այդ ընդունած որոշումները: Ակնհայտ է, որ ԱԽ բանաձևերում ՀՀ-ն չէր դիտվում հակամարտության կողմ: Որքան թույլ պետք է աշխատեին արտաքին քաղաքականության մեր պատասխանատուները, որպեսզի ԱԽ թիվ 884 բանաձևից ընդամենը վեց ամիս անց ժամանեին Բիշքեկ՝ ՀՀ-ն զինված հակամարտության մասնակցի կարգավիճակով ներկայացնելու համար՝ նույնիսկ որևէ վերապահում չանելով փաստաթղթի տակ: Հայտնի է, որ նման վճիռներ կայացնելու մենաշնորհը այդ տարիներին պատկանում էր պետության նախագահին: Դա եղել է ճակատագրական սխալ: Դրանից հետո բանակցություններում Բաքվին դըժվար չէր հրաժարվել Արցախի հետ նստել նույն սեղանի շուրջ: 1996 թ. դեկտեմբերին Բիշքեկին հաջորդեց նախագահի մատուցած մեկ այլ շրջադարձ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում: ԵԱՀԿ-ն որպես հակամարտության հանգուցալուծում առաջարկեց Ադրբեջանական Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղին տալ ինքնակառավարման ամենաբարձր մակարդակ: Դա հենց այն (կամ ավելի ընդունելի) լուծումն էր, ինչին դեռևս 1990 թ. համաձայն էր Լ. Տեր-Պետրոսյանը՝ հրապարակելով այդ առաջարկը մոսկովյան «Комсомольская правда» թերթի 1992 թ. մարտի 5-ի համարում: Հայկական կողմը վետո դրեց ԵԱՀԿ գագաթաժողովի բանաձևին՝ վերացական հղում կատարելով ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքին, այն չկապելով 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովրդի՝ ար դեն կայացած ինքնորոշման և միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվեով անկախության հռչակման ակտերի հետ[20]: Դեկտեմբերի 10-ին, երբ Բելովեժյան բացատում Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը փաս տորեն կնքեցին ԽՍՀՄ մահկանացուն՝ և Ադր.ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարված Ադրբեջանական Հանրապետությունը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէր, ԼՂ ժողովուրդը անկախություն էր հռչակել միայն իրեն պատկանող և իրենից բացի ոչ մեկին իրավունքով չպատկանող տարածքներում: Այս փաստի լռության մատնումը հենց Մինսկի գործընթացի սկզբից նշանակում էր, որ հակառակ հիմնախնդրի իրավական հիմքերի՝ ընդունվում է, որ ԼՂ-ն իրավունքով պատկանում է Ադրբեջանական Հանրապետությանը: Դա նաև նշանակում էր ընդունել, որ հենց ՀՀ-ն է հակամարտող կողմը, որից խուսափելու համար նա հրաժարվել էր 1989 թ. դեկտեմբերի 1-ի Միացման մասին համատեղ որոշումից: Լ. Տեր-Պետրոսյանից ստացած այս ժառանգությունը նախ փորձել է շտկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ առաջադրելով «ԼՂՀ ճանաչումը կապ չունի Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության հետ» դրույթը: Բայց դա ներդնել բանակցային գործընթաց նրան չի հաջողվել: Նման փորձ արվել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որը 2017 թ. մարտին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ-ն հակամարտության կողմ չլինելու գաղափարին հնչեղություն է տվել այն ձևակերպմամբ, որ ՀՀ-ն բանակցությունների սեղանի շուրջ նստում է Արցախի փոխարեն, քանի որ Բաքուն հրաժարվում է դեմ առ դեմ բանակցել Ստեփանակերտի հետ[21]: Սակայն այդ դրույթին էլ չի տրվել այն հնչեղությունը, որ մտնի բանակցային գործընթացի համատեքստ:
ՉՈՐՐՈՐԴ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ԿԵՂԾ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԶՐԱՀԸ ՃԵՂՔԵԼՈՒ ԴԺՎԱՐԻՆ ԽՆԴԻՐԸ
«Արցախ» հայրենակցական-բարեգործական միությունը քաղաքական կուսակցության փոխակերպելու հարցի շուրջ ծավալված բանավեճերում պարզվել էր, թե որքան դժվար է ինչ-որ խնդրում խորը համոզմունքներ ունեցող մարդուն «հավատափոխ անել»: Բարեգործականին «կուսակցական զգեստ» հագցնելու կողմնակիցները գտնում էին, որ իշխանության մեջ հայտնվելով՝ ավելի հեշտ կլինի Արցախի շահերը պաշտպանել: Բայց այն փաստարկը, որ Արցախի շահերի նման պաշտպանությունը ազգի քաղաքական պառակտմանը տանող ուղի է, և որ նույն այդ հարցերին կարող է նվիրվել ոչ հայրենակցության սկզբունքով հիմնված կուսակցությունը, ավելի համոզիչ գտնվեց: Սկզբունքային այդ խնդրի շուրջ բանավեճերում դեռևս տեսանելի չէր վիճաբանական հարցերի այն դաշտը, որում որպես հետազոտող ինքս պետք է հայտնվեի այն բանից հետո, երբ սկսեցի զբաղվել արցախյան հակամարտության պատմական, իրավական ու քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ և անակնկալ ձևով բացահայտեցի, որ այն բոլոր (կամ գրեթե բոլոր) հասկացությունները, որոնց մենք դիմում ենք ըմբռնելու համար հակամարտության էությունը, աղճատում են այն: Որոշ հասկացություններ, որոնք պետք էին հիմնախնդիրը իր բնույթին ու էությանը համարժեք ներկայացնելու համար, ընդհանրապես բացակայում էին: Մենք ունեինք նախիջևանահայություն, արցախահայություն, հաբեշահայություն (որ ընդամենը մի քանի հարյուր հոգանոց համայնք էր) հասկացությունները, սակայն անանուն էինք թողել Քռի աջափնյակի մի քանի հարյուր հազար հայությանը (միայն Բաքվում ավելի քան քառորդ միլիոն), որ այդ երկրամասի քաղաքական, տնտեսական ու մշակութային պատմության կերտողներից մեկն էր և «ղարաբաղյան» անվանված հակամարտության հիմնական զոհը: Մենք չունեինք մեր ժողովրդի այդ հատվածի ադրբեջանա-հայություն հավաքական անվանումը, և ինքներս այդ հավաքականությունը բաժանում էինք հատվածների՝ բաքվեցիներ, շամախեցիներ, նուխեցիներ… Փառք Աստծո, այսօր այն շրջանառվում է անարգել և ճանաչում է գտել: Հետա գայում էլ խնդիրը համարժեք ձևով ներկայացնող շատ գաղափարներ ու բանաձևեր արտակարգ դժվար ու դանդաղ են ամրագրվել մեր քաղաքական գիտակցության մեջ ու բառապաշարում: Պատճառներից մեկը երևի մտածողության իներցիան է, նորը, հատկապես անսովորը, իսկ շատ դեպքերում ակնհայտն ընկալելու դժվարությունը: Արցախյան հակամարտության ըմբռնման մեզանում ընդունված գրեթե ամբողջ հասկացութակազմը արմատական վերանայման կարիք ունի: Հոդվածի սահմանները թույլ չեն տալիս «բացել բոլոր փակագծերը»: Ստորև կանդրադառնամ դրանցից մեկին՝ «փախստականներ» հասկացությանը: Թվում է՝ դժվար չէ ծանոթանալ փախստականության վերաբերյալ ընդունված միջազգային փաստաթղթերին բանակցային գործընթացում կամ խոսել միջազգային իրավունքի լեզվով: Միջազգա յին տարբեր փաստաթղթերում «փախստական» հասկացությանը տրված սահմանումները հստակ են, և դա այն է, որ փախստականը այն խաղաղ բնակիչն է, որն իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով լքել է իր քաղաքացիության երկիրը և հայտնվել մեկ այլ երկրում: Առանց խորամուխ լինելու խնդրի էության մեջ մենք տարիներ շարունակ գործածում էինք «ադրբեջանցի փախստական» հասկացությունը: Հարցի ուսումնասի րությունը սակայն ցույց տվեց, որ այն կեղծ հասկացություն է: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ադրբեջանցի փախստական իբրև այդ պիսին գոյություն չունի: Ո՛չ նախկին Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, ո՛չ նախկին ԼՂԻՄ-ում և ո՛չ էլ ազատագրված տարածք ներում բնակվող ադրբեջանցիները փախստականներ չեն: Ոչ մի ադրբեջանցի չի կարող համարվել մանդատային փախստական (այդպես է ընդունված անվանել փախստականի կարգավիճակին բավարարող անձին), քանի որ նրանցից ոչ մեկը չի բավարարում այդ հասկացությանը: Հակամարտության տարիներին նախ կին ԼՂԻՄ-ից ու ազատագրված տարածքներից Ադրբեջա նական Հանրապետությունում հայտնված ադրբեջանցիները այն համարում են իրենց ազգային պետությունը: Նախկին Խորհրդային Հայաստանը լքած ադրբեջանցիները փախստական չեն կարող դիտ վել այն պատճառով, որ նրանց կեսը դեռևս խորհրդային տարիներին շահավետ պայմաններով փոխանակել է բնակարանները Ադրեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցած ջարդերից հետո Հայաստանում հայտնված հայերի հետ, իսկ մյուս մասը փոխհատուցում է ստացել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Ինչ վերաբերում է ԼՂՀ տարածքը (նախկին ԼՂԻՄ-ը և ազատագրված տարածքները) թողած ադրբեջանցիներին, ապա դրանք, միջազգային իրավունքի համաձայն, փախստական չեն կարող համարվել ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես նշվեց վերը, Ադրբեջանական Հանրպետությունը համարում են իրենց ազգային պետությունը, այլև այն երկրորդ հիմնավորումով (և սա նույնիսկ ավելի կարևոր է), որ նրանք զանգվա ծաբար մասնակցել են ԼՂՀ շրջափակմանը և նրա դեմ Բաքվի սանձազերծած պատերազմին: Աղդամցի ու շուշեցի թուրքը (կամ ադրբեջանցին) մեծով ու փոքրով, կանանցով ու տղամարդկանցով են մասնակցել շրջափակմանը: Պատերազմի ու շրջափակման (ինչը ևս պատերազմի ձև է) մասնակիցը փախստական չի կարող համարվել ըստ սահմանման: Այս փաստարկներին ադրբեջանցի փորձագետները որևէ առարկություն չկարողացան հակադրել թե՛ 2001 թ. մայիսի 28-29-ին Մոսկվայում կովկասյան քառյակի (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) «Կովկասին խաղաղություն և զարգացում» գիտագործնական խորրդաժողովում, թե՛ Մոսկվայում 2001 թ. հոկտեմբերից մինչ 2005 թ. հունիսը տեղի ունեցած Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Դարտմուտյան եռակողմ (Բաքու, Սեփանակերտ, Երևան) խորհրդաժողովում, որտեղ ներկայացված էի որպես ԼՂՀ փորձագետ[22]: 2003 թ. Ստեփանակերտը ներկայացնող փորձագետները ԼՂՀ Ազգային ժողովին տեղեկատվության կարգով ներկայացնում էին խորհրդաժողովի ընթացքի մասին: Իմ ելույթում, ի թիվս այլ հարցերի, շոշափեցի նաև փախստականության հարցը՝ կոպիտ սխալ համարելով մեզանում «ադրբեջանցի փախստականներ» հասկացության լայն շրջանառումը: Ելույթս ավելի ազդու դարձնելու նպատակով ես այն վերջացրի հետևյալ խոսքերով` «Ես ադրբեջանցիներին համոզել եմ, որ նրանք փախստականներ չունեն: Մնում է, որ դուք համոզվեք»[23]: Դահլիճն ինձ պատասխանեց ըմբռնումով, ծիծաղով ու ծափահարություններով: Ինձնից անմիջապես հետո ելույթ ունեցավ շուշեցի մի ուսուցչուհի, որն իր ելույթում հայտնեց, թե ինքը ամեն տարի երեխաներին ազատ շարադություն է հանձնարարում գրել այն մասին, թե «ինչպես պիտի մենք դիմավորենք ադրբեջանցի փախստականներին, երբ նրանք վերադառնան Շուշի»: Ես հասկացա, որ թեկուզ և ծափահարել է, բայց ոչինչ չի հասկացել խնդրից: Այդպես ծնվեց մի արտահայտություն, որ ես հաճախակի եմ օգտագործում` շեշտելու համար մեր քաղաքական մտածողությունը բարենորոգելու ներքին արգելքները` «Ավելի հեշտ է Շուշին ազատագրել, քան սխալ կարծրատիպերի զրահ հագած միտքը»:
Այդ դեպքը լուրջ խորհրդածությունների առիթ դարձավ: Խնդիրն ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Օրինակ, անհասկանալի է մնում, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո, երբ Բաքուն անընդմեջ խոսում է ադրբեջանցի «փախստականների» Շուշի վերադառնալու մասին, մեր պաշտոնատարներից ու «պատկաններից» ոչ մեկը չի հակադարձում դրան այն պարզ դրույթով, որ շուշեցի ադրբեջանցի-փախստական չկա ըստ միջազգային իրավունքում այդ հասկացության սահմանման: Սակայն խնդիրն ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ մեր քաղաքական վերնահարկում շատերին թվում է, թե դրանք ընդամենը բառախաղեր են, այլ ոչ թե խնդրի կերպարը խեղաթյուրող և նրա լուծման վրա ազդող գործիքներ: Երևի դա է պատճառը, որ հակամարտության բնույթը ներկայացնող այնպիսի բանալի բառերը, ինչպիսիք են՝ Լեռնային Ղարաբաղ, հակամարտության սկիզբ, հակամարտության կողմ, անվտանգության գոտի, ինքնորոշման սկզբունք, տարածքային ամբողջականություն օգտագործվում են խեղաթյուրված իմաստներով:
Բայց այդ մասին՝ հաջորդիվ:
Ալեքսանդր Մանասյան – Ղարաբաղյան հակամարտություն. ըմբռնման դինամիկան
Հոդվածում Ղարաբաղյան հակամարտության օրինակի վրա քննության է առնվում այն դերը, որ հակամարտության էության համարժեք ըմբռնման համար ունեն նրա կերպարը ներկայացնող բանալի բառերը: Խնդիրը վերլուծվում է հիմնախնդրի հետազոտության անձնական փորձի դիտակետից: Տարվում են զուգահեռներ բանալի հասկացությունների գիտական իմաստների և հանրային գիտակցության մեջ կարծրացած այդ հասկացությունների աղճատված իմաստների միջև: Հիմնավորվում է այն դրույթը, որ խնդրի քաղաքականացմամբ բանակցային գործընթաց բերվող և օբյեկտիվության չափանիշներին չբավարարող հասկացությունները աղավաղում են հակամարտության կերպարը և խոչընդոտում նրա արդարացի կարգավորումը: Այդ դրույթի հիմնավորումը տրվում է «փախստականներ» հասկացության օրինակի վրա:
Манасян – Карабахский конфликт: динамика понимания
Ключевые слова – Карабахский конфликт, политизация конфликта, образ конфликта, ключевые слова в образе конфликта, Бишкекское соглашение, беженцы в контексте Карабахского конфликта, стеорепипы как преграды адекватного понимания конфликта
В статье на примере Карабахского конфликта рассматривается роль, которую имеют ключевые понятия в формировании образа конфликта и адекватном понимании его сути. Вопрос анализируется с точки зрения личного опыта исследовния проблемы. Проводятся параллелии между научно обоснованными и стихийно укоренившимися в общественном сознании смыслами этих понятий. Обосновывается тезис о том, что не удовлетворяющие критериям объективности понятия, вовлеченные в переговорный процесс политизированного конфликта, искажают его суть и становятся преградами его справедливого урегулирования. Тезис обосновывается на примере понятия «беженцы».
Aleksandr Manasyan – Karabakh Conflict: Dynamics of Understanding
Key Words – the Karabakh conflict, the politicization of the conflict, the image of the conflict, key words in the image of the conflict, the Bishkek agreement, refugees in the context of the Karabakh conflict, stereotypes as barriers to an adequate understanding of the conflict On the example of the Karabakh conflict, the article examines the role that key concepts have in the formation of the image of the conflict and an adequate understanding of its essence. Parallels are drawn between the meanings of those concepts which are scientifically grounded and the ones which are spontaneously rooted in the public consciousness. The thesis is substantiated by the fact that concepts that do not meet the criteria of objectivity and are not involved in the negotiation process of a politicized conflict distort their essence and become barriers to a fair settlement. The thesis is substantiated by the example of the concept of “refugees”.
Ալեքսանդր Մանասյան – ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (manasyan-a22@mail.ru)
Ներկայացվել է 19.10.2021 Գրախոսվել է 25.10. 2021
Ընդունվել է տպագրության 30.11.2021
[1] Այդ մասին տե՛ս Աբրահամյան Հ., Մարտ՝ կրակագծի մատույցներում, Երևան, 2008:
[2] «Ազգ», 31 մայիսի 1997:
[3] Դրությունը ցայսօր գրեթե նույնն է:
[4] Մենք դրան ամենից առաջ պետք է հակակշռենք ոչ թե նախընտրական փուլում ձայներ խոստանալով ցեղասպանությունը ճանաչելու պատրաստակամություն հայտնող նախագահի թեկնածուին, այլ այն գաղափարները հերքելով, որոնք հատուկ վերլուծականներում հայտնվում են նախագահների սեղանին: Մենք միլիոններ էինք ծախսում ԱՄՆ-ի նախագահից «ցեղասպանություն» բառը կորզելու համար: Այնինչ խնդիրը այն փաստարկների ու գաղափարների հերքումն է, որոնք ներկայացվում են ԱՄՆ-ի նախագահներին որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաղաքական աննպատակահարմարության փաստարկներ և իշխանություններին հասցնել այն, որ նախագահի «այո»-ն դարձնում է քաղաքական իմաստով շահեկան ԱՄՆ-ի համար: Անկասկած դրանք կարելի է հաշվարկել և հերքել: 2021 թ. ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ըստ էության, դարձավ հենց նրա՝ որպես անձի կողմից մարդկության դեմ կատարած այդ ոճրագործության ճանաչում, քանի որ դրան չհետևեցին այդ ակտը պետականորեն ձևակերպելու քայլեր:
[5] Ամենահասու բանը խորհրդականների ինստիտուտն էր: Խորհրդականը (կամ գաղտնի խորհրդականը) վաղուց ընդունված և արդարացված ավանդույթով փորձառու, հարուստ կենսափորձ և ներքին կամ արտաքին քաղաքականության հարցերում խորը գիտելիքներ ունեցող անձնավորություն կարող է լինել: Այլ որակի խորհրդական պահելը անիմաստ է: Խորհրդականը գոնե ինչ-որ hարցերում ավելի գիտակ պետք է լինի, քան խորհուրդ հայցողը:
[6] «Հայաստանի Հանրապետություն», 1 նոյեմբերի 1997:
[7] «ԼՂ Հանրապետություն», 14, 16, 19 մայիսի 1998:
[8] Տե՛ս «Դրոշակ», 1999, թիվ 19:
[9] Տե՛ս Манасян А., Карабахский конфликт. Ключевые понятия и хроника, Ереван, 2005:
[10] Որոշումներ ընդունողները պարտավոր են համեմատել տարաբնույթ, երբեմն նաև հարցերի իրարամերժ, փոխբացառող առաջարկները դրանց հիմնավորողների հետ կենդանի խոսույթում: Բանն այն է, որ գրավոր տեքստերում շատ բան մնում է տարաբնույթ մեկնաբանությունների դաշտում: Եթե Քրիստոսի ժամանակ տպարաններ ու թերթեր լինեին, նա այնուամենայնիվ պետք է իր ուսմունքը բանավոր խոսքով հաղորդեր իր աշակերտներին ու հետևորդներին, քանի որ բանավոր խոսքին ոչինչ չի փոխարինում:
[11] Այդ ծառայություններից մեկը՝ Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիան (ԱԴԱ) գլխավորում է Անար Վելիևը, որի հետ հայ փորձագետները բանավիճելու առիթ են ունեցել 2021 թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի ունեցած եվրոպական LiNKS կազմակերպության կազմակերպած «Ինչպես կարող են վստահության միջոցները նպաստել Հարավային Կովկասի երկարատև բարօրությանը» թեմայով անցկացված խորհրդաժողովին:
[12] «Մենք տանուլ ենք տալիս գիտական մտքի մենամարտ»՝ այսպիսի ենթավերնագրով էր ավարտվում 2005 թ. Երևանում լույս տասած «Ղարաբաղյան հիմնախնդիր: Փաստարկներ և փաստաթղթեր» վերնագրով իմ գրքույկը:
[13] Դրանում մեկ անգամ ևս ինքս համոզվել եմ, երբ 2002 թ. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մշակման շրջանակներում գլխավորել եմ ծրագիրը մշակող կոլեկտիվի մեթոդաբանական խումբը: ԱՀՌԾ-ն դեպի Հայաստանի գիտական ներուժը շրջելու մեթոդաբանական խմբի բոլոր հարցադրումներն ու կոչերը անարձագանք են մնացել: Ծրագիրը այդպես էլ չի ներառել տնտեսական, տեխնիկական խթանմանը կոչված հայ գիտնականների հայտնագործություններն ու մշակումները: Հակառակ մեթոդաբանական խմբի պահանջներին՝ գիտական մշակումների նման փաթեթ ընդհանրապես չստեղծվեց, չնայած խումբը ինքը օրինակ ցույց տալու համար եղավ Պոլիտեխնիկական ինստիտուտում, Քարերի և սիլիկատների ինստիտուտում, Գյուղատնտեսական ակադեմիայում և ԱՀՌԾ-ին տրամադրեց որոշ գիտական մշակումներ: Ծրագիրը, որը շրջանցեց այդ կարգի բոլոր հարցերը, հավանության արժանացավ դոնորների կողմից, քանի որ համեմատվում էր գիտական ներուժից զուրկ երրորդ-չորրորդ կարգի երկրներում մշակված համանման ծրագրերի հետ: Դա մեզ համար սփոփանք լինել չէր կարող: Ընդունված Ծրագիրը ընդամենը մեկ տարի անց արդեն հնացավ: Եվ դա օրինաչափ էր: Մենք նշանակալից ձեռքբերումների հույս չենք կարող ունենալ առանց գիտության «մասնակցության», որը մեր գլխավոր ռեսուրսն է, մեր առաջընթացի գլխավոր շարժիչը: Մեզ շրջվել է պետք դեպի գիտությունը: Դա այնպիսի թերություն է, որի հարթումը նախապես ոչ մի ներդրում էլ չի պահանջում:
[14] «Հայոց ինքնության հիմնաքարեր» (Երևան, 2020) մենագրության երկրորդ գլխում Սեյրան Զաքարյանը դա ցույց է տվել Արևմտյան Հայաստանում ՀՅԴ գործունեության օրինակի վրա:
[15] Պատահական չէ, որ քսաներորդ դարում մեզ դրսից երկու անգամ հրամցրել են քաղաքական գաղափարախոսություն և տնտեսակարգ: Դարասկզբին մեզ պարտադրել են խորհրդային տիպի սոցիալիզմ, որն իրականում սոցիալիզմի գա ղափարի այլասերման արդյունքում ստեղծված հասարակարգ էր, իսկ դարավեր ջին մեզ պարտադրեցին ազատ շուկայական տնտեսության մի տարբերակ, որն ամենավատն էր շուկայական տնտեսության հնարավոր տարբերակներում: Մենք հայտնվեցինք կողոպուտային կապիտալիզմի ճիրաններում, որովհետև չունեինք տնտեսական ու քաղաքկան ինքնակազմակերպման մեր տեսլականը և ծրագիրը: Քաղաքական, տնտեսական, հասարակարգային սեփական նախագծերի բացակա յությունը իրեն զգալ է տալիս ոչ միայն ներքաղաքական կյանքում, այլև բոլոր ազգ ային հիմանխնդիրներում, այդ թվում և արտաքին քաղաքականության մեջ, այդ տեղ այդտեղ ծագող հարցերի մեր ընկալումներում ու գնահատականներում: Պարզ է, որ այն իր անդրադարձը պետք է ունենար նաև ղարաբաղյան հարցում մեր պահվածքում և հակամարտության կարգավորման բանակցություններում դրսևորված մեր վարքում:
[16] ԼՂ հիմնախնդիր: Կարգավորման ուղիներ [Խորհրդարանական լսումներ. 29-30 մարտի 2005 թ.], Երևան, 2006, էջ 186:
[17] «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիներ», ՀՀ Ազգային ժողով, Երևան, 2006:
[18] Հետաքրքիր է նկատել, որ մեզանում այդ հարցում ավանդույթի (իմա՝ քաղաքական մշակույթի) ուժն այնքան մեծ է, որ խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո ևս դրությունը չփոխվեց: Այս անգամ այդ մենաշնորհը հայտնվեց վարչապետի ձեռքերում:
[19] Այդ հարցին նվիրված Մինսկի խմբի ռուս համանախագահ Վ. Ն. Կազիմիրով ելույթներից մեկին կարելի է ծանոթանալ https://www.youtube.com/watch?v=FfDlLPQ4ALA հասցեով:
[20] Գագաթաժողովի առաջարկը քաղաքական սակարկությունների լայն դուռ էր բացում՝ ընդհուպ «ինքնակառավարման ամենաբարձր աստիճան» բանաձևումով առաջարկվող կարգավիճակը որպես համադաշնություն մեկնաբանելը:
[21] Տե՛ս https://armenpress.am/arm/news/882527/hh-nakhagahi-harcazruycy-efe-gortsakalutyany.html: 102
[22] Ռուս-ամերիկյան Դարտմուտյան խորհրդաժողովի մասին ավելի մանրամասն տե՛ս Заргарян Р., Дартмутскому соглашению по Нагорному Карабаху 15 лет. Участие Республики Арцах в переговорах всегда прорыв // https://russia-armenia.info/node/68672:
[23] Խորհրդաժողովի համանախագահներ Հարոլդ Սոնդերսը (ԱՄՆ) և Վիտալի Նաումկինը (ՌԴ) խուսափում էին այդ հասկացությունն օգտագործելուց: Ադր- բեջանցի փորձագետները՝ նույնպես: Բայց հետագայում նրանք սկսեցին շրջա նառել «ներքին տեղափոխվածներ» («внутренне перемещенные») հասկացութ- յունը: Առանց խորամուխ լինելու այն բանի մեջ, թե Բաքվի քաղաքագետները ինչ նոր ծուղակ են մեզ համար պատրաստել «внутренне перемещенные»/«ներքին տեղափոխվածներ» հասկացությամբ («ներքին» բառով նրանք նորից են մատնա- ցույց անում Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանական Հանրա պետությանը), հայկական մամուլը ոչ միայն շրջանառության մեջ դրեց այն, այլև հուրախություն Բաքվի перемещенные»/«տեղափոխվածներ» բառը սխալ թարգմանեց և մամուլում սկսեց օգտագործել «ադրբեջանցի տեղահանվածներ» հասկացությունը: