Ոչ մի հայ երբեք չի ների հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը, քանի որ դա խաթարել է մեր կեցությունն ու ապրելու իրավունքը: Դա խոր և անջնջելի հետք է թողել մեր հոգու մեջ: Դժնի եղեռնի ժամանակ հայերը հզոր պատերազմ են մղել անարգ թշնամու դեմ՝ ինքնասիրության և արժանապատվության դասեր տալով: Մենք հավերժության ճամփորդն ենք, և մեզ մահ չկա:
Մենք վճռական պահանջատեր ենք՝ ոչ միայն հիշում ենք սպանդը, այլև պահանջում ենք մեր տարածքներն ու կրած նյութական վնասների հատուցումը: Եվ դա անպայման լինելու է: Դրա լավագույն ապացույցը Արցախյան հաղթամարտն էր, ուր հայերս փառավոր հաղթանակ տարանք և ազատագրեցինք պատմական մեր հայրենիքի մի մասը: Մենք այժմ համախմբված ենք առավել, քան երբևէ:
Հայի տեսակը մշտապես եղել է ոչ միայն իր հայրենիքի, այլև մարդկության պաշտպանն ու սատարողը: Դա դրսևորվել է պատմության քառուղիներում և ժամանակի փոթորիկներում: Մենք դատապարտված ենք վերատիրել մեր հայրենիքին՝ Արևմտյան Հայաստանին ու Կիլիկյան Հայաստանին: Դա է պայքարի մեր տրամաբանությունն ու պատմական իրավունքը: Արդարամիտ մարդկությունը մեզանից սպասում է հստակ և նպատակասլաց քայլեր առաջընթացի, դրական տեղաշարժերի և արդարության վերականգնման ուղղությամբ: Ցեղասպանության դժնդակ տարիներին լուսավոր և մարդասեր հոգիները մեզ պաշտպանեցին ու զորավիգ եղան: Մարդկային խիղճը դեռևս արթուն է:
Հայերս լույսի կրողն ենք և տիեզերական օրենքների ու քաղաքակրթության պահապանը, որը մեր առաքելությունն է: Մենք մերժում ենք եղեռնը, և մեր հոգին վառվում է քաղաքակրթական վրեժի հրով: Հատուցումը լինելու է և հաղթանակը մերն է լինելու: Արարչական մեր ուժը միշտ էլ հզոր է եղել և մենք երբեք էլ չենք երկնչել խորշակների առաջ: Ժամանակն աշխատում է մեր օգտին:
Մենք ցեղասպանության բացասական էներգետիկան վերածելու ենք դրական և ստեղծարար էներգետիկայի, որը վերափոխելու է աշխարհը բարության, արդարության և ազնվության սկզբունքներով: Նաև լիցքավորված ենք հայրենապաշտության, տիեզերասիրության և մարդասիրության հզորագույն լիցքերով, որն անխուսափելի հաղթանակի գրավականն է: Անմեղ զոհերը հրամայում են՝ վերժ լուծել և հաղթել:
Ռուբեն Նահատակյան, 17.04.2020թ.