(քնարական խոհեր)
Մարդը չքնաղ մի մեղեդի է, որը հնչում է միայն իրեն հատուկ հնչյուններով ու
ռիթմով: Ընդ որում, այդ նվագը ներդաշնակվում է Բնության և Տիեզերքի մելոսի հետ,
քանի որ նա կտրված չէ ոչնչից, այլ կազմում է գեղեցիկ մի ամբողջություն: Մարդը
բնությունից վերցնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է; Եվ սա նման է հեքիաթի և այն էլ
զարմանահրաշ հեքիաթի:
Եթե մարդու մեղեդին քեզ համար հարազատ է և հոգեմոտ, ապա ստեղծվում է
սերտ կապ հոգեկան կամրջի տեսքով: Այդ պարագայում գործում է երջանկության և
երանության վիճակը, որը վերածվում է նիրվանայի: Մեզ այնքան քիչ բան է հարկավոր
իսկական երջանկության և վայելքի համար: Իսկ մենք հայտնվում ենք եթերային մի
վիճակում, երբ երկինքն ու երկիրը փարվում են իրար՝ ազդարարելով կյանքի օրհներգը:
Այն էլ ասենք, որ մեղեդին ալիքների և հաճախությունների մի ընթացք է, որը
առաջնորդում է դեպի հաճելի մի ճամփորդության: Երբ հոգին մաքուր և անեղծ է, ապա
հիշեցնում է զանգակ, որը հնչեցնում է վայելքի գրավիչ նվագը: Թվում է, թե դու մի
սքանչելի տաճարում ես և ունկնդրում ես հոգևոր երաժշտություն: Մարդկանց
մտերմության և բարեկամության հիմքը փաստորեն ներքին այդ մեղեդին է, որը
մշտահունչ է և արարչական:
Իսկ մեղեդիները բնության մեջ և Տիեզերքում բազմազան են և յուրօրինակ:
Կոմպոզիտորները ներքին լսողությամբ լսում են դրանք և վերածում երաժշտական
հրաշքի: Ամենուրեք խրախճանք է և հույզերի հանդես: Միայնակ մարդու նվագը
թախծոտ է և տրտմալի, որը կարող է հասցնել ինքնամեկուսացման մղձավանջի:
Խրախճանասեր և կենսախինդ մարդը նմանվում է գեղահունչ նվագարանի, որի
նոտաները մեզ հրամցնում են կյանքն ըմբոշխնելու անկրկնելի պահեր: Երբ մարդը
լիաթոք ծիծաղում է, թվում է, թե նվագում է նրա հոգու երգեհոնը՝ քեզ զարմացնելով
ձայներանգի ելևէջներով: Այո, կյանքը տոն է և այն էլ արժեքներ ընկալող մարդկանց
շնորհիվ: Իսկ լույս ճառագող ժպիտը կարող է քեզ հասցնել խենթության:
Եթե մարդու մեջ հնչում է տառապանքի և հուսալքման մեղեդին, ապա հոգևոր
կամուրջները փլուզվում են և հոգիների կապը խաթարվում է: Սա էլ է օրինաչափություն,
գուցեև դրամատիկ մի իրողություն: Կենդանիների և թռչունների անզուգական ձայները
բնություն կոչվող օպերայի ապշեցուցիչ արարներ են, որոնք մեզ սովորեցնում են ապրել
և գայթակղվել գեղեցկության առեղծվածով:
2
Լսում ես մարդու մեղեդին և քո մեջ արթնանում է բանաստեղծը, երաժիշտը,
երգահանը, կյանքի արժեքն իմացողը, որը համ ու հոտ է տալիս կեցությանը: Ունկնդիր
լինենք մեր ներքին երգին ու նվագին, որը կեցության իմաստն է և տրամաբանությունը:
Այդ դեպքում կարող ես ըմբոշխնել բազում ձայներն ու հնչյունները և քեզ զգալ որպես
բնության հարազատ զավակ: Իսկ սա արդեն բարձրագույն ընկալում է և զգացողություն:
Թող կյանքը հարատև լինի և այդ համանվագում հնչեն մարդու ներքին թրթիռները:
Կեցության արբեցումն ամեն ինչ է, իսկ բարդույթները՝ ոչինչ:
Երկնային թագավորությունը ևս լի է այլազան մեղեդիներով և նրբին ալիքներով:
Աստղերը, միգամածությունները և մոլորակներն էլ իրենց ձայնային աշխարհն ունեն և
մեզ ապշեցնում են իրենց նրբազեղ գեղգեղանքներով: Ամենուրեք սեր է ու խնդում և
ամեն ինչ Աստծո ալիքի վրա է: Ե՛վ անվերջ է այդ մեղեդին, և՛ անվախճան հիացմունքի
պահը, քանի որ մարդիկ ստեղծարար սարդի նման հյուսում են իրենց սարդոստայնը:
Հույն նշանավոր իմաստասեր և մաթեմատիկոս Պյութագորասը ունկնդիրն է եղել
երկնային երածշտության: Այո, մենք վերակերտում և վերամարմնավորում ենք բնական
ու տիեզերական հնչյունները՝ դրանց հաղորդելով մեր հնչյունն ու թրթիռը:
Կեցությունը, հիրավի, կառուցված է գեղեցկի ու վեհի սկզբունքներով, միայն թե
դա պետք է կարողանալ ընկալել և վերաիմաստավորել: Գռեհկությունը, խաբեությունը և
վայրագությունը աղարտում են այս աշխարհը և կյանքի դրախտը վերափոխում
իսկական դժոխքի: Սա պետք է մշտապես նկատի ունենալ: Փառաբանենք Բարձրյալին և
լինենք նրա էությանը հարազատ: Դրական և բարի զգացումները մեզ հասցնում են
երկինք՝ դեպի Աստծո արքայություն:
Ռուբեն Նահատակյան
21.04.2020թ.