Կառավարիչների ներկայիս ինստիտուտը, ցավոք, բոլոր առումներով իրեն վարկաբեկել է և արժեզրկել: Նրանք ի վիճակի չեն բնականոն և ճկուն կառավարել, քանի որ չունեն համապատասխան հմտություններ և սրտացավություն: Սա այս անցնող դարաշրջանի բովանդակությանն ու խաթարված էությանը բնորոշ իրողություն է: Առաջին հայացքից թվում է, թե այլևս ելք չկա, և ամեն ինչ վերջացած է: Պետությունը զրկված է սրբազան և նախնական իր հատկանիշներից և ենթակա է ամբոխահաճ ու նմանակող կառավարման:
Սակայն Բնության մեջ և Տիեզերքում քարացած և կարծրացած ոչինչ չկա: Միշտ էլ կան լուծումներ և ելքեր: Բարեպաշտ և հզոր մեր արքաները թագն ու իշխանությունն ստացել են Աստծուց և հավատարիմ եղել աստվածային պահվածքին ու օրենքներին: Քրմական մեր իշխանությունը եղել է օրինակելի և ունեցել միջազգային մեծ համբավ: Աշխարհը կառավարել է քրմական մեր դասը, իսկ ոսկեղենիկ հայերենը միջազգային լեզու էր: Այդ ժամանակներում մենք գործ ունեինք իսկական առաջնորդների և մտքի ուժեղ տիրակալների հետ: Նման մոտեցումն ու հայեցակարգը անկյունաքարային արժեք ունի և միտված է լուծել արդի խրթին հարցերը:
Հիմա շատ կարևոր է նախկինում քննություն բռնած առաջնորդի հասկացությունը, որը խոր հետք է թողել պատմության փոթորկոտ քառուղիներում: Օրինակ՝ Հայկ Նահապետի կամ Արամ Աշխարհակալի կերպարներն այսօր մեզ ոգևորում են, քանի որ նրանք իսկական առաջնորդներ են և ունեցել են հսկայական ազդեցություն մարդկանց վրա: Այս նույն բնութագրական գծերը վերաբերում են նաև Արտաշես Ա-ին, Տիգրան Մեծին, Պապին, Դավիթ Բեկին, Գարեգին Նժդեհին և այլոց, որոնք ամեն ինչ արեցին Հայաստանը հզորացնելու համար: Առաջնորդների այս բույլը շատ իմաստնություններ ունի և մասնակցում է մեր այսօրվա կյանքի նորացման հզոր երթին: Մեր խնդիրն է նրանց ոգով դաստիարակել երիտասարդներին և նրանց հոգում բոցավառել հայրենասիրության և արժանապատվության հուրը:
Ժամանակակից քաղաքական գործիչները բնավ չեն ներկայացնում Հայոց քաղաքակրթությունը և գործում են տարերային ու անհեռանկար: Ինչպես կարելի է բանակցել քաղաքակրթական խեղկատակների մի խմբի հետ, որոնք հավակնում են անգամ մեր մեծ հայրենիքի այս հատվածին և հեռու են մարդկային տարրական պարկեշտությունից: Պետք է իսպառ դադարեցնել թատրոն հիշեցնող բանակցությունները և զբաղվել իրական և արդյունավետ գործելակերպով: Այսպես կոչված, Ադրբեջանը քոչվորական, ահաբեկչական, սարքովի մի պետություն է, որի հիմնական գործառույթը ռազմական բնույթն է: Մենք մոռացել ենք մեր հզորությունը և անընդհատ ընկնում ենք թշնամիների լարած թակարդները: Իրադրական գործունեությունը պարզունակ և անպտուղ գործ է:
Ազգը երկունքի մեջ է և շուտով կծնի իր առաջնորդին, որը կնշի մեր երկրի զարգացման հստակ հեռանկարներն ու ուղղությունները: Իսկ իրադրությունը կտրուկ փոխվում է և կյանքը նորանում: Շոշափելի են Տիեզերքի ազդեցությունը և ներգործությունը, որոնք գործուն դեր ունեն մարդկանց կրթելու ու դաստիարակելու հարցում: Այժմ բարության և արդարության ժամանակաշրջանն է, որը պատմական էական պահ է:
Մենք մոռացել ենք կյանքը լավացնելու և կեցությունը բարելավելու առաքյալի մեր դերը, որը հանրային մեծ հնչեղություն ունի: Պետք է գործենք հրապուրիչ և գայթակղիչ ձևով, որպեսզի ընդլայնենք գործունեության մեր դաշտը: Անչափ կարևոր են վարժապետների կամ ուսուցիչների օրինակելի կերպարը և ձգող էությունը: Սա նոր մշակույթ է մեզանում, քանի որ մշակույթն ու քաղաքականությունն զգալիորեն գռեհկացված են և բովանդակազրկված: Մինչդեռ հարկավոր է վերամեկնարկ տալ դրական գործընթացներին:
Առաջնորդը պետք է ունենա մոգական նկարագիր և խարիզմատիկ բնութագիր: Նա այդպիսով կարող է փոխել տիրող գաղջ մթնոլորտը և մաքրել հանրային միջավայրը: Հիշենք Գ.Նժդեհին, որը աղետալի վիճակը վերափոխեց մեծ հաղթանակների և կերտումների ժամանակաշրջանի: Սա առաջնորդի վերափոխիչ և հեղաշրջող նշանակության կարևորումն է: Անկախության շրջանում մենք կարիք ունենք առաջնորդների, որոնք կփոխեն կյանքը և այն կփոխադրեն դրական և արարչական հուն: Այդպիսի անզուգական դեմք էր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը, որը կերտում ու դաստիարակում էր հայրենիք ազատագրողի նոր կերպար և խառնվածք:
Առաջնորդի հիմնական խնդիրը հանրության համախմբման և ներդաշնակեցման մեջ է: Առանց համերաշխության և համագործակցության դժվար է պատկերացնել առաջընթացն ու զարգացումը: Քննադատական մոլուցքը և մերժողական վարքագիծը բացասական էներգետիկա են և խարխլում են հասարակությունը: Պետք է զգուշանալ այս տրամադրություններից և մղումներից՝ մարդկանց ուղղորդելով դեպի բարին, գեղեցիկն ու վեհը:
Ռուբեն Նահատակյան
21.05.2020թ.