Սամվել Կարապետյան…Հիրավի՜ առասպելական մի անուն, որը խորհրդանշում է հայրենիքին և մշակույթին անսահման նվիրվածություն և բոլորանվեր սեր: Նա Հայի տեսակի մարմնավորումն է, որը խիզախ պայքարի ձեռնոց էր նետել տականքին, մշակույթն սպանող պլեբսին:
Կարապետյանը անհողդողդ ռազմիկի նման պաշտպանում էր Հայոց քաղաքակրթության արժեքներն ու սահմանները: Սա Արցախի հաղթամարտի հետ միասին պակաս կարևոր մարտ չէր, որ նա մղեց համարյա ամբողջ կյանքի ընթացքում, մոտ 45 տարի: Իսկ ինքն ապրեց երկրային ընդամենը 58 տարի: Այո, դժվար է մտածել, որ Սամվելը ֆիզիկապես մեզ հետ չէ: Թվում է, թե այս ամենը մի ծանր երազ է:
Սամվելի մասին մի պատմություն են պատմում: Ասում են նա՝ դեռատի մի պատանի, լուսանկարչական սարքով որոշում է անցնել հայ-թուրքական սահմանը և նկարահանել մեր կոթողները: Սահմանապահները նրան հետ են վերադարձնում: Այսինքն՝ Սամվելը ի վերուստ շնորհ և առաքելություն ուներ՝ ուսումնասիրել և պահպանել մեր հուշարձանները: Սա քաղաքակրթական մի ծրագիր է, կոդ, որի կրողը մեր հերոսն էր: Մարդու այսպիսի տեսակը շատ հազվագյուտ է պատահում:
Սամվել Կարապետյանն սկսած 1977թվականից զբաղվում է հայրենանվեր այդ գործով՝ մեղվաջան կերպով կատարելով հետազոտական և դաշտային աշխատանքներ: Հուշարձանի մոտ նա կերպարանափոխվում է և դառնում համառ մի դարպասող, որը պետք է գրավի այդ հրաշքը և հանձնի սերունդներին: Անձանձիր ուսումնասիրողը շրջել է Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր պատմական վայրերով և համակողմանիորեն քննել մշակութային մեր հարուստ ժառանգությունը: Խոսքը, այսպես կոչված, Ադրբեջանի, այսպես կոչված, Վրաստանի, Արևմտյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի և այլ պատմական տարածքների մասին է:
Դեռ ավելին, նա մի խումբ ընտրյալ մտավորականների հետ միասին հիմնել է Հայոց քաղաքակրթության պահպանության շարժում, որը նախորդել է Արցախյան շարժմանը և մեծ դեր կատարել այդ շարժման նախապատրաստման գործում: Այս խումբը հսկայածավալ գործ արեց հայոց մշակույթի ուսումնասիրության և փրկության առումով: Սամվելն զբաղվում էր կոթողների և վիմագրերի հետազոտությամբ, ես պատմական վավերագրերի ու լուսանակարների հավաքչական աշխատանքներով, կային բանահավաքներ, պատմաբաններ, լեզվաբաններ, ազգագրագետներ և այլն: Հարևան երկրների անվտանգության մարմիններն անընդհատ խոչընդոտում էին խմբի հայրենասիրական գործունեությանը, բայց ապարդյուն:
Ես Սամվելի հետ ծանոթացել եմ մեր ընկերներից մեկի տանը: Ինձ ապշեցրեց նրա բանիմացությունը և տեղեկացվածությունը. նա շատ արագ նշում էր եկեղեցիների, խաչքարերի և այլ կոթողների կառուցման թվականները, դարերը, նորոգման հանգամանքները և այլն: Մարդը նվիրյալ էր և անսահմանորեն սիրում էր իր երկիրն ու մշակույթը: Այն ժամանակ նա դեռ չգիտեր արխիվային փաստաթղթերի մասին: Մեր հանդիպումը նրա համար օգտակար մի բան եղավ, քանի որ ես աշխատում էի արխիվում:
Սամվելը սկսեց ուսումնասիրել նաև արխիվային վավերագրերն ու ժամանակի պարբերական մամուլը: Սա հարստացրեց նրա հետազոտական դաշտը և նպաստեց էլ ավելի ամբողջական դարձնելու շարադրանքը: Ներհուն հետազոտողի գործունեության հիմնական դրվագը անվանի ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հիմնած Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամում նրա արդյունավետ աշխատանքն էր, որը Սամվելը ղեկավարեց հիմնադրի մահվանից հետո: Այստեղ դրսևորվեցին հուշարձանագետի գիտական հմտություններն ու գրահրատարակչական արգասավոր կարողությունները: Մեկը մյուսի հետևից լույս տեսան նրա գրքերը՝ «Գետաշեն», «Հյուսիսային Արցախ», «Ջավախք», «Հայերը Կախեթում», «Ախալցխա», «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները», «Թիֆլիսի քաղաքագլուխները» և այլ բազում աշխատություններ, որոնք փաստագրական և վիմագրական հարուստ նյութեր են պարունակում:
Շատ էին ծրագրերն ու նախագծերը: Դրանցից առավել մեծածավալը «Հայաստանի պատմություն» մատենաշարն էր, որը նախատեսում է 36 հատորում ներկայացնել Մեծ Հայքի և Փոքր Հայքի բոլոր գավառների հայկական հուշարձանները: Առայժմ յույս է տեսել լոկ 4 հատոր՝ «Հայոց ձոր», «Սալմաստ», «Արծկե», «Մռավականք»: Դրան նախորդել են գիտարշավներ դեպի պատմական հայրենիք և դաշտային մեծածավալ աշխատանքներ: Ափսոս, որ կոթողային և հիմնարար այս գործը կիսատ մնաց: Պետք է ամեն ջանք գործադրել, որ շնորհակալ այս աշխատանքն ունենա հետևորդների մի կուռ և ներդաշնակ բանակ: Գործերը շատ են և այն էլ անհետաձգելի:
Նա նաև շնորհալի քարտեզագիր էր, հեղինակել է ազգաբանական և աշխարհագրական քարտեզներ, որոնք տպագրում էր կամ առանձին, կամ իր գրքերում: Սամվելը նաև տպագրում էր ծալաթերթիկներ(բուկլետներ), կոթողների մասին քարոզչական գրքույկներ, պատկերազարդ օրացույցներ և այլն: Սա հայրենաճանաչության մի ամբողջական ծրագիր էր, որը կոչված էր նպաստել ազգային ինքնագիտակցության բարձրացմանը: Քարոզչական ոլորտում նա հմուտ էր և բանիմաց:
Ս.Կարապետյանը իրեն միշտ էլ վտանգի է ենթարկել հանուն մշակույթի և մեր արժեքների պահպանության, անգամ հետապնդվել, այսպես կոճված, Ադրբեջանի և այսպես կոչված, Վրաստանի անվտանգության մարմինների կողմից ու բանտարկվել: Բայց նա հստակ գիտեր, որ ինքը կատարում է անհրաժեշտ և ազգաշահ գործ, հետևաբար պետք է ժամանակ չկորցնել: Նշենք մի ցավալի իրողություն. հայկական իշխանությունները երբեք էլ լուրջ ու սրտամոտ չընդունեցին մշակութային կեղծարարությունների գործոնը և չպաշտպանեցին Սամվել Կարապետյանի անձն ու գործը: Այդպես էլ չվերացվեց, այսպես կոչված, Վրաստան Սամվելի մուտքն արգելելու խնդիրը:
Սամվելն ուներ քաղաքացիական բարձր նկարագիր և միշտ էլ հանդես էր գալիս ի պաշտպանություն մեր քաղաքակրթության: Նա եղել է Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հիմնադիր անդամներից մեկը(ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ միասին): Կարապետյանը բազմիցս ընդվզել է հայկական եկեղեցիների ոչնչացման, օտարացման դեմ՝ պաշտպանելով մեր մշակույթի անաղարտությունը: Անսասան գիտնականը մեծ աղմուկ բարձրացրեց Ջուղայի հրաշակերտ խաչքարերի եղեռնի առնչությամբ: Բայց ջանքներն իզուր անցան, քանի որ մեր իշխանությունները վճռական և գործնական չեղան: Պայքարի անկոտրում ոգին պարզապես ապշեցուցիչ էր և ցնցող: Սամվելը ոչ մի վանդալի չէր ներում և բողոքի հզոր ձայն էր բարձրացնում: Երբ ազատագրվեց Քարվաճառը, ապա նա լուսանկարչական սարքով և տեսախցիկով շտապեց այնտեղ՝ կոթողները հավերժացնելու համար, քանի որ վստահ չէր, թե այդ տարածքը կմնա մեզ: Բարեբախտաբար, այս գավառը հավերժ կմնա Արցախի կազմում:
Ուշագրավ մի դրվագ հետազոտողի փոթորկոտ կյանքից: Երբ լույս տեսավ Սամվելի «Թիֆլիսի քաղաքագլուխները» արժեքավոր գիրքը, նրան «ուշադրության է արժանացնում» ՀՀ-ում, այսպես կոչված, Վրաստանի դեսպանը: Վերջինս կոտրտված ռուսերենով և հեգնանքով հեռախոսով շնորհակալություն է հայտնում կատարված աշխատանքի համար՝ ավելացնելով, որ ինքը գնել է ամբողջ տպաքանակը, ուստի հնարավոր չէ դա տարածել: Կոփված և մարտիկի բնավորություն ունեցող Սամվելն իրեն չի կորցնում և նետում է. «Պարոն դեսպան, ես էլ իմ հերթին եմ Ձեզ շնորհակալություն հայտնում Ձեր ավանդի համար: Ձեր ծախսած գումարով մենք կրկնապատկեցինք տպաքանակը և տարածեցինք հայերի մեջ»:
Սկզբնապես Կարապետյանը հմայված էր Արցախի հուշարձաններով և ամբողջացնում էր այդ նշանավոր նահանգի մշակութային նկարագիրը: Հետագայում նրա հետազոտության ծիրը մեծացավ և ընդգրկեց բոլոր կոթողները, որը հսկայական դաշտ է: Դրա վկայությունն են «Հյուսիսային Արցախը» և «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքերը, որոնք լավագույնս ներկայացնում են մշակութային ժառանգության այդ հատվածը: Այսինքն՝ նա կարողանում էր կատարել հակաքարոզչական լուրջ աշխատանք, որը քաղաքակրթական պատերազմի կարևոր բաղադրիչ է:
Սամվել Կարապետյանն անում էր մի ամբողջ ինստիտուտի գործ: Նա նաև գիտակցում էր մի կարևոր բան. առանց ճանաչողության մենք ոչ մի բանի չենք կարող հասնել: Իր հսկայական վաստակի նա արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին: Անդուլ հետազոտողը և անվհատ գործիչը մեծ տեղ էր տալիս երիտասարդության հայրենասիրական և քաղաքացիական դաստիարակությանը: Այս հարցում հանդեսները(շոուները) և թատրոնը կարող էին միայն վնաս պատճառել, ուստի նա մերժում էր գործունեության այդ եղանակը:
Եվ վերջապես Կարապետյանը հասավ մի կարևոր հանգրվանի. մշակութային արժեքների պահպանությունը պետք է լուծել իրավական եղանակներով և տեխնոլոգիաներով: Այդ է պատճառը, որ նա կեղծարարությունների և նենգափոխությունների վավերագրական նյութերի փաթեթը ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սամվելն այդ մասին ծանուցեց նաև ԱՄՆ-ի Կոնգրեսին: Կարծում եմ, որ մենք հետայսու պետք է առաջնորդվենք այս ուղիով, որն առավել ազդեցիկ է և գործնական:
Հիշատակության արժանի մի պատառիկ ևս: Իսկական հայորդու հուղարկավորությանը, ի թիվս այլ պատվարժան մասնակիցների, մասնակցում էր նաև Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառի Խոժոռնի գյուղից(այժմ՝այսպես կոչված, Վրաստան) Յուրա Հախվերդյանը՝ իր համագյուղացիների հարգանքի տուրքը մատուցելով նշանավոր հետազոտողին: Նա հավելեց, որ եթե գյուղ գաք, ապա կհարցնեք իրեն. եթե չգտնեք, ապա ասեք Սամվելի ընկեր Յուրան: Սա արդեն համաժողովրդական գնահատանք է և ակնածանք:
Այսօր Ս.Կարապետյանն ավարտեց երկրային իր կյանքը՝ լուսավոր հետք թողնելով մեր հիշողության մեջ: Բայց սա դեռ բոլորը չէ: Սկսվում է նրա երկնային կյանքի և ավելի համակողմանի գնահատանքի ժամանակը: Կարապետյանը հաղթական մեր երթի մասնակիցն է: Սամվելի դասերն ուսանելի են և կիրառելի մեզ համար մեր մղած մշակութային պատերազմում: Ես փորձեցի պատկերել իմ համախոհ ընկերոջ դիմանկարը և նկարագիրը: Հավե՜րժ փառք մեր տաղանդավոր ժամանակակցին:
Ռ. Զուրիկյան
պատմաբան, հայագետ