in Russian – http://crossroadorg.info/wa-21-9-2025-3/
in English – http://crossroadorg.info/en/wa-21-9-2025-3-en/
in French – http://crossroadorg.info/en/wa-21-9-2025-3-fr/
Source
(ներկա ճգնաժամի պայմաններում հորդորում ենք կրկին ուշադիր ընթերցել 2012 թվականի սկզբներին պատրաստված և ութ մասից բաղկացած սույն հոդվածաշարը)
Եվ 2017 թ․ «Strategist» ամսագրի հոդվածը` «ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Իրաքում քրդական պետության ստեղծելու ծրագիրը», և 2006 թ․ հրապարակումը՝ «Մերձավոր Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», արևմտյան շրջանակների կողմից մեծ քրդական պետություն ստեղծելու ծրագրի մասին է, որը հետապնդում է երկու նպատակ․
ա) Արևմտյան Հայաստանի տարածքի վրա Իսրայելին ու հավաքական արևմուտքին ենթամանդատային մի քրդական պետություն ստեղծել, և
բ) 1920-1921 թթ․ ու 1945 թ․ օրինակով, մեկ անգամ ևս, մի որոշ ժամանակով, կասեցնել հայ ժողովրդին տրված իրավունքների իրականացումն ու Հայկական Հարցի կարգավորումը:
Մենք ժամանակին, 2010 թ․ սկսած, մի շարք ելույթներով, հրապարակումներով ու վերլուծականներով անդրադարձել ենք այդ ծրագրերին։ Այժմ նպատակահարմար ենք գտնում կրկնել և՛ արևմտյան ծրագրերը ներկայացնող հրապարակումները, և՛ նախկինում պատրաստած մեր հոդվածներն այդ ծրագրերի վերաբերյալ:
Հայաստան պետություն (Արևմտյան Հայաստանի Հանրապետություն)
22 սեպտեմբեր 2025 թ.
Իրանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում
(3-րդ մաս)
ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների» հոդվածում Իրանին վերաբերող հատվածը հետևյալն է. «Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին, Ազատ Քուրդիստանին, Արաբական Շիա պետությանը և Ազատ Բելուջստանին: Բայց ձեռք կբերի Աֆղանստանի տարածքում գտնվող Հերաթի նահանգները, որոնք Պարսկաստանի հետ պատմական և լեզվական առնչություններ ունեն: Իրանն այդպիսով կդառնա էթնիկական առումով զուտ պարսկական պետություն: Հարցական կմնա միայն «Բանդար Աբբասի» նավահանգստի հարցը: Պե՞տք է այն Արաբական Շիա պետությանը, դժվար խնդիր է» (1):
Այս ամենը իր հերթին նշանակում է, որ «Արաբական գարուն» անվանումը կրող այս գործընթացը, որն ուղեկցվում է արաբական պետությունների սահմանների փոփոխությամբ, որը արաբական պետությունների մասնատում է նշանակում իրականում, Իրանից սկսած ուղեկցվելու է միլիոնավոր ու միլիոնավոր մարդկանց բռնագաղթերով և որը կարող է սրբել տանել Իրանին սահմանակից գրեթե բոլոր պետությունների բնական, թե անբնական սահմանները, ու պետականությունները նույնպես: Այս ամենը նշանակում է, որ Միջին Արևելքի այս հատվածը երկար ժամանակով ընկղմվելու է ազգամիջյան ու կրոնական բախումների, քաոսի, հակասությունների, անկայունության, անկարգությունների և անիշխանության ճահճուտի մեջ: Հետաքրքրական հարց է առաջանում, փորձագիտական միտքն առաջարկում է, իսկ պատասխանատվությունը ո՞վ է կրելու, քաղաքական վերնախա՞վը:
Նկատենք սակայն, որ այստեղ ևս, ինչպես Սիրիայի հայության դեպքում (2), անտեսվում է Իրանում ապրող հայության իրավունքները: Ռալֆ Պիտերսի և նրա փորձագիտական խմբի համար Միջին Արևելքի տարածաշրջանում ասես գոյություն չունեն հայությունն ու Հայաստանը, որն էլ պատճառ է, որ կրկին, ինչպես Սիրիայի դեպքում քննության առնենք Իրանի հայությանը սպառնացող հիմնական մարտահրավերները: Իսկ դրանք երեքն են:
Առաջին, երբ Իրանում ներքին քաղաքական ճգնաժամ է, երկրորդ, երբ Իրանը ենթարկվում է արտաքին ագրեսիայի և երրորդ, երբ Իրանի հայությունը, ինչպես երկրի այլ ժողովուրդներ ևս, հարկադրվում են բռնագաղթի: Առաջին երկուսի համար Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը դեռևս անցնող տարվա ընթացքում կանխատեսել ու ամրագրել է սպառնալիքները հաղթահարելու իրավական – քաղաքական հստակ միջոցներ ու մեխանիզմներ: Դրանք ձևարկերպված են Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի մարտի 29-ին ընդունած «Արևեմտյան Հայաստանի հայերի և Արևմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման մեջ:
Հաշվի առնելով տվյալ երկրի (Իրանի, Սիրիայի կամ Միջին Արևելքի մեկ այլ պետության) ներքին քաղաքական հնարավոր ճգնաժամի բռնկումը` Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշման 3-րդ հոդվածում նշվել է. «3. Արևմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը, ժամանակակից աշխարհի մեջ տեղի ունեցող ագրեսիվ պատերազմների, հեղաշրջումների, ազգամիջյան և միջկրոնական ընդհարումների, նաև այսպես կոչված քաղաքակրթությունների բախման և դրանցից բխող բռնություններին, կոտորածներին և ցեղասպանություններին, առավել ևս հրահրված կամ ուղղորդված քաոսային վիճակներին չմասնակցելու իրավունք ունի համաձայն` «Չեզոք պետությունների և անձանց իրավունքների և պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V)»:
Հաշվի առնելով տվյալ երկրի (Իրանի, Սիրիայի կամ Միջին Արևելքի մեկ այլ պետության) նկատմամբ հնարավոր ագրեսիան` Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի վերոհիշյալ որոշման 4-րդ հոդվածում նշվել է. «Արևմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը, հաջորդական բռնություններից, հարձակումներից, բռնագաղթերից ու կոտորածներից պաշտպանվելու, ինչպես նաև իր բնակության երկիրը արտաքին ագրեսիայից պաշտպանելու իրավունք ունի, համաձայն` ՄԱԿ–ի կանոնադրության 51–րդ հոդվածի, որը շեշտում է` «Անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունքը»:
Ավելին, այս որոշումներին որպես տրամաբանական շարունակություն 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրվել է մեկ այլ որոշում ևս, «Ինքնապաշտպանության և անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման վերաբերեալ» որոշման հրամանագիրը:
Երրորդ սպառնալիքի, հարկադրված բռնագաղթի հետ կապված մշակվել է հետևյալ առաջարկը, որ եթե, այնուհանդերձ, հայությունը ստիպված է բռնագաղթել, ապա նա նահանջելու այլ տեղ չունի այլևս պատմական հայրենիքից բացի և դրա իրավական – քաղաքական բոլոր հետևանքներով հանդերձ (3): Արդեն իսկ առկա է Ադրբեջանի 500 հազար հայ քաղաքացիների փորձը, որտեղ միջազգային ընկերակցությունը չկրեց և ոչ մի ապատասխանատվություն, և մենք չկարողացանք պաշտպանել Ադրբեջանի հայության իրավունքները: Նույն տխրահռչակ փորձը, նույն ձախողումների ու բացթողումների կրկնությամբ, այլևս իրավունք չունենք թույլ տալու:
Ահա սա է, որ ակնհայտորեն հաշվի չեն առել Ռալֆ Պիտերսն ու նրա փորձագիտական խումբը` կրկին անհարմար վիճակի մեջ դնելով ԱՄՆ պետքարտուղարությանը:
Ամերիկյան փորձագիտական միտքը, Ռալֆ Պիտերսի և նրան պատկանող փորձագիտական մտքի նմանությամբ, ամեն անգամ, անհարմար վիճակի մեջ է դնում ԱՄն պետքարտուղարությանը, ինչպես օրինակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելին, երբ պարզվում է, որ այնուհանդերձ Իրաքում մասսայական ոչնչացման զենք չկա, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, երբ վրաց-օսական պատերազմի ժամանակ պարզվում է, որ օսերը անկախության և ինքնիշխանության համար պայքարում բավարար ներուժ, ցանկություն և կամք ունեն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, երբ պարզվում է, որ ԱՄՆ Միջին Արևելյան ծրագրերում հաշվի չի առնված մարդասիրական ճգնաժամի իրական ծավալների և դրա իրական պատասխանատուների հետ կապված խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ապրող հայության իրավունքներն ու շահերը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղավոր չէ, որ ամեն անգամ ստիպված է խուսափողական պատասխաններ տալ Հայոց ցեղասպանությանը առնչվող հարցերին, որովհետև ամերիկյան փորձագիտական միտքը հաշվի չի առել, անտեսել ու շրջանցել է Միջին Արևելքում ապրող հայության իրավունքներն ու շահերը` դա հանգեցնելով Սրբազան Արարատի տեսականորեն հնարավոր փոխանցմանը ՀՀ-ին: Հայության և Հայաստանի իրավունքների անտեսումն էլ հենց բավարար պատճառ էր, որ ի սկզբանե տապալման դատապարտված լինեին Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, որ նմանատիպ այլ ծրագրեր ևս մոտ ապագայում ձախողման դատապարտվեն:
Այնպես որ ճիշտ կլինի ասել, թե ԱՄՆ արտաքին քաղաքականության համար ընդհանրապես, և ԱՄՆ պետքարտուղարության համար մասնավորապես հրատապ խնդիր է ԱՄՆ փորձագիտական խմբերի և ԱՄՆ փորձագիտական մտքի փոփոխությունը, թարմացումը, առանց որի հնարավոր չէ ԱՄՆ արտաքին քաղաքական նոր, թարմ մտքի ի հայտ գալը, թե՜ Միջին Արևելքում, թե՜ աշխարհի մեկ այլ հատվածում:
Երևում է, որ շատերը չեն հասկանում և կամ ձևացնում են, թե չեն հասկանում Միջին Արևելքի երկրներին ու ժողովուրդներին, այդ թվում` հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքների իրական չափերն ու դրանց հետևանքները, բայց դա չի նշանակում, որ սպառնալիքների հաղթահարմանն ուղղված հայ իրավական-քաղաքական նոր միտքն իր կարգին իրավունք չունի զարգանալու և արմատավորվելու մեր մեջ:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
13 մարտ 2012 թ.
———————-
Ծանոթագրություն
- Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», թարգմանությունը և նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.
- Տես, «Սիրիան Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում», 27.02.2012, http://oukhtararati.com/
- Տես, «Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլևս, բացի իրհայրենիքից…», 14.02.2012, http://oukhtararati.com/