in Russian – http://crossroadorg.info/a-manasyan_21-10-2020/
Ալեքսանդր Մանասյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
21 հոկտեմբերի, 2020 թ
Մեր առջև ծառացած համազգային խնդրիների լուծումը պետական կառույցների և ազգային հասարակագիտական ներուժի միջև աշխատանքային կայուն կապերի ու համագործակցության մեջ պետք է փնտրել: Դա անպայման ենթադրում է համատեղ աշխատանք: Դա, և միայն դա կարող է ապահովել կատարվող աշխատանքների արդյունավետությունը, նրանց ուղղվածությունը դեպի համազգային կարևորության հրատապ խնդիրները, որոնց հետազոտության արդյունքները օր առաջ պետք է դառնան Պետական պատվիրատուի և Կատարողի (գիտական խմբի) համատեղ քննարկման առարկա: Ահա այդ հիմնախնդիրները:
– Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն:
– Հայոց (ներառյալ ադրբեջանահայության) ցեղասպանության մասին հարցադրումները ներքին ու արտաքին քաղաքական դաշտերում;
– ՀՀ-ն ու Արցախը հասարակարգային զարգացման ուղիների տարաբաժանքում: Ազգային ուղու ընտրության հրամայականը:
– Գոյատևության ու զարգացման միասնական օրակարգ Սփյուռքի, Արցախի և ՀՀ համար;
Թվարկված բոլոր հարցերը (կարող են ձևակերպվել և այլ հիմնարար հարցեր, ես սահմանափակվեցի ակնհայտներով) ենթադրում են համակողմանիորեն մշակված հայեցակարգեր, որպիսիք մենք չունենք, չնայած պատմությունը մեզ դրա համար արդեն տրամադրել է ավելի քան քառորդ դար: Պառճառը նույնն է՝ աշխատանքային կապերի բացակայությունը «պատկան մարմինների» ու գիտական հանրության միջև, կապեր, որ պետք է հաստատութենական (ինստիտուցիոնալ) բնույթ ունենան:
Ստորև ես կանդրադառնամ արցախյան խնդրին: Ռազմական փորձագետ չեմ, և իմ դիտարկումները, բնական է, պիտի վերաբերվեն հարցի իրավաքաղաքական ու տեղեկատվական տեսանկյուններին: Ես ելնում եմ այն կախադրույթից, որ կոնֆլիկտի քաղաքական/բանակցային/դիվանագիտական կարգավորման գործընթացներում հատուկ կարևորություն է ձեռք բերում նրա իրավաքաղաքական ու տեղեկատվական կերպարը: Կողմերից ամեն մեկը ձգտում է ձևավորել և հանրային գիտակցության մեջ ներդնել խնդրի՝ իր համար ձեռնտու կերպար, այնպիսին, որով ինքը ներկայանում է արդար կողմ, իսկ ընդդիմախոսը՝ զավթիչ, որը տարածաշրջանային կամ նույնիսկ համընդհանուր վտանգ է ներկայացնում և որին պետք է պատժել, այդ թվում և՝ ուժով: Ժամանակակից պատերազմներում մեր կարգի երկրների համար տեղեկատվական պարտությանը սովորաբար հաջորդում է ընդհանուր պարտությունը:
Եթե ընթերցողը համաձայն չէ հակամարտության տեղեկատվական կերպարի մասին վերն արտահայտված մտքերին, եթե թեման նրան չի հետաքրքրում, կարող է չընթերցել տեքստի շարունակությունը: Իմ գրության հետագա շարադրանքը կատարում եմ այն վստահությամբ, որ ընթերցողը գիտե, թե ինչ դեր է կատարում կոնֆլիկտի տեղեկատվական և իրավաքաղաքական կերպարը տեղեկատվական դարաշրջանում:
Այժմ՝ ըստ էության: Ղարաբաղյան կոնֆլիկտի այն կերպարում, որ մեր կողմից ներակայացվում է միջազգային հանրությանը, բացակայում են սկզբունքային կարևորության բազմաթիվ փաստեր, որոնց իմացությունը պարտադիր է թե պաշտոնական, թե ժողովրդական դիվանագիտության ձևաչափերում բանակցային գործընթացների մասնակիցների համար: Ահա իրավաքաղաքական այդ փաստերից մի քանիսը՝ առանձնացված վեց թեմաներում:
ԱՌԱՋԻՆ: Արցախը XX դարում երկու անգամ ինքնորոշվել է այլ մի պետության իրավադասությունից դուրս գտնվող կամ այլ կերպ՝ այլ մի պետության մաս չկազմող, իրենից բացի որևէ մեկին չպատկանող տարածքներում:
Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1918 թ. հուլիսին, երբ Արցախահայության լիազոր ներկայացուցիչների առաջին համագումարըհամագումարը մերժել է մուսավաթական Ադրբեջանին ենթարկվելու երկրամասին ներկայացված թուքերի պահանջը, հռչակել Հայաստանի Հանրապետության մաս կազմելու արցախահայության վճռականությունը և հաշվի առնելով այն ծանր կացությունը, որում հայտնված է հայկական նորանկախ պետությունը, ձևավորել կառավարություն, Ազգային խորհուրդ՝ լիազորելով նրանց բոլոր այն գործառույթները, որոնք հատուկ են ինքնիշխան պետություններին: Այդ ժամանակ Անդրկովկասն արդեն դուրս էր մնացել Ռուսական կայսրության իրավադասությունից, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն (ԱԴՀ) որպես դե ֆակտո ճանաչված կամ դե յուրե կայացած պետություն չկար: Արցախի հայությունը ինքնորոշվել է՝ իրենից բացի պատմական իրավունքով որևէ մեկին չպատկանող տարածքներում (միջազգային իրավունքով տարածքի կարգավիճակի մասին այլ հիմքերի բացակայության պայմաններում), այն տարածքներում, որտեղ նա պատմականորեն գրեթե անընդհատ կամ եղել է հայկական պետության մաս, կամ ունեցել է միջնադարյան տիպի անկախ կամ կիսաանկախ պետականության ձևեր (Խաչենի Իշխանություն, շահական Պարսկաստանի սահմաններում հայկական մելիքություններ, Ղարաբաղի խանություն): 1918 թվականին, Ռուսական կայսրության փլզումից հետո, Արցախը իր ինքորոշման ակտում որևէ մեկից բաժանվելու խնդիր չուներ երբ իրեն հռչակել է Հայաստանի առաջին հանրապետության անկապտելի մաս:
Նույն կերպ արցախահայությունը ինքնորոշվել է 1991-ի սեպտեմբերին, երբ Բաքվում հրաժարվել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (Ադր. ԽՍՀ) իրավահաջորդությունից և դարձել 1918-1920 թթ. գոյատևած ԱԴՀ իրավահաջորդը, որի կազմում ոչ Արցախ է եղել, ոչ էլ Նախիջևան: Մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է այն բանից հետո (այն ՄԱԿ է ընդունվել 1992 թ. մարտին), երբ Ստեփանակերտում 1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և հարակից հայկական Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների ժողովրդական պատգամավորների համատեղ նիստը Արցախի հարավային մասը, որտեղ ադրբեջանական իշխանություններին չի հաջողվել ցեղասպանության ենթարկել հայ ազգաբնակչությանը, ինչպես սումգայիթից սկսած իրագործել է Ադր. ԽՍՀ մյուս շրջաններում, հռչակել է անկախ պետություն և նույն տարվա դեկտեմբերի 10-ին հրետակոծությունների կրակի տակ կայացած հանրաքվեով հաստատել իր որոշումը: Այս դեպքում էլ Արցախը չի ինքնորոշվել որևէ պետությունից բաժանվելու ակտով և հռչակվել է մերօրյա ԱՀ-ին իրավաբանորեն չպատկանող տարածքներում: Սեպտեմբերի 2-ից հետո ԼՂԻՄ-ը լուծարելու մասին Բաքվում ընդունված «օրենքին» ի պատասխան ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը ի դեմս Պետական Խորհրդի դեռևս գոյություն ունեցող խորհրդային դաշնային պետության Սահմանադրության հիման վրա վերահաստատել է իրավական այն փաստը, որ ԼՂԻՄ-ը խորհրդային տիպի պետականությունների աստիճանասանդղակում հիմնվել է որպես երկրի ազգային պետական կառուցվածքի սուբյեկտ, որի լուծարումը դուրս է Բաքվի իրավասությունից: Բաքուն այդ բանը գիտեր հրաշալի: Գիտեր նաև, որ 1991 թ. օգոստոսի 30-ի Անկախ պետականության վերականգման մասին հռչակագրով և նույն թվականի հոկտեմբերի 18-ի Անկախ պետականության սահմանադրական ակտով, որոնցով ինքը հրաժարվեց լինել Ադր. ԽՍՀ իրավահաջորդը և վերականգնեց 1918-1920 թթ. ԱԴՀ պետականությունը, դադարում են իր առանց այն էլ անհիմն իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Բանն այն է, որ ԱԴՀ-ն պատմական ասպարեզը լքել է՝ չունենալով դե յուրե ճանաչված կամ դե ֆակտո հասատատված սահմաններ և կամ փաստացի վերահսկողություն հայկական այդ երկրամասում (նաև Նախիջևանում): Դրա համար էլ 1991 թ. նոյեմբերի 23-ին, երբ դեռ ԽՍՀՄ-ը չէր հեռացել քաղաքական բեմից, ընդունելով ԼՂԻՄ-ի լուծարման մասին իրավաբանորեն անիմաստ «օրենքը», այն հրապարակեց ԽՍՀՄ լուծարումից հետո՝ 1992 թ. հունվարին: Փաստաթուղթը իր ընդունման պահից իրավաբանորեն անհեթեթ էր ոչ միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի (նաև Նախիջևանի) հետ Բաքուն իրավական որևէ առնչություն արդեն չուներ, այլ նաև այն պատճառով, որ հայտնի չէ, թե իրավական որ դաշտին է այն վերաբերվում՝ խորհրդային, թե՞ հետխորհրդային:
Շարադրված իրավական բնույթի կարևոր փաստերն այն մասին, որ 1918 թ. հուլիսին և 1991 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է իրենից բացի ոչ մեկին չպատկանող տարածքներում, դուրս են մնում կոնֆլիկտի իրավաքաղաքական ու տեղեկատվական կերպարից ու միջազգային հանրությանն ուղղված մեր ուղերձներից: Դրանք բոլորովին չեն արժեզրկում մեր գոյապայքարում 1918-1992 թթ. հայկական երեք հանրապետությունների և Արցախի համատեղ կամ միմյանցից անկախ կատարած իրավական քայլերն ու այն փաստաթղթերը, որոնցում դրանք ամրագրած են: Չեն արժեզրկվում նաև Ազգերի լիգայի ու խորհրդային իշխանությունների կողմից արցախյան հարցով ընդունած իրավական կամ քաղաքական բնույթի որոշումները: Դրանց մեծ մասը ընդունվել են քաղաքական կոնկրետ իրավիճակների կապակցությամբ: Հայկական կողմերի ձեռնարկած քայլերը մեծ մասաբ եղել են անվրեպ: Բայց նկատել է պետք, որ հայոց իրավաքաղաքական միտքը ծանրացել է հենց այդ իրավական ակտերի իրավազորության կամ ձեռնարկած քայլերի քաղաքական նպատակահարմարության վրա, մի տեսակ ստվերում թողնելով Արցախի կողմից ընդունված այն ակտերի նշանակալից իրավական իմաստները, որոնց մասին նշվեց վերը: Որպես օրինակներ կարող ենք նշել 1988 թ. փետրարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի ընդունած որոշումը, 1989 թ. դեկտեմբերի մեկին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի ՄԻԱՑՄԱՆ մասին ընդունած որոշումը, ԽՍՀՄ ԳԽ կողմից 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված որոշումը և այլն: Դրանք բոլորը հայանպաստ են եղել, բայց իրավական իրենց ներուժով զիջում են մեր կողմից նշվածներին, քանի որ դրանցում խոսքը ոչ թե Ադրբեջանից անջատվելու, այլ իրենից բացի ոչ մեկին չպատկաող տարածքներում օրինաբար իրականացված ինքնորոշման մասին է:
ԵՐԿՐՈՐԴ: 1988-ի փետրվարին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան վերաբորբոքված կոնֆլիկտը սկիզբ է առել 1918 թվականի ամռանը, երբ Անդրկովկաս ներխուժած թուրքական զորքերը փորձել են զենքի ուժով ստիպել Արցախին ենթարկվել ԱԴՀ-ին, արհեստածին մի պետականության, որը հիմնվել է ոչ թե Ադրբեջանի ժողովուրդների, այլ ռազմական ներխուժումով տարածաշրջան մտած թուրքական բանակի կողմից:
Արցախահայության լիազոր ներկայացուցիչների համագումարները, որ լեգիտիմության տեսակետից բացառիկ ազգային կառույց են ներկայացրել ողջ տարածաշրջանում, մերժել են այդ պահանջները: Հաջորդիվ, 1918 թ. հոկտեմբերի 18-ին, Մսմնայի տակ Արցախի պաշտպանական ուժերը ջարդել են թուրքական այն զորագունդը, որը խախտելով պայմանավորվածությունը, Շուշիից շարժվում էր դեպի Կարյագինո՝ միավորվելու մուսավաթական ուժերին՝ Արցախի վրա միասնաբար գրոհ ձեռնարկելու համար: Դա եղել է Արցախի Սարդարապատը: Թուրքերն այստեղ ջախջախվել են գլխովին: Մսմնայի ճակատամարտը, դրան հաջորդած գեներալ Թոմսոնի գլխավորած անգլիական էքսպեդիցիոն կորպուսի միջամտությունը Արցախ-ԱԴՀ կոնֆլիկտին, 1919-1920 թվականներին արցախյան խնդրի արծարծումները Ազգերի լիգայում հաստատումն են այն փաստի, որ արդեն իսկ այդ տարիներին Արցախ-ԱԴՀ կոնֆլիկտը ընդունել էր միջազգային զինված հակամարտության բնույթ: 2018-ին մենք հանիրավի լռության մատնեցինք Մսմնայի ճակատամարտի՝ այդ դիմաբախության բախտորոշ իրադարձության 100 տարին:
Զինված հակամարտությունն ունի 100, այլ ոչ թե 30 տարվա պատմություն, ինչպես սովորաբար ներկայացվում է: Այս փաստը նույնպես մեր կողմից չի ընդգծվում և դուրս է մնում խնդրի իրավաքաղաքական ու տեղեկատվական կերպարից և միջազգային հանրությանն ուղղված մեր ուղերձներից:
ԵՐՐՈՐԴ: Արևելյան Անդրկովկասի, Հյուսիսային Արցախի և Նախիջևանի հայության ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության՝պանթուրքական ծրագրով մարդկության դեմ XX դարում կատարված հանցագործության փուլերից մեկն է:
Ոճիրը իրագործել են Օսմանյան կայսրությունը, հանրապետական Թուրքիան և վերջինիս կողմից 1918-ին Անդրկովկասում հիմնած և հետագայում կրկնակի անվանափոխված ԱԴՀ-ն (հընթացս նկատենք, որ թե Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կրմիր բանակի կողմից հիմնած և 1920-1991 թթ. գոյատևած Ադր. ԽՍՀ-ն, թե 1991-ից ասպարեզում հայտնված ԱՀ-ն հրաժարվել են լինել իրենց անմիջական նախորդի իրավահաջորդը): 1918 թ. դեպի Բաքու շարժվելու ճանապարհին Թուրքական կանոնավոր բանակը բնաջնջել է տասնյակ ու տասնյակ հայկական բնակավայրեր, իսկ քաղաքը գրավելուց հետո՝ սպանդի ենթարկել ավելի քան 30 հազար հայերի: 1918 թ. Արևելյան Անդրկովկասում՝ Օսմանյան կայսրության սահմաններից դուրս թուրքական կանոնավոր բանակի կողմից հայ խաղաղ բանկչության կոտորածը Հայոց ցեղասպանության փաթեթում առանձնահատուկ փաստի նշանակության ունի: Կատարված ոճրիրը հերքելու համար Անկարայի կողմից մեր օրերում բերվող այն «փաստարկը», թե իբր կայսրությունը իր անվտանգության նկատառումներով ընդամենը տարհանել է հայ բնակչությանը, և որ մարդկային քարավանների հետ ճանապարհին պատահած «դժբախտ պատահարները» ցեղասպանություն որակել չի կարելի, այս դեպքում արժեզրկվում է, քանի որ ոչ թե խաժամուժը կամ ավազակային խմբերը, այլ թուրքական կանոնավոր բանակն է (!) իր երկրի սահմաններից դուրս (!) իրագործլ հայերի զանգվածային ջարդեր միան այն բանի համար, որ նրանք հայ են (!):
Թուրքական բանակը 1918 թվականին կայսրության սահմաններից դուրս Արևելյան Անդրկովկասում կոտորել է հայ խաղաղ բնակչությանը, և ցեղասպանական անհերքելի այս փաստը դուրս է մնում հիմնախնդրի իրավաքաղաքական կերպարից և միջազգային հանրությանն ուղղված մեր ուղերձներից:
ՉՈՐՐՈՐԴ: Խորհրդային Ադրբեջանը հիմնվել է որպես ոչ ազգային (արտազգային) սոցիալիստական հանրապետություն և մինչև 30-ական թվականները չի ունեցել տիտղոսակիր ազգ: Բնիկ հայերն ու իսլամադավան ժողովուրդները և կովկասյան թաթարները դիտվել են որպես ինտերնացիոնալ, տիտղոսակիր ազգ չունեցող այդ հանրապետության հիմնադիրներ:
30-ական թվականներից սկսած ադրբեջանական ազգ կառուցելու ստալինյան նախագիծը արտոնել է ոչ միայն բնիկ մահմեդականների բռնի ադրբեջանականացումը (գործնականում՝ թուրքացումը, որ ըստ երևույթին չէր մտնում Ստալինի պլանների մեջ), այլև լռության քողի տակ հանրապետության հայության նկատմամբ իրագործվող տնտեսական ու քաղաքական հալածանքները, որ 1988-1991 թթ. սումգայիթյան եղեռնից սկսած վերաճել են արյունալից ջարդերի: 1918 թ. թուրքական կանոնավոր զորքերի կողմից սկսված Արևելյան Անդրկովկասի հայության ցեղասպանությունը շարունակել են ԱԴՀ-ն և նրան փոխարինած Ադր. ԽՍՀ-ն ու մերօրյա ԱՀ-ն: Վերջինիս քաղաքական վարքը 1991-1994 թվականներին և 2016-ի քառօրյա պատերազմի օրերին հաստատում են, որ այն կրում է 1918-ին օսմանյան թուրքից փոխանցված ցեղասպանածին մշակույթի գեները:
XX դարում պատմական բնակության իր տարածքներում ցեղասպանվել է Նախիջևանի, Հյուսիսային Արցախի ու Արևելյան Անդրկովկասի հայությունը՝ Խորհրդային Ադրբեջանի հիմնադիր բնիկ ազգային համայնքներից մեկը: Դա բացառիկ երևույթ է XX դարի պատմության մեջ, բայց այդ փաստը դուրս է մնում Ադրբեջան-Արցախ հակամարտության քաղաքական կերպարից և միջազգային հանրությանն ուղղված մեր ուղերձներից:
ՀԻՆԳԵՐՈՐԴ: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Եվրոպայի նախաձեռնությամբ 1991-1992 թթ. հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները ճանաչվեցին նախկին միութենական հանրապետությունների սահմաններում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում հայկական կողմերին փաթաթվել է հակամարտության էությունն աղավաղող հասկացությունների մի ամբողջ փաթեթ:
Ցայսօր մեր դիվանագիտությանը չի հաջողվել բանակցային խոսույթից դուրս մղել կամ ճշտգրտել ակնհայտորեն կեղծ, հիմնախնդրի անմիջական իրավական ու փաստական հիմքերին և նույնիսկ հանրահայտ աշխարհագրական իրողություններին բացահայտորեն հակասող այդ հասկացություններից ոչ մեկը: Տիպական օրինակներ են «Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներ» և «Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի» հասկացությունները: Բավական է նայել քարտեզին՝ համոզվելու համար, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) դուրս չի եկել աշխարհագրական Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) սահմաններից, առավել ևս նրա շուրջ որպես անվտանգության գոտի չի գրավել տարածքներ: Բանակցային գործընթացում բացահայտ խեղաթյուրումով Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական տարածքը նույնացվում է նախկին ԼՂԻՄ-ի հետ և ամփոփվում նրա վարչական սահմաններում: Իրականում ԼՂԻՄ-ը աշխարհագրական Լեռնային Ղարաբաղի մի մասն էր միայն: Ադրբեջանական կողմի ջանքերով բանակցային խոսույթում ներդրված այդ նենգափոխությամբ քողարկվում է սկզբունքային կարևորության այն փաստը, որ չընդունված (այն ի տարբերություն նախորդ օրն ընդունած որոշման ոչ քննարկվել է, ոչ դրվել քվեարկության), բայց արցախահայության կամքին հակառակ գործողության մեջ դրված ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմամբ որպես ՀԽՍՀ-ից ԼՂ բռնի օտարման փոխհատուցում նախատեսվում էր ողջ աշխարհագրական ԼՂ-ին տալ լայն իրավունքներով ինքնավար մարզի կարգավիճակ (փաստաթղթում գրված է՝«Нагорный Карабах оставить в пределах Азербайджанской ССР, предоставив ему широкую областную автономию»): Ի խախտումն առանց այն էլ հակաիրավական այդ որոշման Բաքուն 1923-ին հայկական մարզը դեկրետավորել է ԼՂ մի մասի վրա միայն (փաստաթղթում գրված է՝ «Образовать из армянской части Нагорного Карабаха автономную область»): Այսօր Բաքվին հաջողվել է մարզից մի քանի անգամ մեծ աշխարհագրական Լեռնային Ղարաբաղ/Արցախը նույնացնել ԼՂԻՄ-ի հետ, հետին թվով արդարացնելով նաև հայկական մարզը ԼՂ մի մասի վրա դեկրետավորելու իր քայլը: Այնինչ բավական է կարդալ Կովբյուրոյի որոշումը (իսկ Ադր. ԽՍՀ սահմաներում Արցախի հայտնվելու մասին ուրիշ որևէ այլ հիմք չկա) և նայել ֆիզիկական քարտեզին, որպեսզի պարզ լինի, որ այսօր ԼՂՀ կողմից պետականորեն վերահսկվող տարածքները, այն տարածքներն են, որ ըստ այդ որոշման պետք է լինեին ԼՂԻՄ սահմաններում:
Այն տարածքները, որոնցում Արցախի Հանարապետությունը իրականացնում է պետական իշխանություն, աշխարհագրական Լեռնային Ղարաբաղի սահմաններում են: Լեռնային Ղարաբաղից դուրս կամ նրա շուրջ Արցախը տարածքներ չի գրավել կամ ազատագրել: Նա վերահսկում է մի մասը միայն այն տարածքների, որ ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի որոշման համաձայն պետք է լինեին ԼՂԻՄ-ի սահմաններում: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կենտրոնական տարածքները և ամբողջ Հյուսիսային Արցախը այդ փաստաթղթի համաձայն (որ Ադր. ԽՍՀ-ում Լեռնային Ղարաբաղի հայտնվելու միակ «հիմքն» է), օկուպացված են Ադրբեջանական Հանրապետության կողմից: Այս փաստը դուրս է մնում Ադրբեջան-Արցախ հակամարտության քաղաքական կերպարից և միջազգային հանրությանն ուղղված տեղեկատվական մեր ուղերձներից: Հայկական դիվանագիտությունը ավելի քան քառորդ դար տևող բանակցություններում չի կարողացել հասնել նրան, որ Բաքուն ու միջնորդները տարբերակեն ԽՍՀՄ ազգային վարչաքաղաքական միավոր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը աշխարհագրական Լեռնային Ղարաբաղից:
ՎԵՑԵՐՈՐԴ: Շուրջ երկու տասնամյակ առաջ, 1992 թ. փետրվարի 26-ի գիշերը հայկական կողմից նախապես թողնված միջանցքով Խոջալուից դուրս եկած բնակիչները ընդհուպ մոտեցել էին Աղդամին և կարող էին մտնել Ադրբեջանական ժողճակատի վերահսկողության տակ գտնվող քաղաք (դրանք մեծ մասամբ Ուզբեկստանից հեռացած և հատուկ մտադրությամբ այստեղ բերված թուրք-մեսխեթցիներ էին): Բայց հենց քաղաքի դարպասների մոտ ռադիոկապով հրահանգ են ստացել շարժվել դեպի Շելլի գյուղը: Գիշերվա քողի տակ, դարձյալ Ադրբեջանի ժողճակատայինների վերահսկողության տակ գտնվող տարածքում, տեղի է ունենում Խոջալուից դուրս եկած բնակիչների սպանդը:
Հայկական կողմը տիրապետում է հսկայական փաստական նյութի՝ կատարվածը ժողճակատայինների կողմից նախապես պլանավորված լինելու և հենց նրանց կողմից այդ սպանդն իրագործելու մասին, սակայն տարիներ շարունակ թերագնահատել է Աղդամի մերձակայքում տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը հակամարտության կերպարի ձևավորման գործում: Բաքուն գործել է կիրառելով տեղեկատվական պատերազմի բոլոր տեխնոլոգիաներն ու գործիքները: Տարիներ շարունակվող անհասկանալի մեր կրավորական պահվածքը թույլ է տվել նրան այդ վանդալիզմը վերագրել հայերին և դրանով խոջալուն հավասարացնել սումգայիթին: (Խոջալուն որպես ցեղասպանական ակտ ճանաչել են 16 երկիր և ԱՄՆ 24 նահանգ): Ավելին, ադրբեջանական կողմն այսօր դրա համար օգտագործում է հայ բարձրաստիճան որոշ գործիչների չմտածված, չկշռադատված գնահատականներն ու արտահայտությունները, որոնք տեղեկատվական պատերազմի բնույթին անտեղյակության և, թող թույլ տրվի ասել, այդ հարցերում անգրագիտության արդյունք են:
Խոջալուն պետք է փոխարինվի Աղդամով, և դրա համար մենք բոլոր հիմքերն ունենք հաստատված, հավաստի փաստերի ու վկայությունների մեծածավալ փաթեթի տեսքով: Պատմություն արդեն իսկ մեզ դրա համար տրամադրել է շուրջ 20 տարի, սակայն մենք չենք կատարել նրա հանձնարարությունը: Խոջալուն փոխարինել Աղդամով և այդ տեսակետից նոր լույս սփռել դեպքի հետ կապված մյուս բոլոր հարցերի վրա՝ սա է արցախյան հարցի տեղակատվական ճակատում մեր անհետաձգելի խնդիրներից մեկը: Բայց ինչպես հաճախ է պատահել մինչ այժմ, հիմնախնդրով զբաղվող «պատկան մարմինները» և պատասխանատու այրերը նման մի տեղեկություն ստանալուց հետո սովորաբար ասում են՝ «Այո, հասկացա» ու թույլ տալիս հաջորդ սխալը, առանց հասկանալու, որ խնդիրը, ցավոք, դրանից հետո է սկսվում միայն: Բանն այն է, որ հակառակորդի կողմից արդեն աշխարհին հրամցված «Խոջալուի ցեղասպանություն» առասպելի քողազերծումը հատուկ բնույթի մասնագիտական աշխատանք է, որը ենթադրում է նուրբ, խորապես մտածված ծրագիր այն փորձագետների կողմից, որոնք տիրապետում են թե կոնկրետ նյութին, թե տեղեկատվական պատերազմի հնարքներին:
Ի դեպ, սա վերաբերվում է նաև մեր կողմից առանձնացված և նախորդ թեմաներում շոշոփված հարցերին: Դրանց դեպքում էլ չի կարելի հապճեպ ասել «Այո, հասկացա» և հույսը դնել իր իմացածի վրա: Խնդիրը միջազգային հարթակներում ներկայացնող պատասխանատուն պետք է ծանոթ լինի մեր պետականության համար առանցքային հարցերի վերաբերյալ այլընտրնքային, հաճախ փոխբացառող տեսակետներին և մասնակցի դրանք կրող և հիմնավորող փորձագետների բանավեճին, որովհետև մտքերի ու հայացքների ազատ, անկաշկանդ բախման հարթակն է հենց ճշմարտության ծննդավայրը: Եթե Քրիստոսի ժամանակ թերթեր լինեին, նա միևնույն է պետք է գյուղեգյուղ գնար կամ աշակերտներին բանավոր խոսքով ու քարոզով փոխանցեր իր վարդապետությունը, քանի որ հայացքների ու տեսակետների ազատ, բանավոր քնարկումին ոչինչ չի փոխարինում: Գրավոր տեքստը (այդ թվում և սույն նամակը) այդ ուժը չունի: Ցավոք այն տպավորությունն է հաստատված, որ մեր «պատկան մարմիններն» ու պատասխանատուները դրա համար ուղղակի ժամանակ չունեն, երբ դրանից կարևոր գործ պետությունը չունի: Առաջարկվող մոտեցումը կարող է իրականացվել տարբեր կազմակերպական ձևերում: Կարևոր է, որ ազգային հիմնարար հարցերի վերաբերյալ տարբեր լուծումներ առաջարկող խմբերը ընդդիմախոսեն միմյանց, բացահայտեն հակառակ տեսակետի խոցելի կողմերը: Առողջ, անշահախնդիր ընդդիմախոսությունը պետք է դառնա մեր ազգային կոլեկտիվ վերլուծական ծառայության պարտադիր հետազոտական տեխնոլոգիան՝ առանց որի մենք կշարունակենք մնալ ինչ-որ (հաճախ խնդրին չտիրապետող) անհատներից եկող, անվերապահ ճշմարտության հավակնող, «վերևից իջեցվող» և քննարկման ու քննադատական դաշտից դուրս գտնվող մտակաղապարների պատանդը:
Մենք վերը թվարկել ենք առանցքային կարևորության ազգային հիմնախնդիրներից ընդամենը մի քանի օրինակներ, որոնցում հայկական դիվանագիտության ակնհայտ թերացումները նպաստել են Արցախ-Ադրբեջան հակամարտության խեղված կերպարի ձևավորմանը միջազգային հարթակում և նաև մեր ազգային գիտակցության մեջ դրանց ներդրմանը: Այդ օրինակները շատ են: Դրանք վերաբերվում են փախստականություն, հակամարտության կողմ առանցքային թեմաներին, բանակցային գործընթացից Արցախի՝ իբրև թե Ադրբեջանի կողմից դուրս մղված լինելու հարցին, և այլն, և այլն: Հակամարտության կերպարը լուրջ շտկման կարիք ունի:
Արցախ-Ադրբեջան հակամարտության հայանպաստ կարգավորումը հնարավոր չէ խնդրի խեղված այն կերպարի առկայությամբ, որն ինչ-որ իմաստով ձևավորվել է նաև մեր օգնությամբ: Եթե նույնիսկ մեր ուժը հերիքի խնդիրն ուժով լուծել, նրա աղավաղված կերպարը այդ ընթացքում մեզնից շատ զոհեր է պահանջելու: Նկատենք, որ եթե 1988-1991-ին մենք միջազգային հանրությանը ներկայանում էինք որպես կոնֆլիկտի արդար կողմ, ապա այսօր ունենք Խոջալուի ու Մադրիդի բեռները, որոնցից պետք է անպայման ազատվել, ինչը ենթադրում է տեսական նոր որակի վերլուծություններ, նոր մոտեցումներ և խնդիրը այլոց ներկայացնող պատասխանատուների կողմից դրանք յուրացնելու պատրաստակամություն: Հակամարտության խեղված կերպարը հենց բանակցային գործընթացում է աշխատում ընդդեմ մեզ, և այլ կերպ էլ չէր կարող լինել: Ցավոք, այդպես է:
- Ararat Armenian Forum in Facebook
- Vkontakte
- Telegram
2 thoughts on “Ալեքսանդր Մանասյան. ԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ”