Անդրանիկ Թորոսի Օզանյանը(1965-1927) ժողովրդի ճանաչված զորավարն էր և մարմնավորում էր համազգային նվիրական տրամադրությունները: Նա, հարկավ, քաղաքական գործիչ չէր, բայց կարողանում էր կողմնորոշվել քաղաքական գործընթացներում և լինել հայրենիքի պաշտպանության առաջավոր դիրքերում:
Տաղանդավոր զինվորականի և հայրենասերի կյանքն ու գործը մի անմնացորդ նվիրում էր հայության շահերին ու խնդիրներին; Միայն թե ժամանակները խառնակ էին և դրամատիզմով լեցուն:
Մի ուշագրավ հանգամանք. գնդակը զարմանալիորեն նրան չէր դիպչում: Զինվորները վկայում էին, որ մարտի ժամանակ թշնամու գնդակները դիպչում էին մեծ զորավարի գրատի(շինելի) փեշերին և վայր սահում: Այս արտառոց փաստն ուներ իր պարզ բացատրությունը. Անդրանիկը խոր հավատացյալ էր և ընդունում էր Աստծուն: Սա հստակ օրինաչափություն է և աստվածամերժների համար անհասկանալի մի բան: Հոգևոր գործոնը հիմնարար արժեք ունի և էական է մեր կյանքում: Այս իրողության գիտակցությունն ուներ անվանի զորավարը:
Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Շապին-Գարահիսարում. ատաղձագործի ընտանիքում: Նա, լինելով խիզախ և ըմբոստ բնավորություն, պատժում է մի թուրք ավազակի, որը վիրավորել էր հորը և հայտնվում բանտում: Սա կյանքի դաժան դասերից մեկն էր: Անդրանիկի համար խոր վիշտ էր մոր անժամանակ մահը: Նա որոշում է կայացնում իրեն նվիրել հայրենիքի ազատագրության վեհ գործին: Դա դառնում է նրա կյանքի նպատակը և հավատո հանգանակը:
XIX դարի երկրորդ կեսը և XX դարի առաջին երկու տասնամյակները վճռական նշանակություն ունեցան հայերի համար: Ռուս-օսմանական հակամարտությունները բացասական հսկայական դեր կատարեցին մեր ազգի և երկրի համար: Հայերը դարձան կենդանի թիրախ աշխարհաքաղաքական խաղացողների համար: Սակայն մենք, ցավոք, չունեինք ազգային ռազամավարական մեր միտքը, որը հանգեցրեց ծանր հետևանքների: Մեր քաղաքական հաշվարկները տարերային էին և իրավիճակային:
Անդրանիկ Օզանյանը մարտական իր մկրտությունն ստացավ XIX դարի 90-ական թվականներին Սասունում, ազգային-ազատագրական շարժման նվիրյալ Աղբյուր Սերոբի ջոկատում: Ընդհանրապես նրա մղած մարտերը հիշեցնում են դյուցազնապատումի դրվագներ և խոր հետք են թողել ժողովրդի հիշողության ծալքերում: Անվանի հայդուկապետի զոհվելուց հոտ նա ստանձնում է մարտական ջոկատների ընդհանուր հրամանատարությունը և հասնում մեծ հաջողությունների: Տպավորիչ էր նրա մարտը 1901թ. Մուշի Սբ. Առաքելոց վանքում: 1902-1904թթ. Անդրանիկը կռվում է Տարոնում, Սասունում և Վասպուրականում: 1904թ. գարնանը Սասունում, Անդրանիկի գլխավորությամբ, բռնկվեց ապստամբություն, որը ճնշվեց դաժանությամբ: Ասպարեզում բացակայում էր քաղաքական խելամիտ և կազմակերպված ուժը, որի պատճառով էլ մենք անընդհատ պարտվում էինք:
Դրանից հետո նա մեկնեց Կովկաս և փորձեց այստեղ համախմբել ազգային ուժերը և հասնել հայրենիքի ազատագրությանը: Ելքի որոնման ճանապարհին Օզանյանը հասավ Եվրոպա՝ Շվեյցարիա, Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Բուլղարիա, որպեսզի միամտաբար օգնություն խնդրի եվրոպական երկրների կառավարություններից: Նա շատ արագ հասկացավ այդ եղանակի անպտուղ լինելը: Ամեն ժողովուրդ պետք է հույսը դնի միայն իր վրա:
Անդրանիկը ժողովրդի հարազատ և նվիրված զավակն էր: Նա ասում էր. «Ես ազգայնական չեմ, ես ճանաչում եմ միայն մեկ ազգ՝ ճնշվածների ազգը»: Նշենք, որ զորավարի ամբողջ կյանքը հայրենասիրության, ժողովրդասիրության և լավատեսության մի ընթացք էր: Ժողովուրդը նրան պաշտում էր և բարձր գնահատում:
Անդրանիկը երիտասարդ հասակում հարում է հնչակյաններին, ապա կարճ ժամանակով դառնում դաշնակցական: 1907թ. նա Վիեննայում մասնակցում է կուսակցության 4-րդ համագումարին և դատապարտում դաշնակցականների հանցավոր գործարքը իթթիհատականների հետ: Անդրանիկը մի զարմանալի ներքնատեսությամբ կռահում է վերջիններիս հակահայկական հրեշավոր մտադրությունները և մերժում մեջլիսի մեպուս (խորհրդարանի պատգամավոր) դառնալու նրանց առաջարկը: 1908-ին երիտթուրքերը զավթեցին իշխանությունը: 1909թ. Ադանայի կոտորածը ապացուցեց նրա կանխատեսումները: Քաղաքական մեր ղեկավարները այդպես էլ չկարողացան ճիշտ եզրահանգումներ կատարել և չկանխեցին մեր կործանումը:
1912թ. նա գործուն կերպով մասնակցում է Բալկանյան առաջին պատերազմին և փառքով պսակում իր անունը: 1912-1913թթ. Անդրանիկը կազմակերպում է ջոկատ և բուլղարական բանակի կազմում կռվում օսմանցիների դեմ՝ արժանանալով սպայի կոչման և շքանշանների: Պատերազմին մասնակցում էր նաև Գարեգին Նժդեհը: Նրանք բարձր պահեցին Հայ տեսակի պատիվը: Այսպիսի անձնվեր վարքագծով Անդրանիկ Օզանյանը նպաստում էր իր ժողովրդի ազատագրության գործին:
Իսկ իրադարձությունները զարգանում էին խելահեղ արագությամբ: Սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայերս կրկին հայտնվեցինք աշխարհակործան փոթորիկների մեջ: Սակայն չկար ազգային ընտրանին, որն առաջնորդեր իր ազգին դեպի փրկություն և խաղաղության հանգրվան: Նման պայմաններում Անդրանիկին ոչինչ չէր մնում, քան նետվել մարտադաշտ և կռվել իր ազգի և հայրենիքի համար: Քաղաքական մեր վերնախավը մերժեց իթթիհատականների առաջարկը ՝ կազմել ջոկատներ և կռվել ռուսների դեմ: Դա, անշուշտ, խելացի որոշում էր; Բայց այդ նույն թիմը համաձայնեց Ռուսաստանի կողմից մարտնչել օսմանցիների դեմ, որը նույն Ռուսաստանի կայսրության լարած քաղաքական ծուղակն էր: Ռուսական իշխանություններին պետք էին միայն տարածքները և ոչ թե հայերը: Նրանք ցանկանում էին ստեղծել Եփրատի կազակություն: Դրա համար էլ ռուսական զորքերը պարբերաբար նահանջում էին հայկական շրջաններից՝ անպաշտպան թողնելով տեղի բնակիչներին: Սա է դաժան իմաստասիրության խորհուրդն ու դասը: Մենք չկողմնորոշվեցինք և կորցրինք հսկայական տարածքներ ու ժողովուրդ:
Այդուհանդերձ, Անդրանիկ Օզանյանը դառնում է հայկական կամավորական առաջին ջոկատի հրամանատարը՝ հասնելով գեներալ-մայորի կոչման: Տաղանդավոր զորավարը Կովկասյան ճակատում ղեկավարել է մոտ 20 հաղթական ռազմական գործողություն՝ մեծ դեր կատարելով Դիլմանի, Զևանի, Բաղեշի(Բիթլիսի) և այլ ճակատամարտերում: Նա տիրապետում էր մարտը վարելու հմտություններին և մարտավարական հնարքներին: Հմուտ և փորձառու զինվորականը ընդհանրացրել է պարտիզանական շարժման կազմակերպմանը նվիրված «Մարտական հրահանգներ կանոնագիրքը»(1906), որն այսօր էլ ունի արդիական նշանակություն: Անդրանիկը մի կարևոր միտք է հայտնում. «Երբ գիշերը գլուխը բարձին կդնեք, մի քիչ մտածեք ժողովրդի մասին»: Հիրավի, բարոյական և քաղաքացիական հրաշալի պատվիրան:
1918թ. տարածաշրջանում տեղի էին ունենում բուռն իրադարձություններ: Աշխարհաքաղաքական պղտոր և մութ ուժերը, ժողովուրդների ճակատագիրը խեղելու հաշվին, լուծում էին իրենց շահադիտական, եսամոլական և պատվամոլական խնդիրները: Այսօրինակ բարդ իրավիճակում հայերը միայնակ կռվում էին օսմանյան գերակշիռ ուժերի դեմ: Քաղաքական հոտառություն ունեցող Անդրանիկը դրական է գնահատել Ռուսաստանի հեղափոխական իրադարձությունները՝ ակնկալելով մեր ազգային իղձերի իրականացումը: Նա 1918թ. հունվարին նշանակվում է Կարինի(Էրզրումի) ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Այս դրվագը նրա հերոսական գործունեության ողբերգական պահերից մեկն էր: Հատուկ նպատակադրումով մեր թշնամիները կազմալուծում էին ռազմաճակատը, որպեսզի լուծեին իրենց հանցավոր ծրագրերը: Հայ զինվորի ոգին ջախջախված էր: Անդրանիկը գործադրում էր գերմարդկային ճիգեր, բայց ապարդյուն: Սա մեր հերոսի խորունկ դրաման էր, մի իսկական ողբերգություն:
Աննկուն զորավարն ստիպված էր նահանջել Սարիղամիշ-Կարս-Ալեքսանդրապոլ ուղղությամբ: Նա իր զորամասով հունիսին հասնում է Նախիջևան և տեղում հաստատում կարգուկանոն: Պատմական էր Անդրանիկի որոշումը. Նա հուլիսի 14-ին Նախիջևանի գավառը հայտարարել է Ռուսաստանի Հանրապետության անբաժան մասը: Անդրանիկն այդ մասին հեռագրում է Բաքվի Ժողկոմխորհի նախագահ Ս.Շահումյանին: Սա, մասամբ արդարացվում էր այն առումով, որ այդ իշխանությունը թեկուզ և բոլշևիկյան, սակայն հայկական էր: Նա բարձր է գնահատել Ռուսաստանի իշխանությունների կողմից Արևմտյան Հայաստանի անկախության ճանաչումը; Խոսքը վերաբերում է «Թուրքահայաստանի մասին» դեկրետին(29 դեկտեմբեր 1917թ.):
Նա Թիֆլիսում 1917-1918թթ. Հ.Թումանյանի աջակցությամբ, լույս է ընծայում «Հայաստան» հասարակական-քաղաքական և գրական օրաթերթը, որը մեծ դեր է կատարել հայության ջանքերը մեկտեղելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու առումով: Խմբագիրն էր գրող Վահան Թոթովենցը: Պարբերականն անդրադարձել է արևմտահայերի ճակատագրին, Հայկական հարցին, դիվանագիտական տարբեր խնդիրներին և այլն: Բավականին ուշագրավ և ուսանելի էր նրա և Հ.Թումանյանի անշահախնդիր բարեկամությունը, որից շահում էր հայությունը: Նրանք համադրում էին ազգային իրենց ծրագրերը և հոգում ժողովրդի կարիքները: Սույն գործիչները երբեմն փոխարինում էին պետական պաշտոնյաներին՝ թեթևացնելով մարդկանց հոգսերն ու դարմանելով ցավերը: Այս հայորդիները իրենց հայրենասեր ջանքերով կերտում էին ապագա Հայաստանը:
Անդրանիկը մտահոգված էր Արևմտյան Հայաստանի ճակատագրով և կտրուկ դեմ էր նեղ խմբակային և կուսակցական շահերին՝ դրանք համարելով կործանարար հայության համար: Նա կողմնակից էր ամբողջական Հայաստանի ստեղծմանը, այլ ոչ թե միայն Արևելյան Հայաստանի կերտմանը(այն էլ ոչ ամբողջական): Ահա այսպիսին էր ժողովրդի բոլորանվեր զավակի հստակ դիրքորոշումն ու տեսակետը: Նա արտահայտում էր ոչ միայն արևմտահայերի, այլև ընդհանրապես հայության շահերն ու ակնկալիքները:
Իսկ այդ ժամանակ այստեղ գործում էր հայկական երեք իշխանություն՝ Արարատյան Հանրապետություն, Բաքվի կոմունա և հետագայում նաև Լեռնահայաստան, որոնք այդպես էլ չդարձան մեկ միասնական ազգային իշխանություն՝ չամբողջացնելով ազգային մեր տեսլականը: Սա ռազմավարական ամենածանր սխալն էր, որը շատ թանկ նստեց մեզ վրա: Մենք չկարողացանք խաղալ Ռուսաստանի դաշնակցի և հեղափոխական ուժերի աջակցի դիվանագիտական դերը: Անդրանիկը՝ ժողովրդական մտածողության կրող գործիչը, փորձեց կիրառել ժողովրդական դիվանագիտություն, որը, ցավոք, արդյունք չտվեց:
Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական այդ հայեցակարգը պետք է ներկայացներ ազգային ընտրանին, որը դեռևս ձևավորված չէր: Իսկ այս բաց տարածքը շատ արագ գրավեցին մեր հակառակորդները՝ օսմանցիները, ադրբեջանցիները և, իհարկե, բոլշևիկները: Մենք հայտնվեցինք քաղաքական լուսանցքում և ունեցանք տարածքային ու մարդկային վիթխարի կորուստներ: Հայ քաղաքական միտքը դաժան պարտություն կրեց:
Դեպքերի դրամատիկ ընթացքի հետևանքով ստեղծված բարդագույն կացության մեջ Անդրանիկը չի կարողանում միանալ Բաքվի կոմունայի զինված ուժերին: Նա կանգ առավ Դիլիջանում: Հարկ է նշել մի դրվագի մասին ևս. երբ Ղարաքիլիսայի ճակատամարտի ղեկավար Բեյ Մամիկոնյանը դիմում է Անդրանիկին՝ իր 3 հազարանոց ջոկատով գալ օգնության, մերժում է ստանում: Պատճառն ընդամենը միջանձնային էր. նա Մամիկոնյանին չէր ընդունում: Հուզական նման վերաբերմունքի պատճառով մեր զորքերն ստիպված էին նահանջել: Ահա այսպես էին «համագործակցում» մեր զինված ուժերը: Հայկական կորպուսի հրամանատար Թ.Նազարբեկյանն այս եղանակով էր ղեկավարում մեր զինուժը:
Օզանյանը 1918թ. օգոստոսին անցնում է Զանգեզուր և մինչև 1919թ. մարտը հաջողությամբ կազմակերպում երկրամասի պաշտպանությունը օսմանական և ադրբեջանական քոչվորներից: Սա նրա փառավոր գործերից մեկն է: Անդրանիկը քաջ գիտակցում էր Սյունիքի ռազմավարական դերը երկրի ամբողջականացման հարցում: Ավելի ուշ քաղաքական այդ հույժ կարևոր հարցը լուծեց Գարեգին Նժդեհը: Անդրանիկին օգնության են կանչում Արցախի մեր հայրենակիցները, բայց վերջինս ընկրկեց անգլիացիների արգելքի առջև: Եթե մեր զորավարը անցներ Արցախ, մենք կունենայինք աշխարհաքաղաքական այլ իրավիճակ: Իսկ անգլիացիները այստեղ ստեղծեցին գեներալ-նահանգապետություն՝ ղեկավար նշանակելով հայատյաց Սուլթանովին: Հաջողության նժարը թեքվեց մեր արյունարբու թշնամիների կողմը, քանի որ նրանք կողմնորոշվում էին քաղաքական խաղերում:
Անդրանիկ Օզանյանը մեծ դեր է կատարել գաղթականներին օգնելու և սատարելու հարցում՝ պաշտպանելով մեր գենոֆոնդը սպառնալիքներից: Նա նաև արդարամիտ ու մարդասեր զինվորական էր և թույլ չէր տալիս սպանել հակառակորդի կանանց, ծերունիներին և երեխաներին, քանի որ ինքը իսկական հայ էր և քրիստոնյա: Բայց դա չէր խանգարում նրան մաքրել քոչվորների գյուղերը Սյունիքից և այլ վայրերից, քանի որ այլազգիները գործում էին մեր պետության դեմ: Այսպիսի պետական մտածողության ներկայացուցիչ էր մեր հերոսը: Այս առումով բարձր է գնահատվում Օզանյանի վաստակը:
Ցավոք, Հայաստանի իշխանությունները խանգարում էին Անդրանիկին և շատ դեպքերում խոչընդոտում նրա ազգաշահ գործունեությունը: Դարձյալ ներդաշնակության բացակայություն և համախմբման չգոյություն: Դրա հետևանքով մեր հերոսը չդիմացավ հալածանքներին և 1919թ. ապրիլին իր գույքը, զենքը հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոսին ու հեռացավ հայրենիքից: Հետագայում նա խորապես զղջաց, որ չի դիմացել զրկանքներին և տեղի է տվել: Դրանից տուժել են հայրենիքն ու ժողովուրդը:
Բազմաշնորհ զորավարի վաստակն ու ներդրումը բարձր են գնահատել ԽՍՀՄ մարշալ Հ.Բաղրամյանը, որը նրան անվանել է «ժողովրդական առասպելական հերոս»: Իսկ ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հ.Իսակովը մեծ զորահրամանատարի մասին ասել է. «Նրա նմանները աշխարհ են գալիս ոչ այնքան հաճախ»: Անդրանիկը համաժողովրդական սեր էր վայելում: Երևանում գործում է նրա թանգարանը, որը ևս համաժողովրդական սիրո դրսևորում է: Նրա մասին հյուսվել են բազում երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ և կանգնեցվել արձաններ՝ որպես գնահատանքի և ակնածանքի կոթողներ: Ա.Օզանյանը սերունդներին է թողել հարուստ ժառանգություն՝ երկեր, հուշեր և հոդվածներ, որոնք կարոտ են լուրջ ուսումնասիրության:
Ռուբեն Նահատակյան
պատմաբան, վերլուծաբան
08.02.2020թ.