in English – http://crossroadorg.info/en/artsakh-10-12-2023-en/
in Russian – http://crossroadorg.info/artsakh-10-12-2023
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
Գլխավոր քարտուղար
պարոն Անտոնիո Գուտերեշին
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների
նախագահներին և ղեկավարներին
Հարգարժան պարոն Գլխավոր քարտուղար,
Անվտանգության Խորհրդի անդամ պետությունների նախագահներ ու ղեկավարներ
Այս օրերին, երբ աշխարհը նշում է Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-ամյակները, դիմում ենք ձեզ մի քանի տասնյակ հազար արցախցի հայերի մտահոգություններն ու ակնկալիքները փոխանցելու նպատակով:
Յոթ ամիս առաջ՝ 2023թ. մայիսին, ՄԱԿ անդամ պետություն չհանդիսացող Արցախի Հանրապետության 60 հազար քաղաքացիներ, միանալով «ՈՉ ԱՐՑԱԽԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆԸ» հանրային շարժմանը, փորձել են ձեզ հասցնել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով տառապող 120 հազար արցախցի հայերին սպառնացող հայրենազրկման և ցեղասպանության վտանգի մասին: 2023թ. մայիսի 12-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի միջոցով ձեզ փոխանցած Հանրագրով մենք զգուշացրել էինք, որ «Արցախում ոչ միայն լուրջ հումանիտար ճգնաժամ է, այլև Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ իրականացնում է էթնիկ զտման և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից զրկելու՝ ցեղասպանական քաղաքականություն»։ Ցավով պետք է փաստել, որ միջազգային հանրության, այդ թվում և ՄԱԿ կողմից Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ գործուն քայլերի բացակայությունը «խրախուսեց» այդ երկրի նախագահին՝ էլ ավելի խստացնել իր բռնատիրական քաղաքականությունը և հունիսի 15-ից լիակատար պաշարել Արցախը:
Ինը ամիս տևած տոտալ բլոկադայից հետո Ադրբեջանի ղեկավարությունը, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ սեպտեմբերի 19-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ սկսեց նոր ռազմական ագրեսիա ՝ հրետակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերն ու կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ամենը ներկայացնելով որպես «հակաահաբեկչական գործողություն», Ադրբեջանը փաստացի հավասարեցնում է ժողովրդների ինքնորոշման իրավունքը տեռորիզմին, հակադրվելով այն սկզբունքներին, որոնց հիման վրա էին մոտ 30 տարի ընթանում խաղաղ բանակցությունները:
2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածները, հազարավոր մարդկային զոհերն ու վիրավորները, ինչպես նաև մոտ 10 ամիս տևած բլոկադայի ֆիզիկական և հոգեբանական զրկանքներն ու ճնշումները ծանր անդրադարձան արցախահայության վրա: Եվ 2023թ. սեպտեմբերին, նույն այդ Արցախի ժողովուրդը, զրկված լինելով խաղաղ բանակցային գործընթացում ընդգրկված բոլոր կողմերի քաղաքական ու բարոյական աջակցությունից, ռուսական խաղաղապահ առաքելության անգործության պայմաններում, երբ Ադրբեջանը ձեռնամուխ եղավ ցեղասպանության եզրափակիչ ակտին և Արցախի պետականության ոչնչացմանը՝ չընդունեց Ադրբեջանի կողմից ներկայացված մահաբեր «ինտեգրումը: Արցախի 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների, 10 հազարից ավել հաշմանդամների կյանքը փրկելու համար, Արցախի գործող իշխանությունները, ակնհայտ ուժի կիրառման սպառնալիքի ճնշման տակ, ստիպված էին ընդունել Ադրբեջանի վերջնագրային պահանջները՝ դրա դիմաց ստանալով մնացած բնակչության տարհանման հնարավորությունն ու ժամանակավոր տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն:
Այս ամենից հետո Ադրբեջանի ղեկավարությունը, անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ անօրեն ու անհիմն կալանավորեց ու գերեվարեց Արցախի նախկին ու գործող մի խումբ քաղաքական ու ռազմական գործիչների. նախկին Նախագահներ՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, Արցախի խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյանին, նախկին Պետնախարար ու նշանավոր բարերար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին:
Արցախի Հանրապետության գործիչների «մեղքը» մեկն է, որ պաշտպանել են իրենց ժողովրդի՝ ազատ ապրելու իղձերն ու տեր կանգնել նրա ինքնորոշման իրավունքին ու անկախությանը՝ որպես ցեղասպանությունից փրկվելու միակ ճանապարհ: Արցախի Հանրապետության պետական գործիչներն անշեղորեն ղեկավարվել են ուղիղ 75 տարի առաջ, նույն դեկտեմբերի 10-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածով, որում ասվում է. «Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ»:
Դեկտեմբերի 10-ը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, նաև Արցախի Հանրապետության տոն օրերի ցանկում է. 1991թ.-ից՝ որպես Անկախության հանրաքվեի օր, իսկ 2006թ.-ից՝ նաև Սահմանադրության օր:
2023թ. դեկտեմբերի 10-ը Արցախի ժողովուրդը դիմավորում է իր պատմության ամենաողբերգական շրջանը հաղթահարելու շատ թույլ ու փխրուն հույսերով՝ բռնազավթված կենսատարածքով և անորոշ ապագայով:
Հաշվի առնելով այս իրավիճակը և ի պաշտպանություն իրենց Հայրենիքը վերադառնալու Արցախի ժողովրդի իրավունքի, մենք՝ Արցախի և Հայաստանի ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, հորդորում և պահանջում ենք.
1. Օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ձեռնարկված 2020թ. 44-օրյա պատերազմի և 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիայի, դրան նախորդած՝ Արցախի Հանրապետության 10-ամսյա շրջափակման, Արցախի 150 հազար բնակչության բռնի տեղահանման ընթացքում գործողություններին, որոնք պարունակում են մարդկության դեմ հանցագործության, ցեղասպանության, մարդասիրության դեմ հանցագործության, ռազմական հանցագործությունների հատկանիշներ:
2. Տեսանելի և արդյունավետ ջանքեր գործադրել Ադրբեջանում պատանդառված հայազգի բոլոր անձանց գերությունից ազատելու նպատակով:
3. Արցախի ժողովրդի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը դիտարկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի առաջնահերթ խնդիրների ցանկում: Ձևավորել բանակցային նոր հարթակ և հնարավորություն տալ Արցախի Հանրապետության ժողովրդին տեր կանգնելու իր ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը։
10 դեկտեմբերի 2023թ.
Երևան
Նամակին միացել են.
- ⦁ <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ, գործադիր տնօրեն՝ Լարիսա Ալավերդյան
- ⦁ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան՝ Գեղամ Ստեփանյան
- ⦁ <<Հայաքվե>> օրենսդրական նախաձեռնություն
- ⦁ <<Մայրություն>>, Արցախի մայրերի ՀԿ, նախագահ՝ Հասմիկ Մամիկիոնյան
- ⦁ “Հրադադար- մարդկային կորստի ցավ” ՀԿ, նախագահ` Աղուն Ղուկասյան
- ⦁ ՛՛Պատրիդա”, Հայաստանի եւ Արցախի հույների ՀԿ, նախագահ՝ Էդւարդ Պոլատով
- ⦁ <<Արցախի ժուռնալիստների միության>> ՀԿ, նախագահ՝ Կիմ Գաբրիելյան:
- ⦁ <<ԱԱԾ պահեստազորի սպաների միություն>> ՀԿ, նախագահ՝ գեներալ -լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան,
- ⦁ <<Այլընտրանք>> հետազոտական կենտրոն, նախագահ՝ Քնարիկ Հովսեփյան
- ⦁ <<Քաղաքացիական խորհուրդ,>>/ Ա. Տեր- Թադեւոսյանի անվան/ ՀԿ, նախագահ՝ Թաթուլ Մանասերյան
- ⦁ <<Վերադարձ դեպի Քաշաթաղ>> ՀԿ, նախագահ՝ Կարինե Մովսիսյան
- ⦁ <<Քաղաքական հետազոտությունների ակադեմիա>> ՀԿ, Ալեքսանդր Մանասյան
- ⦁ <<Արցախի հայրենասիրական կանչ>> ՀԿ, Նախագահ՝ Վանյա Բարսեղյան
- ⦁ «Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն» ՀԿ, ղեկավար՝ Ա.Սարգսյան
- ⦁ «Քարավան 88» ՀԿ, նախագահ՝ Զոյա Ջուլհակյան
- ⦁ «Ներուժ» ՀԿ, նախագահ՝ Ժ․Ղևոնդյան
- ⦁ <<Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը>> ՀԿ, նախագահ՝ Ժ․Թելյան
- ⦁ <<Ադրբեջանահայերի Ասամբլեա>> ՀԿ, նախագահ՝ Գրիգորի Այվազյան
- ⦁ «Ահազանգ» Հայ փախստականների աջակցման ՀԿ, նախագահ՝ Գրիշա Օգանեզով
- ⦁ <<Գարդմանահայերի հայրենակցական միություն>> ՀԿ, նախագահ՝ ․
- ⦁ <<Նարաս>> բազմազավակ ընտանիքնեի ԲՀԿ, նախագահ՝ Նարինե Ասատրյան
- ⦁ <<Հայրենյաց ուղի>> ՀԿ, նախագահ՝ Էլմիրա Բաբայան
- ⦁ <<Գարդմանահայերի հայրենակցական միավորում>> ՀԿ, նախագահ՝ Հակոբ Մարտիրոսյան
- ⦁ «Տաղանդավոր սերունդ» ՀԿ, նախագահ՝ Լիանա Ստեփանյան
- ⦁ <<Արցախի փախստականների միություն>> ՀԿ, նախագահ՝ Սարասար Սարյան
- ⦁ «Քաղաքագետների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ՝ Միհրան Շահզադեյան
- ⦁ <<Արցախի պատերազմում վիրավորների միություն>> ՀԿ, նախագահ՝ Դավիթ Բաբայան
- ⦁ <<Մարդու իրավունքների եւ Ցեղասպանագիտության կենտրոն>> ՀԿ նախագահ՝ Լիլիթ Մարտիրոսյան,
- ⦁ <<Արցախի կին-փախստականների միավորում>> ՀԿ, նախագահ՝ Ռուզան Ավագյան
- ⦁ <<Որդիների կանչ>> սոցիալ-հայրենասիրական ՀԿ, նախագահ՝ Արուս Հայրապետյան
- ⦁ <<Հանուն արդարության երիտասարդության միավորում>> ՀԿ, նախագահ՝ Սնեժանա Թամրազյան
- ⦁ <<Զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ազգակիցների միություն>> ՀԿ, նախագահ՝ Արմեն Ասրյան
- ⦁ <<Հանուն փախստականներին ապագայի>> ՀԿ, նախագահ՝ Մարգար Սահակյան
- ⦁ <<Արցախի արվեստի գործիչների միություն>> ՀԿ, նախագահ՝ Իրա Թամրազյան
- ⦁ << Արցախի երաժիշտների միություն>> ՀԿ, , նախագահ՝ Լուսինե Մարտիրոսյան
- ⦁ <<Կռունկ>> փախստականների իրավապաշտպան ՀԿ, նախագահ՝ Մարիամ Ավագյան
- ⦁ <<Շուշի>> սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն>> ՀԿ, նախագահ՝ Աշոտ Հարությունյան