Աշխարհահռչակ կինոբեմադրիչ Էմիր Կուստուրիցան ճշգրիտ և սպառիչ կերպով է բնութագրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: ( Эмир Кустурица о коронавирусе https://delanetmne.livejournal.com/379403.html )
Եվ դա պատահական չէ, քանի որ նա մեծ վարպետ է և ունի խորաթափանց միտք ու արվեստագետի պատկառելի վաստակ: Անվանի կինոգործչի երկրպագուները միշտ էլ հիացել են նրա բարձրաճաշակ ֆիլմերով:
Գեղագետի տեսանկյունը շատ կարևոր է և արժեքավոր: Համոզված ենք, որ արվեստագետն ու գիտնականը պետք է գործեն ներդաշնակ և համագործակցված կերպով: Ցանկալի է մոտեցնել և ավելի արդյունավետ դարձնել երկու թևերի փոխգործակցությունը: Դրա համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գիտնականները հաճախ աշխատում են անշահախնդիր և նվիրած կերպով՝ երբեմն չենթադրելով վարձատրման խնդիր:
Նշենք, որ գիտնականները ճգնակյաց նվիրյալներ են և առաքյալներ, որոնք գաղափարի և բարոյականության համար կարող են անգամ իրենց զոհել: Օրինակ՝ Ջորդանո Բրունոն և խանդավառ այլ անհատներ, որոնք ճշմարտության զոհասեղանին մատուցեցին իրենց կյանքը: Նյութական կողմը նրանց առանձնապես չի հուզում: Ավելին, նրանք Տիեզերքի և Երկրի միջև կենդանի կապի մարմնավորողն են, բնության դասերը ուսումնասիրողները և մարդկության առաջընթացի մարտիկներն ու ուղեհարթները:
Գիտնականները, ըստ մեծ իմաստուն Հերմես Եռամեծի ընկալման, ճշմարտության սերմնացաններ են, գիտելիքներ սերմանողներ, որոնք անշահախնդիր ու ինքնամոռաց ձևով ծառայում են մարդկությանը և պահպանում քաղաքակրթական արժեքները: Իսկ սա լուրջ գործ է, քանի որ մեզ փրկում է տգիտության ճիրաններից: Ասենք, որ հերմեսականները բարձր են պահել գիտության ջահը և լուսավորել մարդկության ուղին: Այսօր աղետների և մարտահրավերների դեմ պայքարի առաջնագծում հենց գիտնականներն են, որոնք կարող են փրկության ուղի նշել հասարակության համար: Ակնհայտ է, որ այսոր Հայաստանում տասնյակ գիտնականներ, առանց նյութական որևէ ակնկալիքի, շարունակում են զբաղվել իրենց գիտական գործերով և հետազոտություններով:
Մենք համոզված ենք՝ եթե լիներ գիտության դերի ճիշտ գնահատական և կարգավիճակի հստակեցում, ապա չէր լինի կորոնավիրուսի այս մղձավանջը: Գիտության նկատմամբ անլուրջ և անգամ արհամարհական վերաբերմունքը հղի է վտանգներով ու սպառնալիքներով: Գիտությունը բոլորին հասու չէ, այլ ուղեղի որոշակի հատուկ կառուցվածք ունեցող մարդկանց համար, որոնք ունեն վերլուծական կարողություններ և ապագան կանխատեսելու ունակություններ: Ավելի շուտ հասարակությունը կարիք ունի դիմել գիտության օգնությանը՝ որպես փրկության խարիսխ:
Արձանագրենք նաև, որ գիտությունն արժանի է ավելի մեծ ուշադրության: Հանրությունը պետք է զգա մեր կարիքը և պետք է շտապի դիմել գիտնականներին, որպեսզի բարվոքի իր ծանր վիճակը; Կարող ենք համոզված լինել, որ գիտության մշակները ի վիճակի են լուրջ ծառայություններ մատուցել և կատարել իրենց պարտքը հասարակության առաջ:
Էռնեստ Գրիգորյան, դոկտոր-պրոֆեսոր
Ռուբեն Նահատակյան, պատմաբան, հայագետ
20.04.20202.