in English – http://crossroadorg.info/en/wa-21-9-2025-7-en/
in Russian – http://crossroadorg.info/wa-21-9-2025-7/
in French – http://crossroadorg.info/en/wa-21-9-2025-7-fr/
(ներկա ճգնաժամի պայմաններում հորդորում ենք կրկին ուշադիր ընթերցել 2012 թվականի սկզբներին պատրաստված և ութ մասից բաղկացած սույն հոդվածաշարը)
Եվ 2017 թ․ «Strategist» ամսագրի հոդվածը` «ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Իրաքում քրդական պետության ստեղծելու ծրագիրը», և 2006 թ․ հրապարակումը՝ «Մերձավոր Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», արևմտյան շրջանակների կողմից մեծ քրդական պետություն ստեղծելու ծրագրի մասին է, որը հետապնդում է երկու նպատակ․
ա) Արևմտյան Հայաստանի տարածքի վրա Իսրայելին ու հավաքական արևմուտքին ենթամանդատային մի քրդական պետություն ստեղծել, և
բ) 1920-1921 թթ․ ու 1945 թ․ օրինակով, մեկ անգամ ևս, մի որոշ ժամանակով, կասեցնել հայ ժողովրդին տրված իրավունքների իրականացումն ու Հայկական Հարցի կարգավորումը:
Մենք ժամանակին, 2010 թ․ սկսած, մի շարք ելույթներով, հրապարակումներով ու վերլուծականներով անդրադարձել ենք այդ ծրագրերին։ Այժմ նպատակահարմար ենք գտնում կրկնել և՛ արևմտյան ծրագրերը ներկայացնող հրապարակումները, և՛ նախկինում պատրաստած մեր հոդվածներն այդ ծրագրերի վերաբերյալ:
Հայաստան պետություն (Արևմտյան Հայաստանի Հանրապետություն)
22 սեպտեմբեր 2025 թ.
Հայաստանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում
(7-րդ մաս)
ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների» հոդվածում հայերին և Հայաստանին վերաբերող գլխավոր հատվածը հետևյալն է. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ» (1):
Հիրավի մեծ երևակայություն պետք է ունենալ կարողանալու համար արտաբերել այնպիսի մի նախադասություն, որտեղ հմտորեն փաթեթավորված լինեն նվազագույնը երեք բացահայտ կեղծիք:
Առաջին: Հայերի նկատմամբ իրականացվածը «չարագործություն» չէ, մարդկայնության դեմ իրականացված «հանցագործություն» է, որի նկատմամբ ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում և որն անպայման ենթակա է պատժի, ուստի բառախաղն այստեղ միանգամայն անտեղի է:
Երկրորդ: Կարիք չկա «արդարացում» փնտրել Օսմանյան կայսրության համար, իբրև թե` հոգեվարքի մեջ էր գտնվում, դրա համար էլ իրականացրեց հայերի ցեղասպանությունը: Օսմանյան Թուրքիան հոգեվարքի մեջ հայտնվեց 1918 թվականի վերջին, մինչդեռ Հայոց ցեղասպանությունը իրականացրել են երեք թուրքական կառավարություններ` սուլթանական, երիտթուրքական, քեմալական, համապատասխանաբար` 1894-96, 1909, 1915-17, 1918-23 թթ., իսկ դրա լայնածավալ մասը 1915-17 թթ., երբ կրկին Օսմանյան կայսրությունը հոգեվարքի մեջ չէր:
Երրորդ: Պետք չէ փորձել հայերին «նվիրատվությունից» զրկել, որովհետև` նախ Հայրենիքը չի անհետանում, այլ ընդամենը հափշտակվում է, օկուպացվում, ժամանակավորապես (2): Եվ ապա, որպես Հայոց ցեղասպանության փոխհատուցում` Սևրի դաշնագրով և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով կատարվել է մասնակի հատուցում, որը սակայն չի իրականացվել, և որը պարտադիր է իրականացման համար: Մասնակի, որովհետև Վիլսոնի Իրավարար վճիռն ընդգրկել է Հայոց հայրենիքի 40 տոկոսը միայն, այն պատճառաբանությամբ, որ հայերն այդ պահին Հայաստանում չէին կարող մեծամասնություն կազմել: Նկատենք, որ այժմ կարող են:
Հայտնի խոսք է, որ ԱՄՆ-ում ապրող մարդը երկու բանից չի կարող խուսափել. մահից և հարկերից: Հետաքրքիր է Ռալֆ Պիտերսի և նրա փորձագիտական խմբի պարագան ինչպիսին է: Ոչ, ոչ, մենք նկատի չունենք այն, որ նրանք փորձում են հարկերը թաքցնել, այլ այն, թե ինչ թեթևությամբ են նրանք քամուն տալիս ամերիկյան հարկատուի փողերը, երբ այդքան անխնա շրջանցում են ամերիկյան ազգային պետական շահերը, այդ թվում` մի զարմանահրաշ հնարքով շրջանցելով իրենց իսկ նախագահի վավերացրած Իրավարար վճիռը:
Գրեթե նույն կերպ վարվեցին ԱՄՆ սենատի այն անդամները, որոնք 1920-ին մերժեցին Հայաստանի մանդատը: Լավ է, որ ԱՄՆ նախագահի Իրավարար վճիռը մերժելու իրավասություն չունեին, թե ոչ դա էլ կանեին: Դրանից շուրջ 100 տարի անց ԱՄՆ-ն ամենաանհավանական միջոցներ է գործադրում և ամենաանսպասելի կարողությունների տեր մարդկանց փնտրում ու գտնում աշխարհի տարբեր ծագերում` ամերիկյան ազգային պետական շահերն այստեղ ու այնտեղ հաստատելու նպատակով, ինչից այնքան դյուրությամբ ժամանակին հրաժարվեցին ամերիկյան մի խումբ օրենսդիրներ (3):
Հնարավոր է, որ այդ օրենսդիրների համար նույնպես աշխատել էր փորձագիտական այնպիսի մի խումբ, ինչպիսին Ռալֆինն է, քանի որ ձեռագիրը նույնն է. ամեն կերպ մերժել, շրջանցել հայության և Հայաստանի ազգային պետական շահերը, ամեն կերպ, նույնիսկ` ամերիկյան հարկատուների փողերը քամուն տալու և ԱՄՆ զինվորականների կյանքն անհարկի վտանգի ենթարկելու գնով:
Չնայած, որ Ռալֆը Հայաստանը ընդգրկել է շահող երկրների ցուցակում նկատի ունենալով, որ տեսականորեն Հայաստանին է վերադարձվում Արարատ լեռը հողակտորի մի եզրաշերտով, հնարավոր է` մինչև Անի մայրաքաղաք երկարող, փոխարենը քարտեզում ներառված չէ`
ա) արդեն իսկ հիշատակված Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանին պատկանող տարածքը,
բ) Իրավարար վճռից դուրս մնացած Արևմտյան Հայաստանի երեք վիլայեթները և Կիլիկյան Հայաստանը,
գ) և ավելին` քարտեզում նշված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ու
դ) «անհետացել է» Նախիջևանի Ինքնավար Մարզը:
Այս ամենը արված է 20-րդ դարասկզբի տրոցկիների կամայական մասնահատումների ու այլոց «նվիրատվություններ» կատարելու ձեռագրով (4):
Այսինքն, Ռալֆն ու նրա փորձագիտական խումբն ամբողջովին անտեսել է հայերի և Հայաստանի գրեթե բոլոր իրավունքները, դրանք լինեն ազգային, թե պետական, իրավական, թե քաղաքական, տնտեսական, թե մշակութային, վերջապես պատմական, թե քաղաքակրթական:
Շատ յուրահատուկ և խիստ ուսանելի վիճակ է, որովհետև հաշվի առնելով 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների փորձը, երբ հայերին հրավիրեցին մասնակցելու ռազմաքաղաքական խոշորածավալ գործողությունների և, որին հայերը մասնակցեցին իսկապես մեծ հավատով ու ներուժով, ինչին, իբրև պատասխան պատերազմների ավարտին մնացին իրենց իսկ կորուստների հետ մեն-մենակ… ապա այս դեպքում, ռազմաքաղաքական նոր իրադարձությունների շղթայում հայերը կարող են չեզոք դիրք գրավել (5), նկատի ունենալով, որ արևմտյան փորձագիտական միտքը վաղօրոք արդեն չի նախատեսել հայկական խնդիրներից որևէ մեկին հիմնավոր լուծումներ տալ: Ուստի, հայության համար ավելի ճիշտ է կենտրոնանալ ազգային անվտանգության ու ինքնապաշտպանության սեփական արդիական համակարգ ստեղծելու խնդիրների վրա: Վկա Ռալֆի ու նրա փորձագիտական խմբի հեղինակած այս ողջ աշխատանքը:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
03 ապրիլ 2012 թ.
———————-
Ծանոթագրություն
- Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», թարգմանությունը և նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.
- Տես, Պարույր Սևակ, «Հայրենիքն այն է, որ ոչ թե կորչում, այլ ընդամենը հափշտակվում է», Եռաձայն պատարագ, 1965 թ. փետրվար, ԵԺԼ, Հ. 4, «Հայաստան» հրտ., Երևան, 1973, էջ 314:
- Տես, Հայաստանի մանդատը, «1920-ի հունիսի 1-ին կոնգրեսի որոշմամբ սենատի արտաքին գործերի հանձնաժողովը, 11 ձայնով ընդդեմ 3-ի, մերժեց Հայաստանի մանդատը վերցնելու պրեզիդենտ Վիլսոնի առաջարկը», ՀՍՀ, Հ. 6, Երևան, 1980, էջ 147-148:
- Տես, Լև Տրոցկի, Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում, «Ժիզն նացիոնալնոստեյ», 4 մարտ 1921 թ., «Ուխտ Արարատի», թիվ 3 /14/, հոկտեմբեր-նոյեմբեր, 2007, էջ 18-22:
- Տես, «Չեզոք պետությունների և անձանց իրավունքների և պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի դեպքում» Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.: