2015 թ.
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանի 75-ամյակի առթիվ
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԻՄԱՍՏԱՍԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
Լրացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի Տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սարգասի Մանասյանի 75 տարին:
Հանրապետության գիտական շրջանակները նրան գիտեն որպես գիտամանկավարժական ու հասարակական-քաղաքական ոլորտների անխոնջ գործչի ու հայրենանվեր մտավորականի:
Բաքվի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ու պատմության և ֆիզմաթ ֆակուլտետների հայկական բաժնի շրջանավարտ, այնուհետև տեղի «Կոմունիստ»
(հայերեն) հանրապետական թերթի լրագրող Ալեքսանդր Մանասյանը իմաստասիրության անդաստան է մուտք գործել 1967-ին` ընդունվելով ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի ասպիրանտուրան: Թեկնածուական թեզի համար «Գիտական գիտելիքի զարգացման պրոբլեմը» հետազոտական թեմայի ընտրությունը յուրովի ծրագրավորեց նրա գիտական հետագա գործունեությունը: Հիմնախնդրին նվիրված նույն վերտառությամբ 1973 թ. հրատարակած նրա առաջին մենագրության մեջ իմացության փիլիսոփայական վերլուծության մեկնակետ ընտրվեց էվրիստիկ մեծ ներուժ ունեցող այն գաղափարը, որ գիտական գիտելիքների ներգիտական
հատկություններում ներկայանում, առարկայանում ու բացահայտելի են դառնում
դրանց իմացաբանական բնութագրերը: Իմացաբանական այդ վարկածը նա ծավալեց «Գիտական գիտելիքի տրամաբանական վերլուծության փիլիսոփայական հարցեր» (1969, 1971, 1974, ռուս.) մատենաշարում զետեղած իր ուսումնասիրություններում:
Ուղենշային այդ գաղափարը «Գիտական գիտելիքի օբյեկտիվության մեթոդաբանական սկզբունքները և գիտության միասնության հիմնախնդիրը» (1984) վերտառությամբ մենագրության մեջ ծավալվեց և ստացավ իմացաբանական հարացույցի նշանակություն, որ նորարարական էր ոչ միայն օբյեկտիվության ներգիտական կեցության, նրա առարկայացումների ու երևույթացումների հստակեցման ու իմաստավորման, այլև իմացության համագիտական սկզբունքների գործառույթների, գիտության պատմությամբ դրանցում ներդրված բովանդակության վերծանման առումով: Ա. Մանասյանի աշխատանքներում ապացուցվեց, որ իմացաբանական հայեցակարգերում ավանդաբար անվիճելի դիտվող «եթե ճշմարիտ է, ուրեմն օբյկեկտիվ է» գաղափարը չի համապատասխանում գիտական իմացության իրական ընթացքին և հիմնավորվեց, որ ճանաչողության սուբյեկտը իրականում գիտելիքի օբյեկտիվությունից է կատարում իմացաբանական եզրակացություն նրա ճշմարտության մասին: Իմաստասիրական գրականության մեջ առաջին անգամ նա ցույց տվեց, որ պատճառականության, պարզության, ինվարիանտության, համաչափության, սկզբունքային դիտարկելիության, պահպանության ու համապատասխանության
սկզբունքները մտածողության տրամաբանական օրենքների հետ մեկտեղ կատարում են գիտական գիտելիքի օբյեկտիվության ապահովման, իմացության մեջ սուբյեկտիվի` իրենց բնույթով տարբեր դրսևորումների հաղթահարման ներգիտական միջոցների դեր: Իմացաբանության ավանդական բոլոր հարցադրումներն այդ հարացույցով, ըստ էության, ստացան նոր լուծումներ: Իմացության տեսության բնագավառում Ա. Մանասյանի ավանդը բարձր է գնահատվել հանրապետության և արտերկրի մասնագիտական ամսագրերում հրապարակված գրախոսականներում ու
վերլուծականներում:
Հատուկ գնահատանքի է արժանի հոբելյարի կեսդարյա մանկավարժական գործունեությունը: 1983–2003 թթ. նա աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության ամբիոնում նախ պրոֆեսորի և ապա նրա վարիչի պաշտոնում (1992–2003 թթ.), իսկ այնուհետև Երևանի պետական համալսարանի Տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնում, որը նա գլխավորում է 2003 թվականից մինչ օրս: Սկզբունքայնություն, պահանջկոտություն, օգնության պատրաստակամություն` գիտնականի այս որակներն են թույլ տվել նրան պատրաստելու բարձր որակավորման բազմաթիվ կադրեր: Այսօր էլ նա աշխատում է երիտասարդական ավյունով ու նվիրվածությամբ:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Մանասյանի` որպես գիտնականի անկախությունը,
գիտականության իդեալներին նրա հավատարմությունը դրսևորվեցին նաև նրա հասարակական-քաղաքական գործունեության մեջ: Գիտնականի ու քաղաքացու նրա այդ որակները հասարակայնորեն նշանակալից ձևով դրսևորվեցին Ղարաբաղյան շարժման ու պատերազմի տարիներին: 1991–1995 թթ. նա համատեղության կարգով աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովում:
Հանրությունը պրոֆ. Մանասյանին գիտի որպես 1988 թ. «Արցախ» հայրենակցական-բարեգործական միության, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունների հիմնադիր նախագահ, կազմակերպություններ, որոնք շոշափելի հետք են թողել ետխորհրդային տասնամյակների մեր հասարակական կյանքում:
Այժմ նա գլխավորում է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությունը և Ադրբեջանի կողմից պարտադրված տեղեկատվական պատերազմում նա մշտապես դիմակայության առաջին գծում է Versia.am, Ditaket.info, Dezaz.info հեղինակային կայքերով, ռադիո ու հեռուստատեսային հաղորդումներով, ժողովրդական դիվանագիտության հարթակներում և գիտական համաժողովներում ունեցած ելույթներով, հարյուրավոր հոդվածներով:
1991-ից ի վեր Ա. Մանասյանը հետազոտական աշխատանքներ է ծավալել պատմության, փիլիսոփայության և քաղաքագիտության բնագավառներում` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի՝ իր բնույթին համարժեք իմաստավորման ու նրա միջազգային քաղաքական կարգավորման հետ: Նշանակալից է նրա ներդրումը մեր ազգային այդ հիմնահարցի պատմաքաղաքական և իրավական հիմքերի ուսումնասիրության, քաղաքական շրջանակներում և հանրային գիտակցության մեջ դրանց ներդրման գործում: Այդ բնագավառում Ա. Մանասյանի ստացած գիտական արդյունքները բացառիկ նշանակություն ունեն ինչպես նոր պայմաններում ազգայինքաղաքական գիտակցության ձևավորման, այնպես էլ արտաքին քաղաքական ռազմավարության հայեցակարգի մշակման համար: Կատարված աշխատանքները թույլ են տալիս խոսել ամբողջական հայացքի առաջադրման մասին:
Հիմնախնդրի մասին նրա
- «Карабахский конфликт: ракурсы правового подхода» (1997),
- «Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության հայելում» (2005),
- «Карабахский конфликт: ключевые понятия и хроника» (2005),
- «Հայագիտությունը արդի հայոց քաղաքական պատմության համատեքստում» (2005),
- «Карабахский конфликт: международно признанные основания проблемы» (2007),
- «Ղարաբաղյան հակամարտություն. իրավաքաղաքական փաստերի ու փաստարկների նվազագույն փաթեթ» (2008),
- «Նախիջևանյան հիմնախնդիր. հին ու նոր հարցադրումներ Կարսի պայմանագրի մասին» (2009),
- «Ադրբեջանահայությունը Ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության համատեքստում» (2014),
- «Հայոց ցեղասպանություն. քաղաքական վերաիմաստավորման հրամայականը Մեծ եղեռնից 100 տարի անց» (2015) գործերը,
որոնք զգալի մասով թարգմանվել են եվրոպական լեզուներով:
Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված նրա գրքերի ու հոդվածների, հեղինակային ռադիո և հեռուստատեսային հաղորդաշարերի ու հեղինակային տեղեկատվական-վերլուծական կայքերի շնորհիվ բազմահազար մարդկանց հասանելի է դարձել ճշմարտությունը ազգային մեր հիմնախնդրի մասին:
Շնորհավորում ենք հոբելյարին և քաջառողջություն ու ստեղծագործական նորանոր նվաճումներ մաղթում նրան՝ հանուն մեր գիտության ու մեր ժողովրդի:
ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,
ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆ,
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ