(Ռուբեն Նահատակյանի հոգեբանական էտյուդ)
Սա Հայաստան է … և վերջ: Լեոնիդ Ազգալդյան
Լեոնիդ Ազգալդյան…Հանրաճանաչ մի անուն, ազգային գաղափարախոսության տիտան, մի հսկա, որին դեռ պետք է խորությամբ և հիմնովին ճանաչել:
Ի դեպ, բավականին դժվար է նրա մասին ինչ-որ բան գրել, առավել ևս լուրջ խոսք ասել: Նա իր մեջ պարփակում էր անցյալի մեր երևելիների բնավորության ուժեղ գծերը և մեր ազգի քաղաքակրթական հզոր կոդը: Լ.Ազգալդյանը տաղանդավոր գիտնական էր, ռադիոֆիզիկոս, գյուտարար և հմուտ ռազմական գործիչ: Բայց դա նրա ամբողջական նկարագրի սոսկ մի մասն էր: Լեոնիդը ամենից առաջ իմաստուն էր, իմաստասեր և տեսաբան, ընդ որում, ազգային հոգեբանության և Հայոց քաղաքակրթության փայլուն իմացությամբ: Բացի այդ նա գեղեցիկ և շատ հմայիչ տղամարդ էր, որի կերպարում առինքնող էին և՛ արտաքինը, և՛ ներքինը:
Արցախյան հաղթամարտը Լեոնիդն զգում էր իր էությամբ և ներհայեցությամբ: Նա սովորական անհատ չէր, այլ խոհակալած և Տիեզերքի հետ խորհրդավոր աղերսներով կապված մի լուսավոր էություն: Հավանաբար, մեր հերոսը լուրջ ազդակներ էր ստանում այնտեղից և փորձում փոխել ճղճիմ մեր կյանքը: Եվ դա նրան մասամբ հաջողվեց: Ցավոք, մասամբ: Մի հետաքրքիր օրինաչափությամբ Լեոնիդը խտացնում էր մեր ազնվականության նկարագիրը. ծնվել է Արևելյան Հայաստանի մայրաքաղաք Տփղիսում(Թիֆլիսում) և սերում էր մյուս մայրաքաղաք Կարսից: Նրա նախնիները պատվական այս քաղաքից էին: Այս ամենը Սասնա նորօրյա այս ծռի հոգում շատ ներդաշնակ էին, որին միայն ինքն էր իրազեկ: Ուշագրավ է, որ Արցախյան այս հզոր շարժումն ուներ երկու բաղադրիչ՝ ազգային և ապազգային: Լեոնիդը ներկայացնում էր առաջին թևը, Մովսես Գորգիսյանի, Արթուր Մկրտչյանի, Մոնթե Մելքոնյանի, Կարո Քահքեջյանի և այլ իսկական հայորդիների հետ միասին: Գործում էր նաև ապազգային, այսպես կոչված, ազատական, ժողովրդավարական բևեռը, որը առաջնորդեց շարժումը և հետագայում ստեղծեց հակազգային իշխանությունը՝ դավադրաբար, հատուկ ծրագրով մեզանում ներդնելով քաղաքական օտար համակարգ: Սա է մեր սրբազան շարժման ողբերգության էությունը: Պետք է կառավարեին ազգային դեմքերը, բայց նրանք գաղտնի բեմագրով(սցենարով) զբաղված էին դեռևս հայրենիքը պաշտպանելով և կենդանի թիրախ դառնալով: Այսպիսին է տարօրինակ մահերի և խորհրդավոր սպանությունների արյունոտ երկարուձիգ շղթան, որը ապագայում դեռ պետք է բացահայտվի ամենայն մանրամասնությամբ: Դրա հեղինակը դրսի գաղտնի ծառայությունների տեղական գործակալներն են: Իսկ հետագայի տարեգիրն ու պատմաբանը պետք է անկանխակալ և արդարամիտ գրչով վերլուծեն դեպքերն ու դեմքերը և տան ժամանակի ճշմարիտ գնահատականը:
Լեոնիդ Ազգալդյանի կերպարը հար և նման էր Հայկ Նահապետի, Դավիթ Բեկի և Գարեգին Նժդեհի նկարագրին: Եվ դա բնավ էլ պատահական երևույթ չէր: Նվիրյալ զինվորականը մարմնավորում էր արմեններին, այսինքն՝ մեր ռազմական կորովը: Նա խստաբարո զինվորական էր, քանի որ քաջ գիտեր մեր գլխին կախված վտանգների ու մեր դեմ լարված որոգայթների մասին: Մեր խիզախ հերոսը խորությամբ ուսումնասիրել էր ռազմական գործը և դա կարգապահ կերպով կիրառում էր մարտադաշտում՝ հասնելով լուրջ հաջողությունների: Լեոնիդը 4 տարվա արյունահեղ մարտերի ընթացքում կրեց ընդամենը 6 կորուստ: Իսկ Գ.Նժդեհը 2,5 տարվա կռիվներում ունեցավ 28 զոհ: Նա հանդուգն էր և համարձակ, բայց երբեք չէր կորցնում իրականության սթափ ընկալումը: Լեոնիդը միաժամանակ բարի մարդ էր և միշտ հոգ էր տանում զինվորի ու ընկերոջ մասին: Սա նրա առաքինության և պարկեշտության գրավականն էր: Նրա ջոկատում խստագույսն արգելված էին ծխելն ու խմելը: Երբ ինչ-որ մեկը ծխում էր, նա տակտով նրան ուղարկում էր այլ ջոկատ: Լեոնիդը սրբազան փութեռանդությամբ և լրջմտությամբ կերտում էր այսօրվա հայորդու կերպարը՝ իմանալով, որ մերձակա ապագայում նա է իշխելու Հայաստանում: Մարդակերտման առաքելությունը ժամանակի հրամայական պահանջ էր և անհետաձգելի խնդիր:
Այո, Ազգալդյանը առաջ էր անցել իր ժամանակից և հածում էր նույն ժամանակի կեռմաններում: Նա շատ լավ գիտեր, որ Արցախը մեր մեծ ծրագրերի լոկ մի դրվագն է, այն էլ կարևոր հատվածը: Մենք պետք է պատրաստ լիենենք Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի ազատագրության վսեմ գործին: Ազգալդյանը, բարեբախտաբար, ուներ համախոհների իր բանակը, որը ռազմական, հոգեբանական և բարոյական լուրջ դպրոց էր անցնում: Նրանց մեջ էր իր մարտական ընկեր Վլադիմիր Բալայանը, որին նա նշանակեց իր տեղակալ և Արցախի ջոկատի հրամանատար: Դա վերածվեց մի հրաշալի ընկերության և երկու հոգիների կատարյալ ներդաշնակության: Ցավոք, 1992թ. հունիսի 6-ին Չայլուի մոտ հերոսաբար զոհվեց Վլադիմիրը՝ մեծ վիշտ պատճառելով իրեն: Լեոնիդը մեր նախնիների նման բոցավառեց մարտաշունչ կորովն ու ռազմի ոգին զինվորիների հոգում և հասավ աննախադեպ արդյունքների:
Նա լավատեսության, համառ կամքի, նպատակասլացության, ժուժկալ պահվածքի մի միաձույլ ամբողջություն է, որին, որպես օրինակ, հետևում էին և նմանվում: Աննկուն գործիչը շեշտում էր. «Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ: Ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ»: Լեոնիդը նաև շատ լավ գիտեր օրինակի մոգական ուժը, որի պատճառով էլ իր նկատմամբ շատ խիստ էր և պահանջկոտ: Մենք բոլորս էլ ժամանակի և ազգի առաջ քննություն ենք հանձնում, վայ նրան, ով տրվեց գայթակղություններին և մոլորություններին: Տականքը ևս հայտնվեց Արցախում թալանի, կողոպուտի և կեղծ հայրենասիրական կեցվածքի դրսևորումներով: Դրանք հետո արդեն հասան իշխանության լծակներին և «վայելեցին» բարիքները՝ մինչև արդար հատուցման ժամը: Այս ամենը ինձ ներկայանում է որպես կորսված ժամանակ, որի կսկիծը մենք դեռ երկար ենք զգալու: Բայց կգա պահը և ամեն ինչ կդրվի իր տեղը: Պետք է ունենալ բարոյական նկարագիր, լինել կարգապահ և պատասխանատու քո քայլերի համար, հակառակ դեպքում զոհասեղանին է հայտնվում հայրենիքն ու ազգը:
Արցախյան պատերազմը կոտրեց ստրկամտության կարծրատիպերն ու կաղապարները. մենք սկսեցինք ուղղել մեր նախորդների սխալները, շտկել կորացած մեր մեջքը և ազատագրել տարածքները: Սա հոգեբանական լրջագույն հեղաբեկում էր, երբ հայ ազգն իրեն զգում էր որպես երկրի և քաղաքակրթության տեր: Լեոնիդ Ազգալդյանը իր ընկերների հետ կատարեց պատմական այս առաքելությունը: Մեր համոզմամբ՝ այս գործընթացը շարունակվելու է նոր թափով և խորությամբ: Նա նաև թոթափեց խոսքի մշուշի և էքստազի բարդույթը, որն այժմ բնորոշ է քաղաքական նորօրյա գործիչներին: Մեր հերոսը գործնական և իրական գործիչ էր, որը շատ թանկ էր գնահատում ժամանակի գործոնը; Այս առումով նա այժմեական դասեր է տալիս նորօրյա քաղաքական գործիչներին:
Լեոնիդը ծնվել է 1942թ. նոյեմբերի 22-ին Թբիլիսիում, Կամոյից այստեղ տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում: 1947-1959թթ. ավարտել է Ա.Մռավյանի անվան դպրոցը: 1960թ, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանը, բայց 1962թ. տեղափոխվել Երևանի պետհամալսարան և այն ավարտել 1966-ին: 1966-1989թթ. աշխատել է ՀԽՍՀ պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, «Էներգիա» գիտաարտադրական միավորումներում բաժնի վարիչ, Ատոմային էլեկտրակայանների համամիութենական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում՝ գիտաշխատող, համակարգչային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի բաժնի վարիչ: Լեոնիդը նաև մարզիկ էր. զբաղվել է ջրագնդակով և թեթև ատլետիկայով, ստացել է բազմաթիվ պատվոգրեր և ռեկորդների հավաստագրեր: Եղել է Հայաստանի ջրագնդակի հավաքականի անդամ:
1988թ. ազգային զարթոնքը Լեոնիդն ընկալեց որպես հայրենիքին անմնացորդ նվիրվելու հրաշալի մի հնարավորություն և մխրճվեց փոթորկալի իրադարձությունների հորձանուտը: 1990թ. նա «Անկախության բանակի» հրամանատար էր՝ քաջ գիտակցելով, որ միայն զենքով կարելի է իրականացնել հայրենիքն ազատագրելու գաղափարը: Կազմակերպել է Մեղրիի շրջանի Նյուվադի գյուղի ազատագրման առաջին գրոհը: Ծրագրել և իրականացրել է մայիսի 27-ի, կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո, խորհրդային զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը: 1990թ. վերջից մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին; Ազգալդյանը կազմակերպում է «Ազատագրական բանակը» և դառնում դրա հիմնադիր-գլխավոր հրամանատարը: Այսպիսին են փառավոր զորահրամանատարի մարտական ուղին նշող հիմնական փաստերը: Բայց երբ Աշոտ Նավասարդյանը նրան առաջարկեց Անկախության բանակը վերածել կուսակցության, ցավոք, նա մերժեց: Կարծում եմ, որ սա ռազմավարական ճակատագրական սխալ էր:
Նա նոր Հայաստանի ճարտարապետներից մեկն է և նրա գործուն պաշտպանն ու սատարողը: Խորունկ մտածողն ու տեսանողը իրավացիորեն կարծում էր, որ մենք պետք է առաջնորդվենք որակով և երբեք չոգևորվենք քանակով, որը երբեմն շատ վտանգավոր է: Նա բծախնդրորեն ու մանրակրկիտ կերպով էր ընտրում իր զինվորներին, քանի որ դա լինելու էր մեծ Հայաստանը կերտող բանակը: Ազգալդյանը իմաստնացած ասում էր. «Երբ երիտասարդ տղաներ են գալիս ու ասում, եկել են Արցախի համար զոհվելու, ես նրանց չեմ ընդունում, մեզ պետք է են Արցախի համար կռվողներ ու հաղթողներ…Այս տարածքները, որ մենք, ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք կամ կարող ենք պատկերացնել. ցանկացած ազգ, որ հող կհանձնի՝ դատապարտված է կործանման»: Լեոնիդը կրթում և դաստիարակում էր Անկախության սերունդը՝ որպես նոր արժեքների և պետականության կրող: Այս հայրենանվեր գործն արվում էր մեծ նվիրումով և հոգեկան էներգիայով: Ազգալդյանը մարդկային և բարոյական բարձր մթնոլորտ ձևավորող և նոր սկզբունքներ հաստատող մի անհատ էր, որի խոսքը միշտ էլ լսելի էր ու ազդեցիկ: Անսասան գործչին բարձր էին գնահատում հանրային լայն շրջանները, քանի որ նրա կերպարը նորություն էր և հոգու հետ խոսող:
Լեոնիդը շատ թանկ էր գնահատում զինվորին և արձանագրում. «Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»: Նրա համար ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն էր, որի նկատմամբ ուներ գորովալից վերաբերմունք: Ազգալդյանը խորագիտակ և կյանքի դասերը շատ լավ սերտած մի անզուգական անհատ էր; Նա խոր դիտարկումներ էր անում. «Սխալ են ասում, երբ ասում են հողը արյունով են պահում, հողը սիրելով են պահում»: Եվ, իսկապես, սա Սիրո տիեզերական օրենքի հրաշալի գիտակցումն է: Երբեմն ինձ թվում է, թե նա հենց նոր եկավ Տիեզերքից, որպեսզի հայությանը առաջնորդի դեպի աստվածային լույսն ու փրկությունը:
Կարծում ենք, որ այժմ անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել Ազգալդյանի մարտական և գաղափարախոսական գործունեության սկզբունքները: Դրանք արդիական են և ուշադրության արժանի: Նա, փաստորեն, կռվի դաշտում պաշտպանում էր Հայոց քաղաքակրթությունը և ազգային արժեքները, որպեսզի մեր ազգը կարողանա դիմակայել ժամանակի հողմերին, անխոտոր քայլի պատմության խաչմերուկներում և ապրի արժանապատվորեն: Լեոնիդի պայքարը մեր ինքնասիրության և պատվախնդրության հավաստագիրն է և ուղղված է մեզ՝ հետնորդներիս: Նա մեզ թողել է նվիրական պատգամներ և պատվիրաններ, որոնք մենք պարտավոր ենք սրբորեն կատարել և հզորացնել մեր հայրենիքն ու ազգը: Պարզապես մարգարեական են հնչում նրա խոսքերը. «Սա Հայաստան է և վե՛րջ…Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ո՛չ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը, ինչպես նաև մնացած հայոց հողերը…»: Ապշեցուցիչ և խորիմաստ խտացում, այնպես չէ՞:
Ազգալդյանը իր հոգում և մտքում ուներ շքեղ երազներ ու իղձեր, որոնք հանրային աջակցության բացակայության հետևանքով չկարողացավ իրականացնել; Սա է դառն ու այրող ճշմարտութունը: Ինչպես տեսնում ենք՝ մեր կրավորականությունը և անվճռականությունը շատ թանկ նստեցին մեզ վրա. հայերս հայտնվեցինք պատմության լուսանցքում և ազգային նպատակներից բավականին հեռու: Իսկ սա դաժան դաս է, որպեսզի հետագայում գոնե չսխալվենք և հասնենք մեր լուսավոր ձգտումներին: Դավադիր այս չսատարելու մեջ հիմնական դերն, իհարկե, տականքինն է, որը փառավորապես դավեց ազգային մեր տեսլականին: Եվ սա այժմ էլ գործող օրինաչափություն է, որը պետք է մշտապես հաշվի առնել և հաղթահարել:
Այսուհանդերձ, կա սփոփիչ և հուսադրող մի պարագա. Ազգալդյանի և մյուսների ցանած սերմերը այժմ պտղակալում են ու ծնելու են նոր իրականություն: Խոսքը ազգալդյանական դաստիարակության քուրայով անցած երիտասարդների նոր սերնդի մասին է, որը վաղ թե ուշ ասելու է իր վճռական անելիքը: Այս հարցում նկատելի են նաև Մ.Մաշտոցի, Գ.Նարեկացու, Դ.Վարուժանի, Լ.Շանթի, Ե.Չարենցի, Հ.Շիրազի, Պ.Սևակի, Հ. Մուրադյանի և այլոց լուսավոր հետքերը: Մենք ազգային հուժկու զարթոնքի և ներդաշնակ համախմբման նախաշեմին ենք: Այս անգամ ևս մեր հաղթական երթի դրոշակակիրը լինելու է նաև Լեոնիդ Ազգալդյանը: Երիցս փառք ու պատիվ նրան և մյուսներին: Աստված մեզ հետ է և բարեգութ մեր նպատակների ու երազանքների իրականացման հարցում:
Փառահեղ հայորդին զոհվեց 1992թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ; Նա հետմահու արժանացավ ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանների: Լեոնիդի կիսանդրին տեղադրված է Երևանի Մաշտոցի պողոտայի իր ապրած շենքի մոտ: 1994թ. նրա դիմանկարը վրձնեց նկարիչ Տիգրան Ասատրյանը. մի նկարը նա հանձնեց ընտանիքին, իսկ մյուսը այժմ պահվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի Փառքի թանգարանում: 2019թ. ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու համար: 2019թ. օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ, նա արժանացել է Արցախի հերոսի կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: Նրան բարձր գնահատեցին համախոհ և ազնվաբարո մարդիկ: Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանն ասում է. «Ինչպես Զանգեզուրն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրումը, երկար տարիների զինվորական լուրջ աշխտանքի շնորհիվ բոլոր մանրամասնություններով հանդերձ իր նախապատրաստած ծրագրի իրականացման արդյունքում: Նա է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված հաջող այս ռազմական գործողության պատմական հեղինակը»:
Իսկ մեկ այլ կամավոր և ազգային գործիչ՝ Գագիկ Գինոսյանը, հավաստում է. «Ես չգիտեմ՝ ով է մեղավոր, որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ և ասում՝ երանի՜…երանի՜ որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից և ոչ դարանակալ դեղահաբից: Միևնույն է նա պիտի զոհվեր, որովհետև նրան չէին ների: Չէին ների նրան հատկապես բարոյական հանճարի համար; Բայց Լեոնիդը մահից հետո էլ առավել կենդանի է, քան բազում պաշտոնյաներ»:
Բնական հարց է ծագում. ինչու՞ Լեոնիդ Ազգալդյանը և մյուս հայրենասերները հաջողություն չունեցան: Ցավով ուզում ենք արձանագրել ճշմարտությունը: Մեր կարծիքով՝ պատճառն այն է, որ նրանք չստեղծեցին համապատասխան կառույցներ և չհասկացան հիմնական հարցը: Հայաստանի ճակատագիրը որոշվում էր ոչ թե ռազմաճակատում, այլ քաղաքական միջանցքներում: Իսկ հզոր գերտերության գաղտնի ծառայության գործակալները զավթեցին իշխանությունը՝ ազգային ուժերին հատուկ նպատակով մղելով դեպի ռազմաճակատ: Մեր քաղաքական և գաղափարական ճակատը դեռևս չէր ձևավորվել: Ներկա խրթին հանգամանքներում արդեն կազմավորվում է մտքի ներկայացուցիչների բանակը: Եվ դա է մեր փրկությունը և լուսավոր ուղին:
Ըստ հայերիս պատմական առաքելության իմաստասիրության՝ Հայ տեսակը հավերժ է և կենսունակ, քանի որ դեռևս պատվով կատարելու է մարդկության առաջատարի և առաջնորդի իր դերը: Այս առումով Ազգալդյանը պարզապես ժամանակի հրամայական ծնունդն էր և արդյունքը, որին հետևում էին և գնում նրա հետևից: Մենք համոզված ենք, որ այս դարը մերն է լինելու, քանի որ դա տիեզերական հստակ բեմագիր է: Իսկ ավելի հստակ՝ եկել է գործնական քայլերի ժամանակը:
Ժամանակն է հաշվի առնել պատմության դաժան դասերը, անել ճշգրիտ եզրակացություններ և նշել մեր գործունեության հստակ նպատակներն ու դրանց հասնելու ուղիները: Պետք է ստեղծել ինտելեկտուալ կառույցներ և գործել գործնական սկզբունքներով ու օրինական եղանակներով հասնել իշխանական իրական լծակների: Պետք է նշել, որ ներկայումս կան Ազգալդյանի հետևորդները, որոնք լի են վճռականությամբ ու գործնական էներգիայով:
Ռուբեն Նահատակյան
պատմաբան, վերլուծաբան
02.02.2020թ.