Իմ հոգին զույգ հենարաններ ունի-Աստված և հայրենիք:
Գարեգին Նժդեհ
Այժմ շատ է հոլովվում և շոշափվում մեծ զորավար, ազգային, քաղաքական, պետական գործիչ և իմաստասեր Գարեգին Նժդեհի անունը:
Նախ՝ պետք է խորքով և իմացությամբ ճանաչել նրա էությունը և կերպարը: Ո՞վ է Գարեգին Տեր-Հարությունյանը կամ Նժդեհը(1881-1953): Նա եզակի երևույթ է, հայ ոգու մարմնավորումը և աստվածային ուժերի արարչական գաղափարների արտահայտիչը: Մինչդեռ նրա կերպարն այսօր խաթարված է, իսկ գաղափարները դարձվել են իրական նպատակների սքողման հարմար միջոց: Նժդեհին ճիշտ ընկալելու համար պետք է հստակ իմանալ Հայ տեսակի էությունը և պատմական առաքելությունը: Հայն ունի աստվածային ծագում. սերվել է Հայկական լեռնաշխարհում՝ իր բնօրրանում: Նա կոչված է իրականացնել տիեզերական մի ծրագիր. հետևել աստվածային օրենքներին, արարել, տարածել և պահպանել քաղաքակրթությունը:
Նժդեհի դեմ սկսված և մոլեռանդորեն մղվող պայքարը Համաշխարհային հետնաբեմի և նրա համակարգի ծրագրային հիմնադրույթն է: Մեր տեսաբաններն ու վերլուծաբանները, ինչպես նաև քաղաքական գործիչները մեծավ մասամբ հասու չեն խորքային վերլուծությունների և լուրջ եզրակացությունների: Նրանք տառապում են պարզունակությամբ, դիլետանտականությամբ և հուզականությամբ: Իսկ այդպիսի աշխարհայացքով և մտավոր պաշարով տեղ չես հասնի: Այս իրավիճակից օգուտ են քաղում դրսի ուղեղային հզոր և արհեստավարժ կենտրոնները, որոնք հրաշալի գիտեն մեր հոգեբանությունը և մտածողությունը իրենց թույլ և ուժեղ կողմերով: Այս հանգամանքը պայքարը դարձնում է անհույս և կանխորոշված: Իհարկե, ի վնաս մեզ:
Երևելի այս անձին հասկանալու լավագույն միջոցը Աստծուն և հավատը ճիշտ արժեքավորելու մեջ է թաքնված: Ըստ լեզվաբան և հայագետ Մովսես Նաճարյանի մեկնության՝ «նժդեհ» բառը նշանակում է վերևից իջած հրեշտակ. նժ՝ «նժար», «ներքև», իսկ «դեհ», «դև»՝ հրեշտակ: Ինչպես տեսնում ենք՝ անվան մեջ մեծ խորհուրդ կա: Բայց սա դեռ շատ քիչ է: Անհրաժեշտ է լինել ազնիվ, պարկեշտ և բանիմաց մարդ, որպեսզի հնարավոր լինի թափանցել կենսական ճշմարտությունների և անհատի դերի իրական դրդապատճառների մեջ: Վերոնշյալ պարագաները հանգուցային են այս անզուգական մարդուն իմանալու և նրա վաստակը գնահատելու առումով: Մենք Անկախության ամբողջ ժամանակահատվածում լիովին աղավաղեցինք Անկախության սրբազան գաղափարը և մեր երկիրը դրեցինք օտարի տիրապետության տակ: Սա է մեր փոթորկոտ ժամանակների տխուր դասը: Եվ այս ամենը մեր կորսված թանկագին ժամանակն է և
մեր չիրացված հնարավորությունները: Իսկ ժամանակը դաժան դատավոր է և արդարամիտ իրավարար:
Գարեգին Նժդեհը փորձ արեց կատարել ազգային ընտրանու դեր, որը նրան չհաջողվեց, քանի որ չէր գործում բուն ազգային համակարգը և շատ բան թերի էր ու անկատար: Լեռնահայաստանի մոդելը դրա լավագույն հավաստումն է: Բայց մեր թշնամիները կարողացել էին պառակտել մեր ամբողջականությունը և տրոհել մեր պետականությունը: 1910-ական թվականներին գործող հայոց պետություններից երկուսը՝ Բաքվի կոմունան և Արարատյան Հանրապետությունը գտնվում էին օտար ուժերի ուժեղ ազդեցության ներքո, իսկ Լեռնահայաստանի կառավարման մարմնում թափանցել էին թշնամի մարդիկ, որոնք ներսից քանդեցին այդ պետությունը: Սա է մեր զարգացման տրամաբանության ամբողջ ողբերգությունը: Տեղին է նշել, որ Նժդեհի փորձը արդիական և կենսունակ է այժմ, եթե իշխանությունները լինեն ազգային և ազնիվ: Ցավոք, և՛ այն ժամանակ, և՛ հիմա մենք չունենք ազգային ռազմավարություն և ազգային զարգացման համապարփակ ծրագիր, դրա համար էլ սխալներ ենք անում և խարխափում անորոշության բավիղներում:
Արդ, դրվագ առ դրվագ ջանանք անդրադառնալ մեծ հայի և հայրենասերի գործունեությանը հիմնական գծերով: Հենց սկզբից արձանագրենք, որ Գարեգին Նժդեհը գործել է բավականին բարդ իրավիճակում, երբ հերթական անգամ դրված էր իր ազգի լինել-չլինելու համլետյան հարցը: Ուշագրավ է, որ 1912-1913թթ. Բալկանյան առաջին պատերազմում նա և զորավար Անդրանիկ Օզանյանը կռվել են օսմանցիների դեմ՝ հանուն բուլղար եղբայրական ժողովրդի ազատագրության: Եվ վերջինս բարձր է գնահատել արժանավոր հայորդիների ներդրումը իր երկրի պաշտպանության գործում: Այստեղ դրսևորվում է հայի աստվածահաճո առաքելությունը, որին բնորոշ է լինել մարդկության առաջընթացի մասնակից և սատարող: Իսկ արդեն 1913թ. Բալկանյան երկրորդ պատեազմը քանի որ տեղի էր ունենում սլավոնական ժողովուրդների միջև, ապա Նժդեհը այս դեպքում խոհեմաբար հրաժարվում է մասնակցել գործողություններին: Կարծում ենք՝ սա նրա բարոյական վսեմ նկարագրի դրսևորում է:
Մեր զորավար և գործչի արտասովոր երևույթը լուսաբանվում է ոգեղենությամբ և համապարփակ հավատով, ինչպես նաև խոր գիտելիքներով: Մեր կարծիքով՝ նա հմտորեն կիրառել է արիական գաղափարախոսությունը՝ գործելով ռազմի աստված Վահագնի զորությամբ: Նժդեհը նաև տաղանդավոր զորավար էր, կադրային սպա: Չէ՞ որ մենք այս գաղափարներով նվաճել ենք ամբողջ աշխարհը՝ դառնալով մտքի աշխարհակալ: Մեզ մշտապես ուղեկցել են ռազմի կորովը և հաղթելու կամքը: Խուստուփ լեռան գագաթին Նժդեհը եղել է աստվածահայտնության մեջ. նա հանդիպել է
Վահագնին: Հենց սա է պատճառը, որ ռազմիկը շատ քիչ զոհեր է տվել և միաժամանակ կատարել վիթխարի գործեր:
Ուշադրության է արժանի 1918թ. մայիսի 25-28-ը տեղի ունեցած Ղարաքիլիսայի ճակատամարտի դրվագը, որտեղ նա աչքի է ընկնում անօրինակ խիզախությամբ և հմուտ գործողություններով: Նա արժանապատիվ այն սպաներից մեկն էր, որը կտրականապես մերժել է Ղարաքիլիսան օսմանցիներին հանձնելու միտքը և դեռևս Դիլիջանում մարտաշունչ իր ելույթով մեծ ոգևորություն է առաջացրել զորքի և ժողովրդի շրջանում: Նժդեհն առաջիններից մեկն էր, որ վերադարձավ ռազմի դաշտ և կռվի բռնվեց անարգ թշնամու հետ: Հարկ է նշել, որ հայերը, նրա գլխավորությամբ, մայիսի 25-26-ին և 27-ի գիշերը փայլուն հաղթանակներ են տարել: Ահեղ այս ճակատամարտը, փաստորեն, փկեց Երևանի և Թիֆլիսի հայությանը բնաջնջումից և նախապատրաստեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը: Այս դեպքն ուներ աշխարհաքաղաքական նշանակություն: Նշենք նաև, որ քարոզչական և ազգային ոգու պահպանման առումով չի կարելի խոսել պարտության մասին, քանի որ մայիսի 28-ին հայոց զորքը պարզապես մարտավարական իմաստով նահանջել է:
Առավել հետաքրքրական է նրա հաղթամարտը Սյունիքում(1919թ. օգոստոս-1921թ. հուլիս), երբ նա կարողացավ դիմագրավել աշխարհաքաղաքական ուժերին և ապահովել մեր տեղը այս արևր տակ: Նժդեհը ոգեկան մեծ ուժով կերտեց Լեռնահայաստանը, որը պետք է դառնար ազգային մեր ապագա հզոր պետությունը: Ոչ պատահականորեն պետական այս կազմավորման նստավայրը Տաթևի վանքն էր, քանի որ այն ուներ ուժեղ էներգադաշտ և Աստծո աջակցություն: Նա կազմակերպված և կատաղի պայքար էր մղում երեք ապօրինի պետությունների՝ քեմալական Թուրքիայի, մուսավաթական Ադրբեջանի և բոլշևիկյան Ռուսաստանի դեմ: Մի զարմանալի օրինաչափությամբ և տրամաբանությամբ Նժդեհը, կռվելով բոլշևիկյան և թուրքական ուժերի դեմ, դրանով իսկ մարտնչում էր ռուսների համար և խոչընդոտում համաթուրքականության և համաթուրանականության հանցավոր ծրագրերի իրագործմանը: Այսինքն՝ նրա պայքարը համամարդկային էր և աստվածահաճո, քանի որ ոչնչացնում էր հետադեմ ուժերին՝ նպաստելով համընդհանուր առաջընթացին և արդարության հաստատմանը:
Իսկ բոլշևիկ զինվորականները զարմանում էին և ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչ կանոններով է կռվում Աժդար փաշան(այսպես էին անվանում Նժդեհին մեր թշնամիները)՝ մեր հայորդին, որ կարողանում էր փոքրաթիվ ուժերով հաղթել ուժեղ թշնամուն, երեք պետության զորքերին: Հարկավ, ուշագրավ հանգամանք է: Նժդեհը հայ մարդու մեջ բոցավառել էր արիական հաղթանակների հուրը և հայրենապաշտության ոգին: Այս հաղթանակներում նրա բանիմաց ուսուցիչն էր մեկ այլ հռչակավոր զորավար
և պետական գործիչ Դավիթ Բեկը, որի կիրառած ռազմավարությամբ և մարտավարությամբ Նժդեհը կռվում էր թշնամիների դեմ: Խոսքը նրա կազմակերպած Դավիթբեկյան ուխտերի մասին է; Նա ցիրուցան արեց բոլշևիկյան անպարտելիության առասպելը՝ ջախջախելով զավթիչ բոլշևիկյան 11-րդ բանակը: Իսկ բոլշևիկները փորձեցին ծուղակը գցել Նժդեհին՝ նրան առաջարկելով ղեկավարել այդ նույն բանակը:
Իսկ այսօր էլ նա սխալ է ընդունվում մեզանում և հատկապես դրսի ուժերի ճամբարում: Եվ դա բնական երևույթ է. չէ՞ որ բավականին բարդ է մեկնաբանել Հայամարդուն մարմնավորող նման մի անհատի, որի համար գիտելիքներ և բարոյական չափանիշներ են պետք: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեր թշնամական կենտրոնները կարողացել էին Ա.Հիտլերին և նրա համախոհներին թյուրիմացության մեջ գցել, որ հայերը սեմիտական ժողովուրդ են և վտանգ են Գերմանիայի համար: Նպատակը մեզ թիրախավորելն էր և մեջտեղից ուրիշի ձեռքով վերացնելը: Մի պահ անգամ Արևելյան Եվրոպայի երկրներում սկսվեցին հայերի նկատմամբ բռնություններ և հալածանքներ: Բայց հայկական ռազմավարական և դիվանագիտական միտքն արագ գործի անցավ. քաղաքական և ազգային գործիչներ Հայկ Ասատրյանը, Գարեգին Նժդեհը, Արտաշես Աբեղյանը, Դրաստամատ Կանայանը (Դրոն), Ներսես Աստվածատուրյանը և այլք փութաջանորեն գործեցին և կարողացան արժանահավատ վավերագրերով ու խորաքնին հետազոտություններով ներկայացնել ու ապացուցել ֆաշիստական վերնախավին, որ հայերն արիական ազգ են, իսկ Հայկական լեռնաշխարհը՝ արիական քաղաքակրթության բնօրրան: Վերմախտը դրա շնորհիվ հիմնովին փոխեց իր վերաբերմունքը հայերի նկատմամբ: Սա հայկական դիվանագիտության և ռազմավարության մեծագույն և շոշափելի հաղթանակն էր:
Այս առումով էական խնդիր էր նաև Հայկական լեգեոնի չարչրկված հիմնախնդիրը: Մեր գործիչները, գերմանացիներին իբր թե օգնելու պատրվակի տակ, խնդիր էին դնում հայերին պաշտպանել թուրքական հնարավոր ներխուժման դեպքում: Իսկ դա կարող էր տեղի ունենալ, եթե Ստալինգրադի մոտ խորհրդային զորքերը պարտվեին: Այս ճակատում հայ զինվորներն ու սպաները ևս շատ եռանդուն էին կռվում, քանի որ ետևում սրբազան հայրենիքն էր՝ Հայաստանը: Հընթացս կար նաև հայ ռազմագերիներին փրկելու գաղտնի մարդասիրական ծրագիր, որն ամբորջությմաբ իրականացվեց: Ա.Հիտլերը թույլ տվեց ստեղծել այս լեգեոնը և այն համաձյանեց չուղարկել ռազմաճակատ, քանի որ գիտեր հայերի դրական և բարեկամական վերաբերմունքը ռուսների նկատմամբ: Լեգեոնը այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, այլ ավելի շատ ունեցավ ձևական բնույթ և գործեց գերմանացիների թիկունքում: Ի դեպ, կան անողոք փաստեր և տվյալներ, որ մեր նենգ հարևանների ստեղծած Ադրբեջանական լեգեոնը ոչ միայն ներգրավվել է հակախորհրդային ի շարք ճակատամարտերի մեջ, այլև Ուկրաինայում և Լեհաստանում մասնակցել
ուկրաինացիների և լեհերի կոտորածներին: Ահա սա է պատմական ճշմարտությունն այդ ամենի մասին, որը ոմանց պարզապես հանգիստ չի տալիս: Խնդիրն այն է, որ հայերը երբեք ուրիշներին վնաս չեն տվել, քանի որ դա բխում է նրանց քաղաքակրթական առաքելության տրամաբանությունից: Սակայն Նժդեհը դրսևորեց միամտություն և կամովին հանձնվեց խորհրդային գաղտնի ծառայություններին՝ հույս ունենալով հասնել Արևմտյան Հայաստանի ազատագրությանը: Ճիշտ կլիներ խոհրդային ղեկավարության վրա ազդել այլ եղանակներով և հասնել դրական արդյունքների:
Դեռ ավելին, մեծ մտածող և իմաստասեր Գարեգին Նժդեհը նաև ժամանակակից գործիչ է, քանի որ նրա պատմական փորձը լուրջ ներդրում կարող է լինել չորրորդ հանրապետության կերտման ժամանակ: Նժդեհյան հայակենտրոն հայեցակարգը այսօր կենսունակ գործոն է և ապագա մեր հաղթանակների առհավատչյան: Նրա փորձը մեզ շատ բան է հուշում. մենք պետք է հույսը դնենք մեզ վրա: Ցանկացած կողմնորոշում (ռուսական, ամերիկյան, եվրոպական) ստրկամտության դրսևորում է և հիվանդագին երևույթ: Դա մահացու հարված է Անկախության մեր հռչակագրին, որը մեր պետության ողնաշարն է: Պարզապես մեզ անհրաժեշտ է քաղաքական նոր սերունդ: Համոզված ենք, որ դա Անկախության սերունդն է, որն արդեն ասպարեզում է և կազմակերպվում է ապագա գործերի համար:
Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի հրահրի ռուս-հայկական բախում և թշնամանք: Դրա համար էլ ընտրվել է Նժդեհի թեման, որն ավելի զգայուն է ցանկացած հայի համար: Կան հիմնավորված կասկածներ, որ մեր տականքը ևս մասնակցում է այդ «համերգին»: Ըստ ռուս պատմաբանների հենտազոտությունների՝ արևմտյան ուժերը սադրանքի և նենգության միջոցով 1917-1924 թթ. սանձազերծեցին քաղաքացիական պատերազմ և զանգվածային ջարդեր Ռուսաստանում: Այդ նույն ուժերի ջանքերով ստեղծվեցին համակենտրոնացման ճամբարները և ոչնչացվեց ռուս ազնվականությունը: Պատմության այս դասը պետք է նկատի ունենալ, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Լինենք խոհեմ և զգաստամիտ, որպեսզի մեր թշնամիները չկարողանան հասնել իրենց հանցավոր նպատակների իրականացմանը:
Նկատենք, որ մեզանում չկա հոգեբանական և քաղաքակրթական պարերազմների առկայության գիտակցումը, որը մեր երկիրը դարձնում է խոցելի: Եթե մենք չենք ծավալում եռանդուն գործունեություն, ապա այդ դատարկ տեղը արագ լրացնում է մեր թշնամին: Այս առումով մենք պետք է լոբբիստական աշխատանքով ձեռք բերենք բարեկամներ, որպեսզի մեր հակառակորդները չկարողանան հարձակվել մեզ վրա և պղծել մեր երևելիներին: Չմոռանանք, որ այժմ լրատվադաշտը տնօրինում են համաշխարհային հետնաբեմի ուղեղային կենտրոնները: Ի հակակշիռ դրան, մենք պետք է փոխենք մեր գործելակերպը և որդեգրենք պայքարի նոր եղանակներ ու ձևեր, որպեսզի
ապահովենք մեր հաղթանակները և ձեռքբերումները: Քաղաքական մեր թիմը արհեստավարժ և բանիմաց չի գործում: Դրա հետևանքով էլ ծագել է Գ.Նժդեհի խնդիրը:
Մենք մոռացել ենք ռազմական դիվանագիտության և նախաձեռնողական մարտավարության մասին: Ի դեպ, մեր հզոր արքաները նախկինում խելամտորեն գերադասել են թշնամուն հակադարձել Հայաստանի սահմաններից դուրս, որն իրեն լիովին արդարացրել է: Գ.Նժդեհը մեզ ուսանելի և խորիմաստ դաս է տալիս, որին պետք է ունկնդիր լինել: Անհանդուրժելի է, որ մեզ վախեցնում են ինչ-որ սպառնալիքներով, կաթվածահար անում մարտական մեր անհաղթ ոգին: Այդ մութ ու պղտոր ուժերը պահանջում են ապամոնտաժել…Գարեգին Նժդեհի արձանը: Սա, հարկավ, մեր ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու լկտի և բիրտ քայլ է: Հավելենք նաև, որ այդ արձանը զուտ գեղագիտորեն կարող էր ավելի ազդեցիկ լինել: քանդակագործը բնավ չի ընկալել Նժդեհի էությունը, որն աններելի անփութություն է:
Նշենք նաև, որ Գարեգին Նժդեհը մեր արժանապատվությունն է և ինքնասիրությունը, նաև մեր կենսակերպն ու աշխարհայացքը: Այս հարցւմ չկան մանրուքներ և երկրորդական հանգամանքներ, բոլոր պարագաներն էլ կարևոր են: Մենք պետք է աշխարհին ներկայանանք քաղաքակրթական մեր հզոր կոդով, կերպարով և արարչական ու բարի էությամբ: սա է հզորության բանալին և երաշխիքը: Նժդեհը մեր հիշողությունից ջնջված Հայամարդու կամ Աստվածամարդու տեսակն է՝ մեր հուժկու նախնին, որին մոռանալը և անտեսելը ուղղակի անթույլատրելի է: Եթե ներկայումս նա կենդանի լիներ, ապա կզարմանար մեր անհիմն թուլության և անհարկի անզորության վրա: Մենք ունենք Աստծուց մեզ շնորհված մեծ ներուժ և ունակ ենք փոխել իրավիճակը հօգուտ մեզ և մարդկության:
Գարեգին Նժդեհին շատերն են գնահատել և ըստ արժանվույն արժեքավորել: Անվանի զորավար և ժողովրդի սիրեցյալ Անդրանիկ Օզանյանը, երբ իրեն անվանում են Ամենայն հայոց զորավար, համեստորեն ճշտում է, որ այդ պատվանունը պետք է վերագրել Գարեգին Նժդեհին: Չէ՞ որ հենց նա չի զիջում դիրքերը և անհուսալի պայմաններում կարողանում հաղթել թշնամիներին: Իսկ ինքը հայրենիքի համար ծանր ժամանակ լքում է Հայաստանը և մեկնում արտերկիր: Ուշագրավ է տաղանդավոր զորահրամանատարի եզրակացությունը. ինքը պետք է մնար Նախիջևանում՝ Գողթանում և Նժդեհի հետ մեջք մեջքի պաշտպանեին մայր Հայաստանը: Ցնցող խոստովանություն է:
Եթե ամփոփենք, ապա պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք. մենք պետք է ուշադիր լինենք քաղաքակրթական մեր արժեքների պահպանության նկատմամբ և թույլ չտանք, որ մեր թշնամիները աղավաղեն կամ յուրացնեն հոգևոր մեր
ունեցվածքը; Ավելին, մենք պետք է պաշտոնական քարոզչություն ծավալենք լրատվամիջոցներով և մեր սերունդը դաստիարակենք Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Արա Գեղեցիկի, Արտաշես Ա Բարիի, Տիգրան Մեծի, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի և այլ երևելի դեմքերի օրինակով ու գործով: Հակառակ դեպքում մենք կունենանք աններելի կորուստներ և հոգեբանական լուրջ խնդիրներ: Ազգային զարթոնքը ենթադրում է նախնիների ոգու պաշտամունք, բոցավառ հայրենասիրություն և աստվածային օրենքների հստակ կիրառում: Մենք արագ զարգացումների, հեղաբեկումների և նոր իրականության կերտման նախաշեմին ենք, որին պետք է պատրաստ լինենք ազգովի՝ փոխված հոգեբանությամբ և մտածողությամբ: Սա պատմական բացառիկ հնարավորություն է, որը պետք է անպայման հաշվի առնել: Ապագայի քարտեզին գծագրվում է նվիրական և սրբազան Մեծ Հայաստանի պատկերը:
Ռուբեն Նահատակյան
պատմաբան, հայագետ
20.01.2020թ.