Շատ բաներ թվում են անհասկանալի և անբացատրելի, բայց դա միայն առաջին և հպանցիկ հայացքից: Ամեն ինչ համակարգված է և ծրագրված: Հարցն այն է, որ այժմյան իրավիճակն ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում գտնվում է քամական ուժերի ձեռքին ու ենթակա է այդ համակարգի իմաստասիրությանը: Օրինակ՝ Եվրոպան ամբողջությամբ հայտնվել է այս գաղափարների հորձանուտում և հոգեվարքի մեջ է: Քրիստոնեական համակարգն այս մայրցամաքում արդեն գոյություն չունի, որը մեծ ողբերգություն է: Կարծում եմ՝ եվրոպական հասարակությանը սպառնում է սոդոմ-գոմորի ճակատագիրը և վերջնական կործանում:
Ի՞նչ է քամական համակարգը և ի՞նչ ծագումնաբանություն ունի: Խոսքը Քամի և նրա սերունդների մասին է, որի մեզ համար ընկալելի ներկայացուցիչը Նեբրովթյան Բելն էր: Հանրահայտ է, որ նրա դեմ է ելնում Հապետոսթյան Հայկը և ջախջախում աստվածուրաց և նենգ այդ արարածին: Ուշագրավ է, որ նա, ըստ վրացական սկզբնաղբյուր «Քարթլիս ցխովրեբայի» վկայության, ճակատագրական մարտից առաջ խնդրում է Աստծուն իրեն հաղթանակ շնորհել և միայն դրանից հետո մտնում կռվի մեջ ու շահում Բարձրյալի բարեհաճությունը: Այս փաստը չի պահպանվել հայկական պատմական աղբյուրներում:
Այդ արժեքները թափանցում են նաև հայկական հասարակություն և գրավում կյանքի բազում ոլորտներ: Օրինակ՝ այն իր ավերներն է գործում սրբազան մեր ընտանիքում երեխաների անհարկի խռովությամբ և կանանց՝ տղամարդկանց դեմ դուրս գալու ու նրանց հետ անտեղի մրցակցելու պղտոր կեցվածքով: Երեխայի և կնոջ խոնարհությունից ոչինչ չի մնացել, տղամարդը կորցնում է իր գերիշխող դիրքն ընտանիքում և չի կարողանում ապահովել ընտանիքի բարեկեցությունը: Սա արդեն հոգեբանական և բարոյական լրջագույն խնդիր է, քանի որ սասանում է նրա հեղինակությունն ու վարկանիշը:
Քաղաքական կյանքում բացակայում են իսկական արժեքներն ու հասկացությունները՝ իրենց տեղը զիջելով հայրենադավությանը, խաբեությանը, կաշառասունությանը, ծուլությանը, եսամոլությանը և այլ արատներին: Մեզանում քանի դար է բացակայում են ազգային ռազմավարությունը և քաղաքական լուրջ թիմը, որոնք նպաստում են երկրի թուլացմանը և ազգի խոցելիությանը: Ժամանակն անցնում է, բայց ոչինչ էլ չի փոխվում; Սա արդեն մեծ մտահոգություն է: Իսկ սպառնալիքները շոշափելի են և իրական: Խաղաղությունը շատ փուխր է և վտանգված: Մեզ համար կա երկու ճակատ՝ ներքին և արտաքին, ընդ որում, առավել վտանգավորը առաջինն է:
Մշակույթի ոլորտում դա կեղծ մշակույթի արմատավորումն է և գեղագիտական կարգերի պղծումը: Հոգևոր կողոպտիչները նպատակադիր ձևով ամայացնում են հոգևոր և մշակութային դաշտը ու խեղում մեր ներաշխարհը: Սա աղավաղում է մարդկային նկարագիրը և նրան կտրում աստվածային աշխարհից: Երևանի փողոցներում շատ կան, այսպես ասած, անմեղ քանդակներ, որոնք խաթարում են մեր իրական պատկերացումները աշխարհի և կյանքի մասին: Այս ամենը մատուցվում է ժամանակակից երևալու թվացյալ հիմնավորումով և բազում կեղծ փաստարկներով: Մենք կորցնում ենք բարձր արվեստի ուղին և կյանքի իսկական վայելքները:
Հոգևոր դաշտում աղարտվում է իսկական հավատն առ Աստված: Դրա փոխարեն հրամցվում են աղանդավորական ցածր արժեքներ և հավատի կեղծ հասկացություններ: Զարմանալի է, որ դա նենգափոխվում է հավատի ազատության պատիր սկզբունքով և անգամ օրինակացված է մեր կյանքում: Խեղաթյուրվում է քրիստոնեությունը, ճիշտ չի ընկալվում նրա բուն մարդասիրական էությունը: Նաև միտումնավոր կերպով մեզ կտրում են մեր անցյալի վիթխարի ժառանգությունից՝ իբր թե դա հեթանոսական է և ոչ պիտանի: Այդ առումով կարծես թե մենք 301թ. առաջ ոչինչ էլ չենք ունեցել: Մինչդեռ Հայոց քաղաքակրթությունը միասնական է և միաստվածության մոդելով առաջնորդվող: Սա է աներկբա ճշմարտությունը: Դեռ ավելին. մենք՝ հայերս, եղել ենք աստվածային իրողությունների կրող և աստվածային օրենքներով ապրող:
Գիտության ասպարեզում ևս քամական պատկերացումներն իրականացնում են խեղաթյուրումների ծրագիր՝ հաստատելով կեղծ արժեքներ և շատ անգամ էլ մերժելով Աստծո գոյությունը: Սակայն աստվածային գիտելիքներն առաջնային են, որոնցից էլ ածանցվում են գիտությունների սկզբունքները: Հիմնավորապես խախտված է նաև կրթության համակարգը: Այժմ դրանց դեմ կա պայքարող ճակատ, որը դրսևորվում է իսկական արժեքների քարոզչությամբ: Ներկայումս Հայաստանում առկա է Հայագիտական շարժում, որը վերանայում է ամեն ինչ գիտական ճշմարիտ դիտանկյունից և աստվածային չափանիշներով:
Իսկ հայկական միջավայրն զգալիորեն աղավաղված է և հեռու ազգային բարձր արժեքներից: Մենք պետք է կարողանանք ոչ միայն վերականգնել իսկական իրողությունները, այլև հետ չմնալ արդի դրական զարգացումների մակարդակից: Այս հանգամանքը մեզ համար անչափ կարևոր է, քանի որ մեր զարգացման մայրուղին է: Մենք պետք է ընթանանք հոգեմաքրման ուղիով և վերադառնանք ազգային և աստվածային մեր ակունքներին: Դա հնում եղել է և այժմ էլ կենսունակ է: Տիեզերասեր մեր ազգն ի վիճակի է փոխել իրավիճակը և համակարգային արժեքներով հաղթել քամական թվացյալ ուժեղ համակարգին: Դա այնքան էլ հեռու չէ:
Քաղաքական առումով կազմակերպված և նոր տեխնոլոգիաներին տիրապետող թիմն ի վիճակի է արմատապես փոխել իրավիճակը ու մշակել խաղի նոր կանոններ: Հակառակ դեպքում մենք կունենանք անկախության կորուստ՝ դրանից բխող բացասական բոլոր հետևանքներով: Հուզականությունը, թափթվածությունը և միամտությունը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Անհրաժեշտ են ճշգրիտ հաշվարկներ, գործնական մոտեցումներ և ներդաշնակ աշխատանք: Կարծում ենք, որ մտքի բանակի մեր հայեցակարգը ի զորու է լուծել բարդ խնդիրները: Անհրաժեշտ է վերլուծել կացությունը և գտնել իրական ելքերը ստեղծված վիճակից:
Այժմ դրության տերը և կյանքի ոլորտները տնօրինողը տականքն է, որի հետ կատակ չեն անում, այլ գործում են: Փաստորեն, այն ներկայումս մեր առաջընթացի արգելակողն է և մեր ծրագրերի վիժեցնողը: Առողջ ազգային ուժերը պետք է կարողանան նրան դուրս մղել տարբեր ասպարեզներից և ստեղծել ազգային ընտրանի, որն ի վիճակի է այդ խնդիրը լուծել: Հայոց ազգային համակարգի վերականգնումը հիմնարար արժեք ունի: Այն հաջողությամբ գործել է նախկինում և մեծ արդյունքներ տվել: Խոսքը քրմական հայեցակարգային իշխանության մոդելի մասին է:
Կյանքը հարափոփոխ իրողություն է, ուստի և մենք պետք է պատրաստ լինենք ընկալել նոր երևույթները ու շարժվել նորովի սկզբունքներով: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը անհնար է հաշվի չառնել: Խոսքը Ինդիանա քաղաքակրթության մասին է, որն արդեն իրեն զգացնել է տալիս: Հիմա շատ են ծնվում Տիեզերքի զավակները՝ ինդիգոները, որոնք փոխում են տիրող մթնոլորտը: Նմանօրինակ գործընթացներ տեղի են ունենում նաև Հայաստանում և ընդհանրապես հայության մեջ: Սա տիեզերական ուժերի աշխատանքի օրինաչափ հետևանքն է, որն ամեն պահ զգացվում է և շոշափելի է:
Նշենք, որ քամական համակարգն այժմ հոգեվարք է ապրում և պատմական հեռանկար չունի: Նրա դեմ հզոր ճակատ են կազմել աստվածային և կենսունակ ուժերը, որոնք անվերապահորեն հաղթելու են: Բայց առանց գործնական և խելամիտ քայլերի ոչ մի բան էլ չի ստացվի: Սա է գործելու տրամաբանությունը և կերտելու իմաստասիրությունը: Այս իրողությունները, հարկավ, սովորական ուղեղի տեր մարդը չի ընկալի և հասկանա, քանի որ չունի համապատասխան գիտելիքներ և աստվածային արժեքներ: Սակայն հոգևոր մակարդակ և բարոյական նկարագիր ունեցող անհատը կըմբռնի երևույթների խորքն ու էությունը: Անիմանալի են տիեզերական ուժերի և Աստծո բարքերն ու բեմագրերը, որոնք մարմնավորվում են երկրային աշխարհում:
Մենք պետք է կարողանանք խորապես ճանաչել մեզ, որպեսզի ճշտորեն նշենք մեր անելիքներն ու խնդիրները: Դրանից հետո պետք է մշակել ազգային համապարփակ
մի ծրագիր՝ սահմանելով մեր զարգացման և առաջընթացի հիմնական դրույթները: Հաջորդ փուլում արդեն պետք է հոգանք այդ հայեցակարգը իրականացնել գործնականորեն: Մեզանում շատ են տեսաբաններն ու հայեցակարգերի մասնագետները, բայց հիմնականում բացակայում են այդ տեսությունները կյանքում մարմնավորողները: Սա լրջագույն հիմնախնդիր է և ունի անկյունաքարային նշանակություն:
Մենք պետք է ուժեղացնենք դրական միտումների բևեռը: Հոգեփոխմամբ և մտքի նորոգմամբ հնարավոր է փոխել կյանքը, որքան էլ որ դա դժվար լինի: Այլընտրանք պարզապես չկա: Մենք պետք է սերմանենք լավատեսության և հուսավառության սերմեր: Հուսահատությունը, վատատեսությունը և անելիանելիությունը կաթվածահարում են ամեն ինչ: Մենք պետք է ամեն մեկս ազատվենք քամական համակարգի ազդեցությունից և կաշկանդումներից ու կատարենք համարձակ քայլեր:
Ռուբեն Նահատակյան
25.02.2020