in English – http://crossroadorg.info/en/wa-21-9-2025-4-en/
in Russian – http://crossroadorg.info/wa-21-9-2025-4/
in French – http://crossroadorg.info/en/wa-21-9-2025-4-fr/
(ներկա ճգնաժամի պայմաններում հորդորում ենք կրկին ուշադիր ընթերցել 2012 թվականի սկզբներին պատրաստված և ութ մասից բաղկացած սույն հոդվածաշարը)
Եվ 2017 թ․ «Strategist» ամսագրի հոդվածը` «ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Իրաքում քրդական պետության ստեղծելու ծրագիրը», և 2006 թ․ հրապարակումը՝ «Մերձավոր Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», արևմտյան շրջանակների կողմից մեծ քրդական պետություն ստեղծելու ծրագրի մասին է, որը հետապնդում է երկու նպատակ․
ա) Արևմտյան Հայաստանի տարածքի վրա Իսրայելին ու հավաքական արևմուտքին ենթամանդատային մի քրդական պետություն ստեղծել, և
բ) 1920-1921 թթ․ ու 1945 թ․ օրինակով, մեկ անգամ ևս, մի որոշ ժամանակով, կասեցնել հայ ժողովրդին տրված իրավունքների իրականացումն ու Հայկական Հարցի կարգավորումը:
Մենք ժամանակին, 2010 թ․ սկսած, մի շարք ելույթներով, հրապարակումներով ու վերլուծականներով անդրադարձել ենք այդ ծրագրերին։ Այժմ նպատակահարմար ենք գտնում կրկնել և՛ արևմտյան ծրագրերը ներկայացնող հրապարակումները, և՛ նախկինում պատրաստած մեր հոդվածներն այդ ծրագրերի վերաբերյալ:
Հայաստան պետություն (Արևմտյան Հայաստանի Հանրապետություն)
22 սեպտեմբեր 2025 թ.
Ադրբեջանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում
(4-րդ մաս)
ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների» հոդվածում Ադրբեջանին վերաբերող հատվածը զետեղված է Իրանին վերաբերող արդեն մեզ հայտնի հատվածի մեջ. «Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին…» (1):
Քանի որ, Ռալֆ Պիտերսն իր հոդվածում գործածել է «տարածքային նվիրատվություն» բառակապակցությունը, մենք էլ օգտվենք դրանից և նկատենք, որ Ռալֆ Պիտերսը «տարածքային նվիրատվություններ» է կատարել Ադրբեջանի օգտին:
Դրանք երեքն են.
- Քարտեզում բացակայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն նշված չէ ընդհանրապես,
- Հյուսիսային Իրանի տարածքների հաշվին ընդարձակվելիս ի շահ Ադրբեջանի «անհետացել է» Նախիջևանի Ինքնավար Մարզը, հասկանալի է, իր իրավական-քաղաքական բոլոր հետևանքներով հանդերձ,
- Ադրբեջանին որպես «տարածքային նվիրատվություն» «հատկացվել է» նաև Հյուսիսային Իրանի, այսպես կոչված Հարավային Ատրպատականի տարածքը:
Այժմ հասկանալի է, թե ինչո՞ւ էին այդքան շտապում Ադրբեջանի օրենսդիրները 2012 թվականի փետրվարի 1-ին, երբ «Մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ երկրի անվանումը փոխելու նախաձեռնությամբ հանդես եկան»: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Խորհրդարանականների կարծիքով, հաշվի առնելով, որ Իրանի հյուսիսային շրջանները բնակեցված են ազերիներով, ապա անհրաժեշտ է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը «դարձնել» Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն: Այս նախաձեռնության հեղինակներն Ադրբեջանում իշխող «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության պատգամավորներն են: Նշենք, որ այս առաջարկությունը դեռ հունվարին հնչեցրել էր ընդդիմադիր պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը կոչ անելով «պաշտոնապես հայտարարել, որ ադրբեջանցիները բաժանված ազգ են»: /Haynews.am, 01.02.2012 – 18:55/
Այժմ հասկանալի է նաև, թե ինչո՞ւ իր տարածքային ամբողջականության ճանաչման խնդրանքով 2011 թվականի օգոստոսի 2-ին ադրբեջանցիները դիմել են հենց ԱՄՆ Սենատին. «Տեսնելով, թե ինչպես ԱՄՆ Սենատը 175 բանաձևով ընդունեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը և Աբխազիան ու Հարավային Օսիան անվանեց օկուպացված տարածքներ, ադրբեջանցիները որոշել են օգտվել այդ առիթից ու այժմ էլ իրենց բախտը փորձել: Ադրբեջանը դիմել է Սենատին իր տարածքային ամբողջականության ճանաչման ու Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարածք ճանաչելու խնդրանքով: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքուն նաև հորդորել է արտասահմանում ապրող իրենց հայրենակիցներին նմանատիպ բանաձև ընդունելու պահանջով նամակներ գրել Սենատին»: /Asekose.am, 02/08/2011/ ԱՄՆ Սենատին են դիմել, որովհետև ադրբեջանցիները հավանաբար նույնպես ծանոթ են ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի հոդվածին ու քարտեզին և ենթադրել են, որ ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես 2008-ին հայտարարել էր Մեթյու Բրայզան (2), այլև Ադրբեջանի ընդարձակման երաշխավորը ԱՄՆ-ն է: (2)
Դե ինչ, դրա համար երկար սպասել պետք չէ, որովհետև իրադարձությունների ժամանակակից սրընթաց զարգացումները ցույց են տալիս, որ հետևանքները սարերի հետևում չեն: Մեր կողմից հավելենք միայն, որ Ադրբեջանի դեպքում ևս, ինչպես Միջին Արևելյան այս մեծ ու վտանգավոր ողջ խաղում, կրկին հաշվի չեն առնված հայությանն ու Հայաստանին և Իրանին վերաբերող իրավական-քաղաքական մի քանի կարևոր գործոններ:
Առաջին, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման վերաբերյալ Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը զեկույց-առաջարկ է ընդունել դեռևս 1920 թվականի փետրվարի 24-ին և որն անմիջականորեն վերաբերում է նաև Նախիջևանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (3):
Երկրորդ, որ Հայաստան-Իրան սահմանը երկու պետությունների համար էլ չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետև մնացած բոլոր ուղղություններում, անցնող տասնամյակների ընթացքում, այդ երկու պետությունները հաճախ են անօրինական և արհեստական շրջափակումների ենթարկվել (4):
Եվ երրորդ, որ Ատրպատականը Ադրբեջան չէ և բնավ պարտադիր չէ, որ պատմության կեղծարարների մտագարությունները նույնությամբ փոխանցվեն ու իրականացվեն ազգերի ու պետությունների նոր պատմության էջերում:
Հավելենք նաև, որ ռիսկի մեծությունը և առաջարկված ծրագրի վտանգավոր անհեթեթությունը հասկանում են նաև մյուս կողմերը:
Այլապես ինչո՞վ բացատրել Իրան-Թուրքիա-Ադրբեջան հուշագրի ստորագրումը (5), եթե իհարկե դա Իրանին հանգստացնելու և ապակողմնորոշելու հեռահար նպատակ չի հետապնդել:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
16 մարտ 2012 թ.
————————
Ծանոթագրություն
- Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», թարգմանությունը և նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.
- Տես, Մեթյու Բրայզա. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը…», PanARMENIAN.Net, 15.03.2008, 15:50:
- Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի), «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008: Տես, http://oukhtararati.com կայքում, amsagrer բաժնում:
- Տես, Ինչո՞ւ Արևմտյան Հայաստան, որովհետև այնտեղից են բխում ներկայի սպառնալիքները, 21.11.2011, http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm:
- Տես, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան եռակողմ հուշագիր են ստորագրել, Azatutyun.am, 08.03.2012: