(բացահայտման փորձ)
Սա այն հասկացությունն է, որն ակամա նպաստում է զգացմունքների ամեհի
հորդանքին: Այս հոգեվիճակն անզուգական է և արարչական;
Այլ կերպ չէր էլ կարող
լինել: Ակամա թերթում ես կյանքի մատյանը և կարդում քո սիրո չքնաղ էջերը, որոնք
ամեն մեկը հոգու մի բանաստեղծություն են: Սերը ներշնչանքի աղբյուր է և բոլոր
գործերի հեղինակն ու արարողը: Սիրո էակին գրկելը նույնն է, ինչ Բնությունն ու
Տիեզերքը ըմբոշխնելը: Սա մի անպատմելի վիճակ է:
Առանց սիրո կյանքը պարզապես կանգ կառնի, քանի որ կկորցնի իր իմաստն ու
իմաստասիրությունը: Եվ սա բնավ էլ չափազանցություն չէ, որովհետև բացահայտում է
կեցության խորհուրդն ու գաղտնիքի խեցիները: Իսկ առեղծվածն ու հանելուկը հոգին
պարուրում են անբացատրելի մի շղարշով, որի սրսփումն իսկ արդեն պոեզիա է:
Սիրո հոգեվիճակը նաև ինքնաճանաչման լավ հնարավորություն է և
ստեղծագործաբար ապրելու հրաշալի մեկնակետ: Այն կտրում է քեզ ճղճիմ առօրյայից և
տանում երազանքի ուղիներով: Դու արդեն ապրում ես կնոջ հմայքի դաշտում և լսում
երգեցիկ թռչունների կախարդական դայլայլը:
Սերը կյանքի հիմքն է և շարժման առանցքը, առանց որի ոչ մի բան չի
կատարվում: Մենք բոլորս էլ հույզերի և ապրումների հորձանքում ենք, որի գալարները
մոտեցնում են մեզ մեծ երջանկությանը: Սիրելիս հոգուդ մեջ հնչում են տերյանական
նրբին մեղեդիները, և դու դառնում ես աշխարհի իրական տերը: Անզուգական սիրերգակ
է Սայաթ-Նովան: Սա է երանության լուսավոր այն արահետը, որով ընթանում է
մարդկությունը:
Սիրո կախարդանքը մաքրում է մարդու հոգին և միտքը մղում սլացքի: Սա դժվար
է բացատրել, բայց ընկալել հնարավոր է: Կեցության թովչանքը հենց այս կետում է
պարփակված: Մենք սիրահարվում ենք և հետագայում ամեն անգամ մի առանձին
հիացքով հիշում աստեղային այդ ժամերը ու ստանում սիրո նոր ազդակներ: Սա
դիալեկտիկա է և վայելքի յուրատեսակ մի ուղերձ:
Հարկավ, կյանքը սրընթաց շարունակվում է և մեզ տանում անակնկալի
կեռմաններով, ուր սպասում են բազում փորձություններ և կտրուկ անցումներ: Իսկ մենք
խենթորեն սիրահարվում ենք և ամեն անգամ տրվում անսահման հաճույքների: Մենք
կարկամում ենք գեղեցկուհու նրբօրոր քայլքով, ժպիտի հանելուկային երանգներով և
սեթևեթանքի անընդհատ ծավալումներով: Այո, սա զգացումների մի հրավառություն է,
երբ դու դառնում ես համայն Տիեզերքի տերն ու տիրականը:
2
Սերը նաև բուժում է տառապած հոգին, քանի որ քեզ ապահովում է հոգու անդորր
և երանավետ մի վիճակ: Դու դառնում ես հավերժության ճամփորդ և անուղղելի անրջող:
Քո ներսում լսվում են Բեթհովենի կամ Շոպենի հոգեթով մեղեդիները: Դու հզորանում ես
և դառնում ավելի հետաքրքիր, ինչպես նաև բարձրանում է քո ինքնագնահատականը: Եվ
սա իրական չափում է և ճշգրիտ սահմանում: Մի ժպիտ կամ շարժում, և դու դառնում ես
հույզերի թագավորության միահեծան տիրակալը:
Սերն ընկած է մշակույթի ակունքներում և ծագել է մարդկության արշալույսին:
Դա կենսատու մի ջահ է, որը լուսավորում է մեր ուղին: Սերը նաև խիստ անհատական և
բազմագույն երևույթ է: Դրանից մարդու արյան հոսքն ավելի է հորդանում, և դու
վերանում ես առարկայական իրականությունից: Սերը մեր անբաժան ուղեկիցն է լինելու
ամբողջ կյանքի ընթացքում:
Գրաբարում «սեր» բառը գրվել «սէր » ձևով, ուր «է»-ն աստվածային էության նշանն
է: Սա ուշագրավ հանգամանք է, քանի որ բացահայտում է մարդու և Տիեզերքի
անքակտելի կապն ու աղերսակցությունը: Չ՞է որ սերը համատիեզերական երևույթ է և
անանց արժեք: Հետագա սիրազուրկ ժամանակներում դրա գրությունը փոխվեց և մենք
հոգեպես շատ աղքատացանք: Սերը միշտ էլ հաղթանակում է և հաստատում սրբազան
իր իշխանությունը:
Ռուբեն Նահատակյան
22.04.2020թ.