in English – https://crossroadorg.info/en/wa-12-9-2025-en/
in Russian – https://crossroadorg.info/wa-12-9-2025/
in French – https://crossroadorg.info/en/wa-12-9-2025-fr/
in Armenian – https://crossroadorg.info/hy/wa-12-9-2025-hy/
in Turkish – http://crossroadorg.info/en/12-9-2025-tr/
Այդ մե՛նք ենք երևի այն ուղտը հաստակող,
Որ Հիսուսի առակին հակառակ –
Պիտի մտնենք` անգամ ասեղի նուրբ ծակով`
Ապագայի դրախտը անարատ…:
Եղիշե Չարենց
Պատմության քառուղիներով, 1933 թ․
- Հայաստանի շրջափակման մասին
Ավելի քան 35 տարի է ինչ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը համակարգված շրջափակման և մեկուսացման է ենթարկվում երկու թշնամի ու ցեղասպան հարևան պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Ի տարբերություն պնդումների, թե Հայաստանը փակել է հաղորդակցության ուղիները Հարավային Կովկասում, իրականությունը հակառակն է, Հայաստանը երբեք չի փակել որևէ միջպետական ճանապարհ կամ երկաթուղի։ Հայաստանի շուրջ բոլոր հիմնական տրանսպորտային ուղիները փակվել են 1988 թվականից ի վեր, այլևայլ միջոցներով, ինչը ստեղծել է աննախադեպ հումանիտար և աշխարհաքաղաքական ճգնաժամ Հայաստանում, Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում:
Այդ շրջափակումը զարգացել է չորս փուլերով.
- 1988 թ․-ից Ադրբեջանն իրականացրել է Հայաստանի ամբողջական շրջափակումը։
- 1991 և 2003 թթ․ Իրաքի դեմ ԱՄՆ-ի գլխավորած պատերազմների հետևանքով փակվել է Հայաստանի մուտքը Իրանի տարածքով դեպի Իրաք և արաբական աշխարհ։ Դրան հավելենք, որ Իրանն ինքը գտնվում է տնտեսական պատժամիջոցների տակ, ինչը բնականաբար խոչընդոտում է և՛ Իրանի, և՛ Հայաստանի բնականոն զարգացումը։
- 1992 թ․ փակվել է Վրաստանի տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան ձգվող երկաթուղին։
- 1993 թ․ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, այդպիսով փակելով Հայաստանի ճանապարհը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա։
Նշենք, որ ՄԱԿ-ի ընդունած «Ագրեսիայի սահմանման մասին» կոնվենցիայի (բանաձև 3314) համաձայն, շրջափակումը դիտարկվում է ոչ միայն որպես ագրեսիայի ակտ, այլ նաև որպես պատերազմական գործողություն։
Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում ծավալվող իրադարձությունների հեռահար նպատակն ու տրամաբանությունն այն է, որ 1920 թվականի սեպտեմբեր – դեկտեմբերի իրադարձությունների օրինակով, հայ ժողովրդին պարտադրվի մի նոր պայմանագիր, որով Հայաստանը հրաժարվի դիմադրությունից, պաշտպանությունից և իրեն տրված բոլոր իրավունքներից, այդ թվում իր սուվերեն տարածքներից, ինչպես դա արվել է 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանին պարտադրված Ալեքսանդրապոլի պայմանագրով։
- Ուժի սպառնալիքով կրկնվող պահանջներ Հայաստանին պարտադրված պայմանագրերում
- Բաթումի պայմանագիր, 4 հունիս 1918 թ․, հոդված 5:
- Ալեքսանդրապոլի պայմանագիր, 2 դեկտեմբեր 1920 թ․, հոդվածներ 4, 5, 6, 7, 9, 13:
- Մոսկվայի պայմանագիր, 16 մարտ 1921 թ․, հոդված 8:
- Կարսի պայմանագիր, 13 հոկտեմբեր 1921 թ․, հոդվածներ 2, 5, 10:
- Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ, 10 օգոստոս 2009 թ․, Ցյուրիխ, Շվեյցարիա:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, 8 օգոստոս 2005 թ․, հոդվածներ՝ 2, 3, 8, 11, 14, 15։
- Տարածքների փոխանակման ծրագիրը
Առաջին հայացքից շատ տարօրինակ է, թե այդ ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ տարածքների փոխանակման այս միջանցքային տրամաբանությունն այն դեպքում, որ Հայաստանը շրջափակված է բոլոր կողմերից, հակառակ այն փաստի, որ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ․ նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճռի Հայաստանը Տրապիզոնի միջոցով ելք էր ստանում դեպի Սև ծով։ Բոլորը կողմերը, ի սկբանե, մոռացության են մատնել այդ փաստերը և խոսել են միայն Մեղրու (այժմ նաև Սյունիքի) միջանցքի մասին Հայաստանի հաշվին, անտեսելով Հայաստանի շահերը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում։
Առաջինը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն տարբերակն է, որը հայտնի է որպես Գոբլի ծրագիր։ ԽՍՀՄ ազգությունների հարցերով ամերիկացի փորձագետ-վերլուծաբան Փոլ Գոբլը 1980-ական թթ․ աշխատել է ԱՄՆ պետական քարտուղարությունում, 1990-ական թվականներին՝ «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակում։ 1991 թվականից Փ. Գոբլը առաջարկել է Արցախյան հակամարտության (Լեռնային Ղարաբաղի հակամարտություն) կարգավորման ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային փոխանակումների միջոցով։ Ըստ Գոբլի ծրագրի, մասնավորապես, նախատեսվում Է, որ Արցախի Լաչինի շրջանի և Հայաստանի Մեղրու շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ դեպքում չի բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը։
Երկրորդը, ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան, գրող, մեկնաբան Ռալֆ Պիտերսի ծրագիրն է, ով 2006 թ․ ԱՄՆ Զինված ուժերի հանդեսի համար գրել է «Արյունոտ սահմանններ․ Մերձավոր Արևելքի նոր քարտեզը՝ ըստ հավատի նմանությունների ու արյունակցական կապերի» հոդվածը, որին կից ներկայացված Մերձավոր Արևելքի նոր քարտեզում պարզ երևում է, որ Հայաստանին պատկանող Մեղրին հանձնվել է Ադրբեջանին և քարտեզում Մեղրին գծանշված չէ։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նույնպես գծանշված չէ։ Ավելին, քարտեզում գծանշված չէ նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այդ ամբողջը քարտեզում պատկերված է որպես Ադրբեջան, առանց մարզի ու ինքնավարությունների սահմանների գծանշումների։
Եվ Գոբլի ծրագրում, և Պիտերսի հոդվածում գոյություն ունեցող պատմական, իրավական ու քաղաքական իրողությունների հետ հիմնական հակասությունը հետևյալն է․
ա/ Միջանցքի տրամաբանությունը անտեսում է Հայաստանի շահերը, քանի որ Հայաստանին առաջարկվում է զիջել իր կենսական տարածքը՝ Մեղրին, որպես Ադրբեջանի հետ խաղաղության կամ տարածաշրջանային կոմունիկացիաների գին։
բ/ Հայաստանը իրավական հիմքեր ունի ոչ թե զիջելու, այլ պահանջելու ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի կյանքի կոչումն ու իրականացումը։
գ/ Արցախի հայությունը իրավունք ուներ և ունի պաշտպանության և ազատ ինքնորոշման իրավունքի և նույնիսկ Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի հայության ագրեսիան, էթնիկ զտումը, բռնագաղթն ու ցեղասպանությունը չեն կարող նրանից խլել այդ իրավունքները։
Ի դեպ, Հայաստանի հաշվին հրապարակ նետվող միջանցքային գաղափարները ծագում են ոչ թե խաղաղություն հաստատելու միջնորդների ձգտումից, այլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների ապօրինի ու անօրինական ու հանցագործ ծրագրերից ու հաշվարկներից։
- Տարածքների փոխանակման միջանցքային ծրագրի բովանդակությունը
Արդյոք տարօրինակ չի թվում այն փաստը, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ գոյություն չունի, գոյություն չունի Լաչինի միջանցք, որպես այդպիսին, սակայն տարածքային փոխանակման միջանցքային տրամաբանությունը շարունակվում է գործել, որպես Փոլ Գոբլի ծրագիր և Ռալֆ Պիտերսի հոդված ու քարտեզներ։ Խնդիրն այն է, որ տարածքների փոխանակման ծրագիրը, տվյալ դեպքում Մեղրին – Լաչինի փոխարեն, իր մեջ թաքցնում է ոչ թե մեկ ու պարզունակ թվացող ծրագիր, այլ երկու հեռահար ու հրեշավոր ծրագրեր, որոնք առաջին հայացքից աչքի չեն զարնում։ Դրանք են․
ա/ Տարածքների փոխանակման միջոցով իրականացնել Իրանի շրջափակումը Հայաստանի կողմից։
բ/ Միջանցքի միջոցով ապահովել Ադրբեջանի ու Թուրքիայի ցամաքային կապը և բացել Թուրանի ճանապարհը դեպի Միջին Ասիա։
Դա է եղել հիմնական պատճառը, որ Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչներ դեմ են եղել տարածքների փոխանակման տարբերակին այն պարզ պատճառով, որ.
ա/ Մեղրին Հայաստանի արևելք-արևմուտք տրանսպորտային ողնաշարն է։
բ/ Մեղրու զիջումը մահացու հարված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքին, որպես քաղաքակրթական հաղորդակցողի ու խաչմերուկի, միաժամանակ զրկելով շրջափակման մեջ գտնվող Հայաստանը Իրանով դեպի արտաքին աշխարհ դուրս գալու այս պահին եզակի հնարավորությունից։
5. Միջանցքային տրամաբանության ծագումը
Հավաքական Արևմուտքում է ձևավորվել միջանցքային այն տրամաբանությունը, թե Ադրբեջանի համար պետք է ապահովել ուղիղ կապ Թուրքիայի և Նախիջևանի միջև, ինչն ամրապնդում է թուրքական աշխարհաքաղաքական տրանսպորտային միջանցքը։ Դրա մասին է Փոլ Գոբլի ծրագիրը (1991 թ․) ու Ռալֆ Պիտերսի հոդվածն ու քարտեզը (2006 թ․)։ Սա այսօր մաս է կազմում Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ քաշած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» գաղափարին։ Եվ Հայաստանը, լինելով շրջափակման մեջ, միշտ ընկալվել է, որպես «փոքր զոհաբերվող օղակ»։ Զուգահեռ, բնականաբար, զոհաբերվել են
- և՛ հայ ժողովրդի ապրելու, զարգանալու ու ապագա ունենալու իրավունքը,
- և՛ հայ ժողովրդի ու Հայաստանի անվտանգության հարցը,
- և՛ հայ ժողովրդին տրված իրավունքների կյանքի կոչման ու իրականացման խնդիրները։
Ի դեպ, Պանթուրքիզմի ծրագրային դրույթները պարունակող առաջին գրքերը հրատարակվել են՝ 1873-1874 թթ․ Անգլիայում, 1877 թ.՝ Գերմանիայում, 1889 թ․՝ Ֆրանսիայում։ Այդ գրքերի հեղինակները թուրքեր չեն, եվրոպացիներ են։ Իսկ ըստ լիբանանահայ իրավաբան, հրապարակախոս, մտավորական Գասպար Տերտերյանի ուսումնասիրություների, այդ գրքերի հեղինակները սիոնիստ հրեաներ են։ Ըստ էության, եթե Թուրանն անցնի Հայաստանով, եթե իհարկե անցնի, ապա Հավաքական Արևմուտքի հիմնական խաղացողները կարող են նշել իրենց Պյուռոսյան հաղթանակը։ Այլ հարց է, թե Անգլիայի ու ԱՄՆ-ի, Եվրամիության ու Իսրայելի, Ֆրանսիայի ու Գերմանիայի, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի ձեռքին ի՞նչ նոր խաղաքարտեր կհայտնվեն այդ ժամանակ, ի՞նչ որակի, ինչպե՞ս կդասավորվի այդ նոր խաղը նոր իրողությունների պայմաններում, և թե նրանցից ո՞վ կշահի և ո՞վ կկորցնի ընդհանրապես, միգուցե երկար ժամանակով, միգուցե և ընդմիշտ։ Ակնհայտ է, որ շահողը վերը թվարկված պետություններից միայն մեկն է լինելու։ Նոր ժամանակների վերլուծաբանների խնդիրն է պատասխանել այն հարցին, թե ո՞րն է լինելու այդ պետությունը, որը դառնալու է աշխարհում նախադեպը չունեցող գերտերություն։ Մյուսների համար, բնականաբար, սկսվելու է անկումի երկարատև, դաժան ու ցավոտ շրջափուլը։ Մենք կարող ենք հուշել․ հարյուրամյակներ ի վեր Թուրանին աջակցող պետությունը: Կրկնենք, եթե, իհարկե, Թուրանն անցնի Հայաստանով։
6. Արցախի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) տարածքի ու սահմանների մասին
1920 թվականի ապրիլի 28-ին և դեկտեմբերի 2-ին բոլշևիկյան կարմիր բանակի ներխուժման հետևանքով համապատասխանաբար խորհրդայնացվեցին Ադրբեջանն ու Հայաստանը։
Նույն թվականին «Վիճելի տարածքների» նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության հայտարարության և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921 թվականի հունիսին Հայաստանն Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայտարարեց իր անբաժանելի մասը։ Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ բոլշևիկյան Ռուսաստանը, և այն ամրագրվեց Ազգերի լիգայի ժողովի 1920 թվականի դեկտեմբերի 18-ի բանաձևում, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախարարության իշխանության բարձրագույն մարմնին Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-1921 թվականների տարեկան զեկույցում։
Սակայն, 1921 թվականի հուլիսի 5-ին, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոն, անտեսելով իր կայացրած նախկին որոշումը, Իոսիֆ Ստալինի անմիջական ճնշման ներքո և արարողակարգային խախտումներով, որոշեց բռնի ուժով անջատել Արցախը Հայաստանից և ստեղծել ինքնավարություն Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Այսպիսով, վիճելի ճանաչված տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։
1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ արհեստականորեն կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը։ Վերջինիս ստեղծման նպատակը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումն էր։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և Արցախին պատկանող տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։
Ամփոփիչ խոսք
Միտումնավոր կերպով Արցախյան հակամարտության արդարացի կարգավորումը ձգձգելուց հետ, որոշում կայացվեց Արցախի դեմ ուղղված վճռական գործողությունն ու ագրեսիան իրականացնել 2018 թ․ հետո, Հայաստանում իրականացված իշխանափոխությունից և աշխարհում Քովիդի համավարակի տարածումից հետո։
Որովհետև Հայաստանում իշխանության բերվեցին մարդիկ ու խմբեր, որոնք աջակցելու էին Գոբլի ծրագրի իրականացմանը Արցախը հայաթափելու ու Մեղրու միջանցքը հանձնելու միջոցով։ 2020 թ․ սեպտեմբերին՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան կոալիցիան, Իսրայելի աջակցությամբ, և ավելի մեծ կոալիցիայի թողտվությամբ, 44-օրյա ագրեսիա ու պատերազմ ձեռնարկեց Արցախի դեմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությամբ։
Այնուհետ մնում էր հասցնել վերջին հարվածը։
Միջազգային հանրություն և Մինսկի խմբի անդամ պետությունների․․․ լռության ու ամենաթողության ու աջակցության պայմաններում, Ադրբեջանի կողմից իրականացվեց Արցախի իննամսյա անօրինական ու ամբողջական շրջափակումը, Արցախի հայության սովամահությունը, որից հետո՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Հայկական Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, ցեղասպանությունը ու Արցախի հայաթափումը։
Սա Արցախյան հակամարտության (Ղարաբաղյան հակամարտություն) երկրորդ փուլի ավարտն է (1988-2023 թթ.), նկատի առնելով այն փաստը, որ առաջին փուլում իրադարձությունները տեղի են ունեցել 1918-1921 թվականներին։
Նշենք, որ մարդկայնության դեմ իրականացված պատերազմական ու ցեղասպան գործողությունների նկատմամբ ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում, ըստ «Պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի, ընդունված 26-ը նոյեմբերի 1968 թ.։
Այստեղ կրկնենք, այն ինչ ասել ենք տարբեր առիթներով, որ հայ ժողովրդի ու Հայաստանի պետականության խնդիրը և՛ երեկ, և՛ այսօր մեկն է․ «Համազգային պաշտպանություն և հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանություն»։
Հայ քաղաքական դասն ու քաղաքական միտքը, համայն հայ ժողովուրդը Արցախյան հակամարտության երրորդ փուլ մուտք կգործեն պատմության ու դիվանագիտության, իրավունքի ու օրինականության բոլոր դառը դասերը սերտած, սակայն նոր մտածողությամբ, նոր ոգով ու նոր ուժով ու շատ շուտով։
Եվ վերջնական ու արդարացի կարգավորումն ու հաղթանակը հայ ժողովրդինը կլինի։
Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետություն) Վարչապետ
12 սեպտեմբեր 2025 թ․